Դիմավորեցին Եվրոպայի չեմպիոն Լևոն Աղասյանին

Դիմավորեցին Եվրոպայի չեմպիոն Լևոն Աղասյանին

Այսօր «Զվարթնոց» օդանավակայանում տեղի ունեցավ Իտալական Ռիետե քաղաքում տեղի ունեցած աթլետիկայի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հեռացատկի մրցումներում ոսկե մեդալ նվաճած Լևոն Աղասյանի դիմավորման արարողությունը: Օդանավակայան էին եկել Աղասյանի ծնողները և  հարազատները,  Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ներկայացուցիչները փոխնախարար Նազարեթ Մնացականյանի գլխավորությամբ, բազմաթիվ մարզիկներ և մարզասերներ: Նազարեթ Մնացականյանը պատվո պսակը հանձնելով Աղասյանին ասաց, որ նվաճված ոսկին առանձնահատուկ է նաև նրանով, որ  անկախ Հայաստանի պատմության մեջ այն առաջինն է, ինչը  հպարտություն և ոգևորություն է առաջացնում  յուրաքանչյուր մարզասերի, հայ մարդու մոտ: "Համոզված եմ, որ Լևոնը չի բավարարվի ձեռք բերածով, և մենք առաջիկայում առիթ կունենանք նշելու նրա ավելի մեծ հաջողությունները, իսկ պետությունն էլ հանձինս Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պատրաստ է ամեն կերպ աջակցել նրան նորանոր հաղթանակների հասնելու գործում",-հայտարարեց Նազարեթ Մնացականյանը: