Կտեսնե՞նք Օզբիլիսին «Սպարտակում»

Կտեսնե՞նք Օզբիլիսին «Սպարտակում»

Կրասնոդարի «Կուբանի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը մոտ ժամանակում կփոխի իր ակումբային գրանցումը: Հայ ֆուտբոլիստով լրջորեն հետաքրքրված է մոսկովյան «Սպարտակը»: Ռուսական Сегодня կայքի փոխանցմամբ, տրանսֆերի գումարը կկազմի մոտ 6,5 մլն եվրո:



Սպասվում է, որ կողմերը շուտով կհստակեցնեն պայմանները և հուլիսի 25-ին 23-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր կստորագրի կարմրա-սպիտակների հետ: Արազը Ռուսաստանի նոր մեկնարկած առաջնության երկու խաղերում արդեն հասցրել է երկու գոլի հեղինակ դառնալ:



Միևնույն ժամանակ «Կուբանի» տնօրենների խորհրդի նախագահ Սուրեն Մկրտչյանը չկարողացավ հաստատել, սակայն ոչ էլ հերքեց Օզբիլիսի հնարավոր հեռանալը: «Սպարտակ»  տեղափոխվելու մասին ինձ ոչինչ հայտնի չէ: Տարբեր ակումբների կողմից հետաքրքրություն կա նրա հանդեպ, քանի որ «Կուբանի» կազմում նա իրեն շատ վառ  է դրսևորում: Սակայն «Կուբանի» ղեկավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի նա չլքի թիմը: Ինձ հայտնի չեն նաև նրա` «Կուբանից» հեռանալու վերաբերյալ տեղեկություններ: Ես այն կարծիքին եմ, որ տվյալ թիմում մոտիվացումները կորցրած ֆուտբոլիստը այդկերպ վառ չի խաղա: Ոչ ոքի զոռով թիմում չենք պահի», - ասել է Մկրտչյանը:



Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ ոչ մի խոհեմ ակումբ բացարձակ երաշխիքներ չի տա կապված այն բանի հետ, թե տվյալ ֆուտբոլիստը հաստատ կմնա իր կազմում: «Այսօրվա դրությամբ Օզբիլիսը մեզ համար կարևոր խաղացող է, այդ իսկ պատճառով էլ մենք ցանկանում ենք, որ նա մնա թիմում», - ասել է Մկրտչյանը: