Բազմաթիվ լուծումներ կան, սակայն Փաշինյանը կհամաձայնի՞

Բազմաթիվ լուծումներ կան, սակայն Փաշինյանը կհամաձայնի՞
Հայաստանում ծավալված թավշյա հեղափոխությունը կամաց մտնում է փակուղի։ Նիկոլ Փաշինյանն ու իշխանությունը չեն պատրաստվում մի թիզ անգամ զիջման գնալ։ Փաշինյանը պնդում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո պետք է կյանքի կոչվեն հեղափոխության ծրագրի մյուս չորս կետերը եւս՝ հեռանա ՀՀԿ-ն ամբողջ կազմով, եւ ժողովրդական շարժման ներքո ԱԺ-ն իրեն՝ «ժողովրդի թեկնածուին», ընտրի վարչապետ, որին կհաջորդեն ԱԺ արտահերթ ընտրությունները։

Մինչդեռ երեկվանից քաղաքական օրակարգ է բարձրացել վարչապետի «միասնական թեկնածու» առաջադրելու թեման, որին ՀՀԿ-ն չհամաձայնելու որեւէ պատճառ չունի։ Հակառակը, ըստ տեղեկությունների, ՀՀԿ-ն պատրաստ է սիրով վարչապետի պաշտոնը հանձնել ցանկացած միջանկյալ թեկնածուի, բայց ոչ երբեք Փաշինյանին։ Այդ միասնական թեկնածուն, որը կվայելի հանրության վստահությունը եւ ընդունելի կլինի խորհրդարանի բոլոր խմբակցությունների կողմից, զբաղեցնելով վարչապետի պաշտոնը՝ կապահովի Ընտրական օրենսգրքում փոփոխությունների իրագործումն ու արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Բոլոր այդ քայլերի վերաբերյալ հուշագիր կստորագրվի, թե ինչ ժամկետներում, որ մասնագետների միջոցով կատարել օրենսդրական փոփոխությունները, ապա խորհրդարանում կառավարության ծրագրի տապալումից հետո կգնան արտահերթ ընտրությունների։ Մեր տեղեկություններով, այս սցենարը նախօրեին քննարկվել է նաեւ Արմեն Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ընթացքում, սակայն Փաշինյանը դիմադրել է առաջարկին։

Երեկ արդեն ՀՀԿ-ի նախկին կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն այդ մասին հայտարարություն արեց․ «Մայիսի 1-ին կայանալիք ԱԺ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ, համախոհաբար ձեւավորել միասնական քաղաքական օրակարգ, համաձայնել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ եւ գործունեության ծրագիր: Սույն նախաձեռնությունը կյանքի կոչելու համար պատրաստակամ ենք առարկայական քննարկումներ սկսել բոլոր շահագրգիռ կողմերի հետ»:



Փաշինյանի համար այս տարբերակն անընդունելի է, քանի որ նա հասկանում է, որ խնդիրը միայն ԸՕ-ում փոփոխությունները չեն, եթե պետական ապարատը մնում է նույնը, ապա ՀՀԿ-ն ընտրություններին կկիրառի «ավանդական» մեթոդները՝ կուղղորդի պետական ապարատը դեպի իր թեկնածուի կողմը եւ կաշառք կբաժանի։



Սրանով պայմանավորված՝ ՀՀԿ-ն չի պատրաստվում գնալ ինքնասպանության եւ վարչապետի պաշտոնը զիջել Փաշինյանին, քանի որ հաշված օրերի ընթացքում կկորցնի ողջ իշխանությունը եւ առհասարակ կարող է անհետանալ քաղաքական թատերաբեմից։ Վարչապետի պաշտոնում Փաշինյանը ոչ միայն կվերացնի ռեյտինգային ընտրակարգը, որն անցած ընտրություններում իշխանությունների համար վերարտադրության միջոց դարձավ, այլեւ ՀՀԿ-ին կզրկի իշխանական լծակներից, կփոխի մարզպետներին, պետական ողջ համակարգն այնպես կմաղի, որ արտահերթ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն անզեն կմնա։





**ԻՆՉՊԵՍ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ԴԱՐՁՆԵԼ «ԱՆԳԼԻԱԿԱՆ ԹԱԳՈՒՀԻ»**



Հանրապետականներն այս օրերին Նիկոլ Փաշինյանին հորդորում են «վերադառնալ» սահմանադրական դաշտ։ Նրանք ասում են, որ Նիկոլ Փաշինյանի ծրագիրը հնարավոր չէ ընդունել եւ իրականացնել, քանզի իրավական կազուսի առջեւ կհայտնվեն։ Ավելին՝ արտահոսքեր կան, որ եթե անգամ ժողովրդական ճնշման ներքո Փաշինյանը դառնա վարչապետ, բողոքի ակցիաները մարելուն պես, ՀՀԿ-ն կանցնի հակագրոհի։ Մասնավորապես, վարչապետին անվստահության նախագիծ կներկայացնեն։ Սակայն, ըստ Սահմանադրության, վարչապետին անվստահություն կարելի է հայտնել նրա նշանակումից ոչ շուտ, քան 1 տարի հետո: Կամ էլ կողմ կքվեարկեն Փաշինյանի՝ ԱԺ ուղարկած ցանկացած ծրագրին, ու ԱԺ-ն ցրելու հիմքեր չեն առաջանա։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի գրած նոր Սահմանադրությամբ ԱԺ-ն ցրելու ընդամենը մեկ ճանապարհ կա՝ եթե խորհրդարանը երկու անգամ հավանության չի արժանացնում կառավարության ծրագիրը կամ չի ընտրում վարչապետ։

ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը մասնավոր զրույցում հայտնեց, որ ժողովրդական շարժումը կարող է մեկ հոգու դեմ պայքարի հարցում հաջողության հասնել, բայց ոչ հիսուն եւ ավելի․ «Եթե նույնիսկ ժողովրդական ճնշման ներքո ՀՀԿ-ն ձայն տա Փաշինյանին, ապա հաջորդիվ չկա որեւէ երաշխիք, որ կաջակցի արտահերթ ընտրություններ անցկացնելու գործընթացին։ Մենք, օրինակ, պատրաստ ենք ընդունել Նիկոլի բերած ցանկացած ծրագիր կամ, ասենք՝ հիվանդանալ ու չգնալ հանձնաժողովի նիստի, ԱԺ նիստի, որտեղ պետք է ընդունվի այդ փոփոխությունների նախագիծը։ Ինչ է՝ մեր ժողովուրդը կամ ընտրողները պետք է մեզ մեղադրե՞ն , թե ինչու ենք հիվանդացել կամ Հայաստանից դուրս գտնվում։ Մենք այնքան կձգենք, մինչեւ ավարտվեն բոլոր ժամկետները։ Իսկ եթե ընդունվեց նրա ծրագիրն ու ԱԺ-ն չցրվեց, խորհրդարանական մեծամասնությունը կարող է ընդունել միայն այնպիսի օրենքներ, որոնք մեզ են ձեռնտու, ու Փաշինյանին դարձնել անգլիական թագուհի»։

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրությունը նշանակված է մայիսի 1-ին։ Սահմանադրության 151 հոդվածը նախատեսում է, որ կառավարության կազմավորումից հետո՝ 20-օրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը: ԱԺ-ն կառավարության ծրագրին հավանություն է տալիս 7-օրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, որը կազմում է 53 ձայն: Եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս կառավարության ծրագրին եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերին համապատասխան չի ընտրում նոր վարչապետ, ապա ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով: Եթե ԱԺ-ն ընտրում է վարչապետ, սակայն 2 անգամ հավանություն չի տալիս կառավարության ծրագրին, ապա նորից արձակվում է իրավունքի ուժով:





Ի**ՐԱՎԱԿԱՆ ԿԱԶՈՒՍԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ**



Տեսականորեն ընդունելով, որ Փաշինյանը ժողովրդական ճնշման ներքո դառնում է վարչապետ, կարո՞ղ են արդյոք սահմանված ժամկետներում կյանքի կոչվել բոլոր օրենսդրական փոփոխություններն ու գնալ արտահերթ ընտրությունների։ Նշենք, որ խորհրդարանը 27 օր ժամանակ է ունենալու, մինչեւ կառավարության ծրագրի տապալումը եւ ԱԺ-ի լուծարումը, եւ այդ ընթացքում պետք է կարողանա իրականացնել օրենսդրական բոլոր փոփոխությունները։

Բարձրագույն դատական խորհրդի անդամ **Գեւորգ Դանիելյանը** մեզ հայտնեց, որ տեսականորեն կա նման հնարավորություն, եւ ժամկետները թույլ են տալիս կատարել այդ փոփոխությունները։ «Սակայն դա կլինի իրավական եւ միջազգային բոլոր չափանիշներին հակասող եւ, առհասարակ, ողջամտության տրամաբանությունից դուրս»։ Դանիելյանը չհիմնավորեց իր կարծիքը՝ ողջամտության մասին, ասելով, որ չի կարող ի պաշտոնե քաղաքական դիրքորոշում հայտնել։



Սահմանադրագետ **Վարդան Այվազյանն** ասաց, որ ժամկետների առումով խնդիր չի առաջանա, կառավարությունն անհետաձգելի կհամարի փոփոխությունների նախագծերը, ապա խորհրդարանի արտահերթ նիստեր կհրավիրի։ Նշենք, որ ԱԺ կանոնակարգը նախատեսում է, որ նախագիծն առաջինից երկրորդ ընթերցում պետք է ներկայացվի 2 շաբաթ հետո։ «Սակայն տեսականորեն ԸՕ-ում փոփոխությունների նախագիծը կարող է չընդունվել խորհրդարանի կողմից, որովհետեւ պահանջվում է պատգամավորների 3/5-ի ձայները»,- նկատեց Այվազյանը։ Ինչ վերաբերում է ԿԸՀ-ին, ապա պարզվում է՝ գործող իրավակարգավորմամբ այն ցրելու միջոց գոյություն չունի․ «ԿԸՀ-ն ցրելու մեխանիզմներ չկան։ Միակ լեգիտիմ միջոցը՝ ժողովրդական զանգվածների ճնշման ներքո ԿԸՀ անդամները պետք է հրաժարական տան, հետո ում հարմար են գտնում, ներկայացնել իրավասու մշտական հանձնաժողովին՝ պետաիրավականին, ապա այստեղից էլ ներկայացվի խորհրդարան, ու 3/5-ով ընտրեն»։ Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը կարող է հանգիստ ձեւավորել նաեւ իր կաբինետը, եւ Արմեն Սարգսյանը հնարավորություն ունի Սահմանադրական դատարանում վիճարկել միայն առաջադրված այն թեկնածությունները, որոնց առաջադրումը Սահմանադրությամբ ներկայացված ժամկետներին կամ չափորոշիչներին չբավարարեն՝ վերջին չորս տարվա մշտական բնակության եւ քաղաքացիության վերաբերյալ․ «Մնացած դեպքերում, եթե նույնիսկ ՀՀ նախագահը չհաստատի, ապա եռօրյա ժամկետում իրավունքի ուժով կհաստատվեն»։





Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ