ԲՀԿ-ն առաջարկում է փակ ցուցակներում մարզերից պարտադիր թեկնածուներ ընդգրկել

ԲՀԿ-ն առաջարկում է փակ ցուցակներում մարզերից պարտադիր թեկնածուներ ընդգրկել
Ազգային ժողովում շարունակվում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումների համար ստեղծված աշխատանքային խմբի քննարկումները։ Այսօր իրենց առաջարկներն է ներկայացնում ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունը։ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ իրենք առաջարկում ենք ԱԺ հաջորդ ընտրություններն անցկացնել պարզ համամասնական ընտրակարգով՝ փակ ցուցակով, որը կբխի պետության ու քաղաքացու շահերից և կնպաստի կուսակցությունների զարգացմանը։



Առաջարկում են Ընտրական օրենսգրքով սահմանել հետևյալ դրույթները՝ ցուցակի առաջին մասում, առաջին համարից սկսած՝ յուրաքանչյուր վեցնյակում ընդգրկել մարզերից մեկական թեկնածու։ Իսկ թեկնածուները անցնում են խորհրդարան ըստ մարզի բնակչության մեծության։



Այստեղ ՀՀԿ-ից Վիգեն Սարգսյանը նկատեց․ «Ստացվում է ՝ բոլոր կուսակցությունների ցուցակում ամենախոշոր մարզերն անցնում են, փոքրերը մնում են, ու փոքր մարզերից պատգամավոր չի լինում»։ ՀՅԴ-ից Սպարտակ Սեյրանյանն էլ նկատեց, որ մարզերից պատգամավոներին քվոտավորմամբ ներգրավելը մի տեսակ արհեստական մոտեցում է։ Նրա խոսքով՝ իրենք այս պարտադիր քվոտավորմամբ քաղաքական ուժերին մտցնում են արհեստական պարտադրանքի մեջ։ Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ սա իրենց առաջարկն է, և եթե քննարկման եզր կա, կարող են քննարկել ու հասկանալ՝ որքանով է ընդունելի այս մոդելը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**