Դեպի ծով ելք չունեցող Հայաստանը Արեւմուտքի եւ Մոսկայի ուշադրության կենտրոնում է The Washington Post

Դեպի ծով ելք չունեցող Հայաստանը Արեւմուտքի եւ Մոսկայի ուշադրության կենտրոնում է The Washington Post
Հայաստանի ժողովրդավարամետ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը արձակել է իր կողմնակիցներին, որպեսզի հանգստանան՝ մի քանի շաբաթ տեւած բողոքի ցույցերից հետո: Այս մասին գրում է The Washington Post պարբերականը, անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական վերջին օրերի իրադարձություններին:



Հոդվածագիր Էմմի Ֆերիս-Ռոտմանը գրում է, որ ցուցարարներն ու նրանց առաջնորդը վստահ են, որ հաղթանակը սարերի հետեւում չէ: Հոդվածում ներկայացվում է մայիսի մեկին եւ դրանից հետո Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունները, հանրային ճնշման աննախադեպ աճը իշխանությունների վրա, մասնավորապես անդրադառնալով նաեւ օդանավակայանի աշխատակիցների միանալուն համընդհանուր գործադուլին:



Հոդվածում ֆիքսված է, որ հրապարակ դուրս եկած Փաշինյանի կողմնակիցների թիվը չորեքշաբթի օրը կազմում էր 150 հազար մարդ, ինչը եւ նաեւ նպաստել է, որպեսզի իշխող կուսակցության ներկայացուցիչները որոշեն վերանայել իրենց դիրքորոշումը առաջիկայում տեղի ունենալիք վարչապետի ընտրության երկրորդ քվեարկությանն ընդառաջ: Հոդվածում կա նաեւ անդրադարձ ընդհանուր գեոպոլիտիկ մթնոլորտին:



WP-ի մեկնաբանը նշում է, որ հետսովետական փոքրիկ, աղքատ եւ դեպի ծով ելք չունեցող Հայաստանը, որը կապված է սերտորեն Մոսկվայի հետ, հայտնվել է ռուսների եւ Արեւմուտքի ուշադրության կենտրոնում, ընդգծելով, որ ի տարբերություն Վրաստանի եւ Ուկրաինայի, Հայաստանի հեղափոխությունը Մոսկվան ընկալել է բավական զուսպ: