Դրախտիկի դպրոցի զուգարանը բացօթյա է

Դրախտիկի դպրոցի զուգարանը բացօթյա է
Տևական ժամանակ է, ինչ կամավորների մի խումբ Awesome Foundation Yerevan և Green Lane NGO աջակցությամբ Գեղարքունիքի մարզի Դրախտիկ համայնքում արտասովոր ծրագիր են իրականացնում։ Խմբի նպատակը գյուղը անվանը համահունչ դարձնելն է: Նախագիծը շահույթ չի հետապնդում, այլ հետանդում է համայնքի բնակիչներին շահույթ ապահովելու գաղափարը: «Մեր ցանկությունը մեկն է, որ Դրախտիկը դառնա դրախտ, երազանքների գյուղ, համայնքում զարգանա էկոտուրիզմը: Դրախտիկը Սևանի ափից հեռու չէ, եւ բոլոր առումներով, թե մաքուր օդը, թե բնությունը նպաստավոր են գյուղը զարգացնելու համար: Նպատակն է երեխաներին մանկուց սովորեցնել սիրել հողը, գյուղը, դպրոցն ու տունը, որպեսզի դպրոցն ավարտելուց հետո նրանք չերազեն գնալ քաղաք, այլ քաղաքը գյուղ բերեն »,-նշեցին կամավորները: Այսօր Դրախտիկը 1000-ից ավել բնակչություն ունի, գյուղի դպրոցում սովորում է մոտ 170 երեխա: Որքան է եղել կամավորների զարմանքը, երբ ծառատունկի ծրագրով դպրոց են մտել եւ հանկարծ հայտնաբերել, որ դպրոցի՝ դրսում գտնվող կիսավեր զուգարանն անգամ տանիք չունի:



«Տղաների մուտքը հակառակ կողմից է: Դպրոցի ներսում եղել է զուգարան, բայց չի աշխատում: Տանիք էլ չունի: Բախտներս բերել է, որ այդտեղ դրոններով նկարահանումներ չեն լինում: Խնդրում եմ օգնեք մեզ գտնել համապատասխան կազմակերպություն, ով կօգնի մեզ այս հարցում։ Եւ իհարկե, կրթության նախարարությանն ենք խնդրում, իրենց իրավասության ներքո հարցը կարգավորել, ի վերջո շուրջ 170 երեխա է դպրոցում սովորում»,-ասաց Green Lane NGO –ի ներկայացուցիչ Ստելլա Սարուխանյանը:



Խնդիրը մտահոգում է ծնողներին, ուսուցչական անձնակազմին, բայց ինչպես նրանցից մեկն ասաց, անիմաստ աղմկելուց հոգնել են: Դպրոցի աշակերտների համար երազանք է քաղաքակիրթ զուգարան ունենալը, իսկ մանկահասակների համար՝ խաղահրապարակը: Դրախտիկցիների հույսը համայնքների խոշորացումն էր, բայց դա էլ բան չփոխեց: Նշենք, որ համայնքների միավորման արդյունքում Դրախտիկը միացավ Աղբերք, Շորժա, Արտանիշ, Ծափաթաղ և Ջիլ գյուղական համայնքներին, իսկ կենտրոնը համարվեց Շողակաթը (Շորժա): Զրուցեցինք Շողակաթի համայնքապետ Սուլիկո Շուշանյանի հետ: «Ողբալի վիճակ է էդ դպրոցում, ես եմ այդ խնդիրը առաջինը բարձրացրել, երբ հունվար ամսին գնացի, տեսա վիճակը: Բա էդ 16-17 տարեկան աղջիկները մեղք չեն, էգուց հազար ցավ, չբերություն են ձեռք բերելու, բա ամոթ չի, ո՞ր թիվն է»,- hraparak.am-ի հետ զրույցում ասաց համայնքապետը՝ նշելով, որ բազմիցս դիմել է տարածքային կառավարման նախարարին, մարզպետարանին:



«Հենց իմ կաբինետում Դավիթ Լոքյանի հետ քննարկում եղավ, մարզպետարանի ֆինբաժնի աշխատակցին ասաց, որ բոլոր համայնքներից արված տնտեսումները հավաքեն, բերեն,դպրոցի զուգարանի հարցը լուծեն, բայց դե…., ճառ ասողները շատ են, զանգ կախողները չկան»,-ավելացրեց Սուլիկո Շուշանյանը: Մեր հարցին, թե նոր կառավարությունը տեղեկացված է, ասաց. «Նոր մարպետը դեռ չի շրջել համայնքներով, երբ գա, հանդիպում անցկացնենք, առաջինը տանելու եմ Դրախտիկ: Ոչ միայն դպրոցի զուգարանի հարցն է լուրջ, այլև մարզադահլիճ էլ չունեն, ցրտին դրսում են երեխաները մարզվում»,-դժգոհեց համայնքապետը:



_Լուսանկարում դպրոցի զուգարանն է_



**Արևիկ Հակոբյան**