Ռուսական օրագիր. «Մունիդալ 2018»

Ռուսական օրագիր. «Մունիդալ 2018»
Ռուսաստանում անցկացվող ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային մրցափուլի երկրորդ տուրը մեզ մի քանի հրաշալի ակնթարթներ պարգեւեց: Հավաքականների միջեւ մրցապայքարի լարվածությունը գնալով հասնում է գագաթնակետին, լրջորեն սայթաքողները, թերեւս, հավաքում են ճամպրուկներն ու արտահերթ թռիչքով վերադառնում տուն: Այս պահի դրությամբ քիչ չեն նաեւ այն հավաքականները, որոնք դուրս մնալու շեմին են, սակայն հաջորդ փուլ դուրս գալու աննշան շանսեր դեռեւս ունեն:



Երկրորդ տուրում իր կազմով այս առաջնության թերեւս ամենատաղանդավոր ընտրանին՝ Բելգիան, ցույց տվեց, որ այս անգամ ավելի քան լուրջ նպատակներով է ժամանել Ռուսաստան: Չորս տարի առաջ բելգիացիների խաղում փորձառության, հասունության զգալի պակաս էր զգացվում, իսկ այժմ մենք տեսնում ենք չափահաս, հմուտ ու խելացի մի հավաքական, որ կարողանում է հստակորեն լուծել իր առջեւ դրված խնդիրը: Բելգիայի՝ Թունիսի հավաքականի նկատմամբ 5։2 ջախջախիչ հաշվով տարած հաղթանակը եւ արդեն իսկ երկրորդ տուրում փլեյ-օֆֆին մասնակցելու իրավունք ստանալը վառ օրինակ են: Եվ, իհարկե, Բելգիան ահեղ մրցակից է լինելու բոլոր հավաքականների համար՝ առանց բացառությունների:



Երկրորդ տուրում աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան բավականին դժվարությամբ կարողացավ ծնկի բերել Շվեդիայի ամրակուռ ընտրանուն: Ակներեւ է, որ գերմանացիները լուրջ խնդիրներ ունեն, խաղադաշտում նրանց գործողություններն անհամաչափ են, առաջին հայացքից թվում է, թե այս հավաքականի մոտ ամեն ինչ ստացվում է, կան վարպետներ, կա պայքարելու ցանկություն, ստեղծվում են գոլային պահեր, սակայն ինչ-որ կարեւոր ու վերջնական մի բան իրոք որ պակասում է: Այդուհանդերձ, մենք շատ անգամներ ենք տեսել, թե ինչպես է դժգույն, անհետաքրքիր խաղով աչքի ընկած Գերմանիան հանկարծ հայտնվել եզրափակչում:



Ինչ-որ առումով անակնկալ մատուցեց Շվեյցարիայի ընտրանին: Սերբիայի դեմ խաղում պարտվելով 1։0 հաշվով՝ նրանց ոչ միայն հաջողվեց հավասարեցնել հաշիվը, այլեւ հաղթական գոլ խփել՝ ամբողջապես պահպանելով հաջորդ փուլ դուրս գալու լավ հնարավորություններ: Դե իսկ Սերբիա-Բրազիլիա մրցամարտը խոստանում է իսկական թրիլեր լինել, սերբերն այլընտրանք չունեն, քան հաղթել ֆուտբոլային կախարդներին՝ հավիտյանս արժանանալով մի ողջ երկրի անեծքին:



Անընդմեջ երկրորդ անգամ պարտվելով՝ «Մունդիալ 2018»-ին հրաժեշտ տվեց Լեհաստանի հավաքականը: «Մեղավորը» Կոլումբիայի սքանչելի ընտրանին էր, որ Լեհաստանից քարը քարին չթողեց՝ երեք գնդակ ուղարկելով Վոյցեխ Շչեսնիի պաշտպանած դարպասը: Իսկապես՝ կոլումբիացիների խաղը գերագույն հաճույք պարգեւեց, կարծում եմ՝ գեղեցիկ ֆուտբոլի բոլոր երկրպագուներին:



Ահա, ժամեր անց կմեկնարկի խմբային մրցափուլի երրորդ՝ վերջին տուրը, ինչպես ասում են՝ սկսվում է կենաց-մահու կռիվը: Այս փուլի համար չափազանց բարդ է որեւէ կոնկրետ ու ճշգրիտ կանխատեսում անելը, անկասկած, փլեյ-օֆֆ դուրս գալու անգամ չնչին շանս ունեցող հավաքականներն անելու են անհնարինը, որպեսզի ուրախացնեն իրենց երկրպագուներին:



**Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ**