1+1+1-ը՝ գործողության մեջ. Նազարեթ Կարոյան

1+1+1-ը՝ գործողության մեջ. Նազարեթ Կարոյան
Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստաբան Նազարեթ Կարոյանը, հետեւելով ապրիլի 13-ից Երեւանում մեկնարկած քաղաքացիական անհնազանդության ակցիաներին, կարծում է․ «Իրական փոփոխություններ են տեղի ունենում, սակայն քաղաքական համակարգը պատրաստ չէ այդ փոփոխություններին։ Իսկ դա մեր քաղաքական մշակույթի արդյունքն է։ Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, դա քաղաքական մշակույթում փոփոխություններ, հեղափոխական, կտրուկ փոփոխություններ մտցնելու հնարավորություն է ընձեռում»:



Նազարեթ Կարոյանին ոգեւորել է հատկապես երիտասարդության մասնակցությունը, որն ուզում է ապրել այլ կերպ, այլ արժեքներով, ուզում է իր ապագան տնօրինել։ 2008թ․ Շարժման ժամանակ էլ ակտիվ էր երիտասարդությունը, ունեինք պայքարող երիտասարդության վառ օրինակներ։



«Համեմատություն չկա, 2008-ին քաղաքականության մեջ հաստատված մարդիկ կային, նրանք էին ղեկավարում, երիտասարդական նախաձեռնություններ այնտեղ չկային, մասնակցությունը կապ չունի։ Հիմա համատարած մենք տեսնում ենք երիտասարդական նախաձեռնություններ։ Իրենք մտածում են, ստեղծում են, փորձում են իրականացնել իրենց գաղափարները»,- հակադարձում է Նազարեթ Կարոյանը։



Ի՞նչ ուսուցանեց մի քանի օր շարունակվող շարժումը իշխանություններին, կուսակցություններին, քաղաքական գործիչներին։



«Այս շարժումը կապ չունի նախորդ քաղաքական շարժումների հետ։ Ես կարծում եմ, որ այն բացարձակապես կապ չունի նախորդ շարժումների հետ։ Գաղափարները ձեւավորվել են ուրիշ տեղերում։ Նույն Նիկոլը, երբ 2000-ականներին ասպարեզ իջավ, իր գաղափարները, քաղաքական կեցվածքն ու մարտավարությունն ուղղակի կապ չունեին ընդունված մոտեցումների հետ ։Նիկոլի էդ բանաձևի մեջ (մեկ գումարած մեկ) արդեն իսկ կային էդ սաղմերը, բայց մեծ հաշվով՝ այսօրվա պայքարի ձևերը՝ առանձին էլեմենտներով, մշակվել են քաղաքացիական նախաձեռնությունների (Մաշտոցի պուրակ, «Էլեկտրիկ- Երեւան», տրանսպորտի թանկացման դեմ) և այլ շարժումներում։ Այսինքն՝ այն ժամանակ սկսեցին ձեւավորվել քաղաքացիական տարբեր խմբեր, նախաձեռնություններ, որոնց շրջանակներում կային պայքարի բազմաթիվ եղանակներ, որոնք այսօր դարձել են քաղաքական պայքարի մարտավարական եւ ռազմավարական ուղեցույցը։ Նախկինում նման բան չկար։ Իսկ սա արդեն քաղաքական մշակույթում մտցնում է փոփոխություններ»,- կարծում է Նազարեթ Կարոյանը։