Որտե՞ղ են ՀՀԿ-ի 156 հազար անդամները

Որտե՞ղ են ՀՀԿ-ի 156 հազար անդամները
ՀՀԿ-ն 2018-ի հունվարի 1-ի դրությամբ ունի շուրջ 156 հազար անդամ, ինչի մասին մեզ հետ զրույցում, մինչեւ Սերժ Սարգսյանի առաջադրումը վարչապետի պաշտոնում, հայտնել էր ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը: Տրամաբանական հարց կարող է առաջանալ՝ իսկ որտե՞ղ են այդ 156 հազար անդամները, եւ ինչո՞ւ, ասենք, մի 10 հազար հոգով չեն հավաքվում եւ թավշյա հեղափոխությանը չեն հակադրում իրենց կոնտր-հեղափոխությունը՝ պաշտպանելով իշխանությանը: Ընդհակառակը, ՀՀԿ անդամատոմսը պատռելու միջոցով ՀՀԿ-ից ցուցադրաբար դուրս գալու դեպքերը գնալով ավելանում են: Նման դեպքերից մեկին անդրադարձել ենք նաեւ մենք: ՀՀԿ վերնախավում կուսակցության իմիջին ուղղված այս անարգանքը ծանր ու ցավագին են տանում: Մենք փորձեցինք ճշտել, թե թավշյա հեղափոխության ընթացքում եւ դրանից հետո ՀՀԿ-ից դուրս գալու քանի դիմում է ներկայացվել: Այս հարցին կուսակցության կազմակերպչական հարցերով զբաղվողները դժվարացան պատասխանել, քանի որ դեռեւս մոնիտորինգ չեն իրականացրել: Սակայն բնական են համարում ինչպես անդամագրումները, այնպես էլ անդամությունը դադարեցնելու գործընթացը:



Հարկ է նշել, որ կուսակցության շարքերն ընդունվելու եւ կուսակցությունից դուրս գալու պրոցեսը, ըստ կանոնադրության, կատարվում է անձնական դիմումի հիման վրա եւ բավական երկար ընթացակարգ է նախատեսում: Մենք քանիցս գրել ենք, որ պետական տարբեր հիմնարկներում հատկապես համապետական ընտրություններից առաջ տեղի է ունենում աշխատակիցներին հարկադրաբար ՀՀԿ-ացնելու գործընթաց: Եթե հիշում եք, Կարեն Կարապետյանի՝ վարչապետ դառնալուց հետո «Գազպրոմ Արմենիայի» 7 հազար աշխատակից մեկ օրում դարձավ ՀՀԿ-ական: Այնպես որ, զարմանալի չէ, որ իրենց ոչ թե հոգով, այլ միայն անդամատոմսով ՀՀԿ-ական համարողներն այս օրերին ՀՀԿ-ի թասիբին կանգնելու եւ «նիկոլականներին» հակադրվելու փորձեր չեն անում: