ՀՀԿ-ն «քցեց» «Ելք»-ին

ՀՀԿ-ն «քցեց» «Ելք»-ին
Երեւանի քաղաքապետարանի ավագանին երեկ ձայների 34 կողմ, 15 դեմ եւ 1 ձեռնպահ հարաբերակցությամբ որոշեց Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը նշանակել հուլիսի 16-ին։ Այդ օրվան դեմ էին «Ելք» եւ «Երկիր ծիրանի» խմբակցությունները, «Ելք»-ի ղեկավար Դավիթ Խաժակյանն առաջարկեց արտահերթ ընտրության օր նշանակել օգոստոսի 8-ը, ինչը չընդունվեց։



Մի քանի սցենար․ Դավիթ Խաժակյանը նշում է՝ կա 2 սցենար, եւ իրենք պատրաստ են այդ սցենարներին։ Դրանցից մեկն այն է, որ ամենակարճ ժամկետում ավագանին լուծարվի, եւ անցկացվեն ավագանու արտահերթ ընտրություններ: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ խմբակցությունները որեւէ թեկնածու չառաջադրեն, կամ էլ առաջադրելու դեպքում թեկնածուն բավարար ձայներ չհավաքի. «Ժամկետները բավականին կարճ են։ Հետեւյալն է. մենք 30 օրվա ընթացքում որոշում ենք քաղաքապետի ընտրության օրը մեր շրջանակներում։ Եթե առաջադրում չի լինում, դրանից մոտավորապես 44 օրվա ընթացքում նշանակվում են արտահերթ ընտրություններ։ Այսօր հուլիսի 12-ն է, եթե այդ ժամանակահատվածը կարճ է ստացվում, ապա այդ ընտրություններն ընկնում են օգոստոս ամսին։ Օգոստոս ամիսը ոչ միայն անբարենպաստ է քարոզարշավի համար, այլեւ ընտրական գործընթացը կազմակերպելու տեսանկյունից չափազանց բարդ։ Այս մասին իմացել է թե՛ պարոն Արեյանը, թե՛ Տարոն Մարգարյանը։ Եվ ինչպիսի որոշում է կայացվել, քննարկումը եղել է հետեւյալը՝ առաջարկել մեր ունեցած հնարավորությամբ մաքսիմալ ժամկետ, այսինքն՝ հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց, ընտրել 30 օր եւ քվեարկության օրը դնել օգոստսի 8-ին, դրանից հետո կառավարությունը կկարողանար ժամկետը կրճատել եւ ավագանու ընտրություն նշանակել 44 օրվա ընթացքում։ Ընտրությունը կընկներ մոտավորապես սեպտեմբերի 16-ին կամ սեպտեմբեր ամսվա վերջին կիրակի օրը։ Հասկանալի է, որ ե՛ւ քարոզարշավը կընկներ սեպտեմբերի մեջ, ե՛ւ հնարավոր կլիներ ընտրական գործընթացը կազմակերպել։ Օգոստոս ամսին այն ենթակառուցվածքները, որոնք պետք է աշխատեն ընտրությունների կազմակերպման համար՝ ե՛ւ հանձնաժողովի անդամներ, ե՛ւ տպագրություն, հազար ու մի կազմակերպական հարց չափազանց դժվար կլինի իրականացնել օգոստոս ամսին։ Թվում է, թե խնդիրը վտանգի տակ դնելն է ընտրության կազմակերպումը, ոչ, ընտրությունը կազմակերպվելու է օրենքով սահմանված կարգով, եւ տեխնիկական խնդիրների պատճառով օրենքը չի կարող տուժել»։



Խմբակցության ղեկավարի խոսքով՝ հուլիսի 16-ին նշանակել քաղաքապետի արտահերթ ընտրություն, դա մեծ վնաս է թե՛ երկրին, թե՛ Երեւանին․ «Ամենամեծ վնասը հետեւյալն է․ ընտրությունների կազմակերպման այդ խոչընդոտները հաղթահարելու համար, ընտրությունն արտահերթ է լինելու, եւ կառավարությունը լրացուցիչ բյուջե պետք է հատկացնի, բայց որ ամենավատն է, օգոստոս ամսվա այս խոչընդոտները, որոնք ստեղծվում են հուլիսի 16-ին, հաղթահարվելու են պետության կողմից՝ լրացուցիչ եւ մեծ գումարների հատկացմամբ, որովհետեւ կրկին ասացի՝ տպարաններ, հանձնաժողովներ, մնացած բոլոր ենթակառուցվածքները։ Էս սաբոտաժը, որը կազմակերպվել է մարդկանց կողմից, ովքեր որոշել են հուլիսի 16-ը, դա սաբոտաժ չէ «Ելք» դաշինքի կամ կառավարության դեմ, դա սաբոտաժ է պետության դեմ»։



Երեւանի քաղաքապետի պարտականությունները ժամանակավոր ստանձնած Կամո Արեյանը պարզաբանեց՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի համաձայն՝ արտահերթ ընտրություններ անցկացվում են մեկամսյա ժամկետում․ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման օրենքի 46-րդ հոդվածի, նորից հիշեցնում եմ, քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո եռօրյա ժամկետում հրավիրվում է օրենքի ուժով ավագանու նիստ, որում որոշվելու է քաղաքապետի արտահերթ ընտրության օրը, ընդ որում՝ քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո արտահերթ ընտրություններն անցկացվում են ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում։ Օրենսդիրն ամրագրել է՝ ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետ, ոչ ուշ մեկամսյա ժամկետը կարող է լինել վաղը, վեցերորդ օրը, տասներորդ, տասնհինգերորդ, քսաներորդ օրը եւ, վերջապես՝ մեկամսյա ժամկետի վերջին օրը։ Օրենքի նման ձեւակերպումը չի անցել ենթադրությունների սկզբունքով, այլ անցել է այն ողջամտությամբ եւ տրամաբանությամբ, որ եթե օրենսդիրը տվել է մեկամսյա ժամկետ, ապա այդ մեկամսյա ժամկետում ենթադրվում էր, որ տեխնիկական միջոցները պետք է լինեին պատրաստ»։



Հայտնի է միայն Փոստանջյանի անունը․ Քաղաքապետարանի 3 խմբակցություններից միայն «Երկիր ծիրանին» է որոշել հուլիսի 16-ին առաջադրել քաղաքապետի իր թեկնածուին՝ Զարուհի Փոստանջյանին։ Նրա թեկնածությունն առաջադրելու մասին հայտարարեց խմբակցության քարտուղար Մարինա Խաչատրյանը՝ հակիրճ նկարագրելով այն սերը, որը Փոստանջյանը տածում է Երեւանի նկատմամբ․ «Դեռեւս մեկ տարի առաջ «Երկիր ծիրանի» խմբակցությունը մտավ Երեւանի քաղաքապետարան՝ հայտարարելով, որ մաքրելու է կեղտից ինչպես Երեւան քաղաքը, այնպես էլ քաղաքապետարանը։ Այն ժամանակ որոշ մարդիկ ավագանու նիստերը համարում էին ուրախ, իսկ Երեւանի գարշահոտը վերագրում էին սեխին ու ձմերուկին։ «Երկիր ծիրանի» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է, ով ազնիվ է, արդար, անկաշառ եւ մինչեւ հոգու խորքը ե՛ւ կրքոտ սիրում է Երեւանը, ե՛ւ մեր ծովից ծով Հայաստանը»։



«Ելք»-ը դեռ չի որոշել՝ առաջադրելո՞ւ է թեկնածու հուլիսի 16-ին, թե՞ ոչ։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Սերգեյ Մկրտչյանն էլ տեղեկացրեց՝ որոշում չունեն այս պահին։



**Աննա ՊԱՊԻԿՅԱՆ**