Տեսել եմ, թե ինչպես են բուհի աշխատողներից անմիջապես գնում Հանրապետականի շտաբ. ՇՊՀ նախկին ռեկտորը ծածո՞ւկ է գործում

Տեսել եմ, թե ինչպես են բուհի աշխատողներից անմիջապես գնում Հանրապետականի շտաբ. ՇՊՀ նախկին ռեկտորը ծածո՞ւկ է գործում
Թեև Շիրակի Պետական Համալսարանի Հանրապետական ռեկտոր Սահակ Մինասյանը մեկ շաբաթից ավել է՝ հրաժարական է տվել, այնուամենայնիվ համալսարանում դեռ անկայուն եւ լարված իրավիճակ է: Բանն այն է, որ բուհի ուսանողների խոսքերով, նա դեռ շարունակում է վերահսկել իրավիճակը, գաղտնի հանդիպումներ է անցկացնում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, իր մտերիմ Երվանդ Սերոբյանի հետ՝ ազդեցություն ունենալով համալսարանում ծավալվող գործընթացների վրա:



Ձգձգվում է նոր կառավարման խորհրդի ձևավորման հարցը: Ամենայն հավանականությամբ նախկին ռեկտորը նոր ձևավորվող խորհրդի հետ հույսեր է կապում. կազմում կընդգրկվեն նրա համախոհները, եւ առաջադրվելու դեպքում Սահակ Մինասյանին կընտրեն ռեկտոր: ՇՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Արմեն Մելքոնյանից hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ինչ է կատարվում բուհի ներսում:



«Աշխատանքից հեռացված երկու դասախոսները, որոնց հարցով կրթության նախարարը հանձնարարել էր զբաղվել ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանին, դեռ հետ չեն վերադարձել: Իմ խորին համոզմամբ նախկին ռեկտորը փորձում է մի իրավիճակ ստեղծել, որը կառավարելի կլինի իր համար: Ծանոթներից իմացել եմ, անգամ լուրը Ռուսաստան էր հասել, որ հայտարարել է, թե հետ է վերադառնալու: Նույնիսկ ինքս տեսել եմ, թե ինչպես են բուհի աշխատողներից անմիջապես գնում Հանրապետականի շտաբ:



Սահակ Մինասյանը գաղտնի ձևով, ամեն կերպ փորձում է ներազդել»,-ասաց ուսխորհրդի նախագահը՝ տեղեկացնելով, որ ընդամենը օրեր առաջ՝ մայիսի 22-ին կայացած ՈւԽ նախագահության նիստին քննարկվել է իր հրաժարականի հարցը՝ առաջ քաշելով ՈւԽ ԺՊ ընտրելու հարցը այն բացատրությամբ, որ ինքը մագիստրոսական թեզ է պաշտպանել և որպես ՈւԽ նախագահ իր ժամկետը կարելի է ավարտված համարել: Մինչդեռ մեր զրուցակիցը պնդում է, որ կանոնադրության համաձայն ինքը մինչև մայիսի 31-ը ներառյալ դեռ ուսանող է համարվում:



Արմեն Մելքոնյանը վստահեցնում է, որ իր հեռացման հարցը նպատակային է. «Ինչու՞ հենց այս օրերին ու ինչու՞ հենց այն պահին, երբ խոսվում է հոգաբարձուների խորհրդում ուսանող անդամներին ընտրելու մասին: Խորհրդի 24 անդամներից 6-ը ուսանողներ են եւ իմ նախագահության դեպքում կընտրվեն այն ուսանողները, ովքեր ակտիվ են եւ հետաքրքրված բուհում տեղի ունեցող իրադարձություններով: Մինչդեռ նախկին ռեկտորի համակիրները նրա վերադարձն ապահովելու նպատակով կամ գոնե ծայրահեղ դեպքում իրենց թիմակիցներից մեկին ռեկտոր դարձնելու հույսով ուզում են վերահսկել ուսանողներին և նախօրոք քվեներ ապահովել հոգաբարձուների խորհրդում»:



Արմեն Մելքոնյանը մեզ ներկայացրեց բուհի ՈւԽ ծախսերի վերաբերյալ փաստաթղթերը, որոնք թերի են և հակասական, քանի որ բացակայում է ամբողջական տեղեկատվություն (հաշիվ ապրանքագրերով, ֆինանսական պայմանագրերով, գնումները հաստատող փաստաթղթերով):



«Բավական լուրջ ֆինանսական փաստաթղթեր Սահակ Մինասյանը ստորագրել է տալիս Երվանդ Սերոբյանի միջոցով: Սերոբյանը միայն Սահակ Մինասյանի գալուց հետո գրանցեց թռիչքաձև առաջընթաց, նախ դարձավ դեկան, հետո պրոռեկտոր»,-ասաց ուսխորհրդի նախագահը՝ միաժամանակ ապօրինի համարելով նաև այն, որ աշխատանքից ազատված դասախոս Հ. Խորիկյանի հետ պայմանագիր չի կնքվել, քանի որ նա շարունակում է դոցենտ մնալ: «Գիտական թեզիս ղեկավարը նա էր, երբ մարտի 15-ին նրան հեռացրեցին, ապրիլին նախապաշտպանությունն էր, ինձ համոզում էին, որ ամսաթիվը փոխեմ, որպեսզի իրենց մոտ խնդիր չառաջանա»:



Արմեն Մելքոնյանի հետ զրուցելուց հետո կապ հաստատեցինք ՇՊՀ ժամանակավոր պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի հետ: Առաջին հարցը, որ նրան ուղղեցինք, աշխատանքից ազատված դասախոսներին էր վերաբերվում, քանի ԿԳ նախարարը հենց նրան էր հանձնարարել զբաղվել այդ հարցով: «Իրենց հարցը քննարկվում է դատարանում: Ինձ պետք են իրավական հիմքեր, որպեսզի որոշումներ կայացնեմ: Անձնական խնդիրներ ես հաստատ չունեմ նրանց հետ»,-ասաց նա՝ անդրադառնալով մեր հաջորդ հարցին, թե ինչու է ձգձվում կառավարման խորհրդի ձևավորման հարցը:



«Ցավոք պետական քննությունների շրջանն է, կոլեկտիվը աշխատում է, զբաղված է, բայց նախարարի հետ մենք քննարկելու ենք եւ անպայման օրենքի շրջանակում նոր կառավարման խորհուրդ ենք ձևավորելու»: Ուսխորհրդի նախագահի հրաժարականի վերաբերյալ ասաց. «Արմեն Մելքոնյանը ավարտել է 2-3 օր առաջ, իսկ ինչու են որոշել դադարեցնել լիազորությունները, կարծում եմ այստեղ նյուանս կա, պետք է իրավական տեսանկյունից վերանայվի: Ընդհանուր առմամբ ուսխորհուրդը ինքնակառավարվող մարմին է, եթե մեր երիտասարդները կարողացան հեղափոխություն անել, նոր ուսխորհուրդ էլ կկազմեն, ինչ է եղել»:



Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ հարաբերությունների մեջ է նախկին ռեկտորի հետ, հանդիպե՞լ է գաղտնի նրա հետ, թե՞ ոչ: «Ես անձնական մտերմության մեջ եմ շատերի հետ: Անձնական հարաբերությունները չի տարածվել մեր գործնականի վրա: Եղան հրապարակումներ, որտեղ ինձ մեղադրեցին, թե գաղտնի հանդիպումներ եմ ունեցել նրա հետ, բայց մայիսի 17-ից 18-ի արանքում ես նրան չեմ էլ տեսել: Չեմ բացառում, զրույցներ ունեցել ենք, բայց ոչ թաքուն»:



Մտադիր է առաջադրվել ռեկտորի թեկնածու, թե՞ ոչ, պատասխանեց. «Եթե ասեմ՝ այո կամ ոչ, այս պահին այդքան էլ ճիշտ չէ, քանի որ իրավիճակն այնքան լարված է, որ կարող է ավելի սրվել: Ես միայն պատրաստ եմ վերականգնել մեր բուհի սասանված հեղինակությունը»:



**Արևիկ Հակոբյան**