Կեղծ ընդդիմադիրների միջոցով փորձում են իրական ընդդիմության միջև պառակտում մտցնել

Կեղծ ընդդիմադիրների միջոցով փորձում են իրական ընդդիմության միջև պառակտում մտցնել

Արդեն մի քանի օր է ընդդիմադիր շրջանակների միջև ինչ-որ անհասկանալի «սև կատու» է անցել: Երկիրը ծանրագույն իրավիճակի հասցրած վարչապետին քննադատելուց զատ, ընդդիմադիրները հիմա էլ անցել են իրար մեղադրելու գործին: Քոչարյանականները ՀՀԿ-ականներին մեղադրում են իշխանությունը հեշտությամբ Նիկոլ Փաշինյանին զիջելու մեջ, իսկ ահա ՀՀԿ-ականներն էլ քոչարյանականներին մեղադրում ուրիշ այլ բազմապիսի թերացումների մեջ….ու այսպես արդեն մի քանի օր…. Մի կողմում կործանվող պետություն, անտարբեր ու անհասկանալի իշխանություններ, մյուս կողմում՝ բացահայտ պառակտված ընդդիմություն…

Համահայկական հիմնադրամի նախկին ղեկավար, քաղաքագետ Արա Վարդանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ սա տարաձայնություն է ոչ թե ընդդիմադիր խմբակցությունների ղեկավարների, կամ նախկին նախագահների միջև, այլ զուտ ինչ-որ անհասկանալի ու անտեղի պայքար է համակիրենրի միջև, որին լուրջ վերաբերվել, թերևս պետք չէ: «Ես չեմ տեսել, որ կարկառուն կուսակցականներ բացահայտ վեճի մեջ մտնեն, համակիրների մեջ կան ինչ-որ մարդիկ, որոնք զուտ իրենց կարծիքն են արտահայտում: Իհարկե, այս ամենն օգուտ չի բերում մեզ, սակայն չի էլ վնասում: Պետք չէ նման բաներին լուրջ վերաբերվել: Մենք գիտենք, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները միասին լուրջ պայքար են մղում օրվա իշխանությունների դեմ, նրանց միջև խորը հակասություններ ես չեմ տեսնում, և նորից եմ կրկնում՝ առանձին անհատների մտքերը պետք չէ վերագրել նախկին նախագահներին: Այդ ամենը չի կարող թողնել լուրջ ազդեցություն», - նշում է Արա Վարդանյանը:

Հարցին, թե գուցե նախկին նախագահներ Քաչարյանի և Սարգսյանի միջև կան որոշակի հակասություններ, քանի որ փոխադարձ մեղադրանքներ ներկայացնողները շարքային քաղաքացիներ չեն, այլ հանրային գործիչներ, որոնք ակտիվ ներգրավվածություն ունեն քաղաքական պրոցեսներում, Վարդանյանն ընդգծեց. «Խոսքը Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների մասին է: Նրանք մեր հերոսներն են, հասուն գործիչներ, որոնք միասին անցել են լուրջ ճանապարհ: Ես կասկած չունեմ, որ եթե նրանք ունենան հակասություններ, այդ հակասություններն անմիջապես կհարթեն և մակարդակը չեն իջեցնի նման մեղադրանքների: Հակասություններ միշտ էլ կարող են լինել անձերի միջև, բայց խոսքը մեր նախկին նախագահներին է վերաբերում, որոնց անցած ճանապարհը մեզ այլ բան է հուշում: Ուղղորդվածություն մի փնտրեք այս ամենի մեջ, չկա նման բան, ես ավելի քան վստահ եմ», - նշեց նա:

Մեր այն հարցին, թե այս ամենն իշխանությունների «ջրաղացին» ջուր չի՞ լցնում, Վարդանյանը նշեց. «Իշխանությունների «ջրաղացին» ջուր է լցնում առաջին հերթին այն հանգամանքը, որ դեռ իրենք կան: Միայն այն փաստը, որ դեռ սրանք իշխանություն են, դրանից ավելի վատ բան լինել չի կարող: Իշխանություններն այսօր ակնհայտորեն ինչ-որ կեղծ ընդդիմադիրների միջոցով փորձում է իրական ընդդիմության միջև պառակտում մտցնել, սակայն ապարդյուն, չի լինելու նման բան: Խոսքը հայրենիքի փրկության մասին է, ես չեմ խորանում, թե ով ինչ է գրում և ում է մեղադրում» - եզրափակեց Վարդանյանը: