Հանդիպման ֆավորիտ է համարվում «Պարտիզանը»

Հանդիպման  ֆավորիտ է համարվում «Պարտիզանը»

Այսօր, ուշ երեկոյան, Գյումրիի «Շիրակը» Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի շրջանակներում կհյուրընկալվի Բելգրադի «Պարտիզանին»։ Հիշեցնենք, որ այս ակումբների միջեւ կայացած առաջին խաղում գրանցվեց ոչ-ոքի` 1։1 արդյունք, ընդ որում «Պարտիզանին» միայն հանդիպման վերջին վայրկյաններին հաջողվեց խուսափել պարտությունից։ Ամեն դեպքում, առաջին խաղի այսպիսի արդյունքը, իհարկե, առավել նպաստավոր է այժմյան  տանտերերի՝ «Պարտիզանի»  համար։ Ինչպես եւ առաջին խաղում, այժմ նույնպես հանդիպման բացարձակ ֆավորիտ է համարվում սերբական ակումբը, թեե,ւ ըստ իս, բուքմեյքերների եւ մասնագետների կողմից բավական  չափազանցված են սերբիական ակումբի հնարավորությունները։ Ըստ վերջիններիս կարծիքի եւ կանխատեսումների՝  «Պարտիզանը» խոշոր հաշվով  պիտի ջախջախի «Շիրակին», թեեւ անհասկանալի է՝ ինչի հաշվին։ Դատելով առաջին խաղից, որն անցկացվում էր Հայաստանում, «Պարտիզանը» չուներ շոշափելի առավելություն խաղադաշտի ոչ մի հատվածում՝ կաղում էր եւ պաշտպանությունը, եւ կենտրոնը, իսկ հզոր հարձակման գծի մասին խոսելն անգամ ավելորդ է այս ակումբի պարագայում։ 



Իհարկե, Բելգրադի «Պարտիզանը» բավական հանրաճանաչ եւ անվանի ակումբ է, եւ Սերբիայի առաջնությունն էլ զգալիորեն գերազանցում է Հայաստանի առաջնությանը, եւ, հավանաբար, հիմնականում այս երկու հանգամանքներն են մասնագետներին հանգեցրել նման եզրահանգումների, սակայն կարծում եմ՝ գյումրեցիներն այս հանգամանքից կաշկանդվելու առիթ չունեն. մրցակիցը քիչ թե շատ արդեն ծանոթ է եւ բնավ ոչ սարսափելի, ու կարելի է առնվազն պատվով դուրս գալ այս փորձությունից։ Համենայնդեպս,  եթե անգամ «Շիրակը» խոշոր հաշվով պարտություն կրի, դա չի կարելի պայմանավորել սերբական ակումբի հզորությամբ, քանզի այսօրվա  «Պարտիզանն» առավել քան խոցելի է։ Պակաս կարեւոր չէ մեկ այլ հանգամանք եւս. այն, որ «Շիրակն» այս մրցավեճում եւ ինչու չէ նաեւ մրցաշարում շատ ավելի քիչ կորցնելու բան ունի, քան իր մրցակիցը, մի հանգամանք, որը կարող է նույնիսկ վճռորոշ դեր կատարել այս դիմակայությունում, եթե, իհարկե, նորից չստացվի այնպես, որ «Շիրակի» լեգիոներները, միանգամայն անպաշտպան դարպասի առջեւ հայտնվելով,  «հաջողացնեն» վրիպել, ինչին ականատես եղանք առաջին խաղում։   



 



Կարեն ՍԻՄՈՆՅԱՆ