«Ճի՞շտ» էր Սեւակի մահը

«Ճի՞շտ» էր Սեւակի մահը
Ոճեր կան, որոնք իրենց բնույթով տոտալիտար են: Պարույր Սեւակի բանաստեղծական ոճը տոտալիտար էր: Ոճը, ընդհանրապես, որքան աչք ծակող է, այնքան՝ «ագրեսիվ»: Այդպիսին էր Հրանտ Մաթեւոսյանի լեզուն: Բայց Բակունցինը՝ ոչ: Թումանյանի ոճն ագրեսիվ չես ասի, թեպետ այն ընդգծված էր: Թումանյանի յուրաքանչյուր բառի մեջ մի քանի բովանդակություն էր «հերթապահում»: Չնայած դրան, դրանք անփոխարինելի բառեր էին: Թումանյանը խտություն էր, որը դեպի մեզ էր գալիս մի քանի շերտի «համտեսով»: Իսահակյանինը, օրինակ, այդպիսին չէր, նա անոճ գրող էր, ահա ինչու նրա սրտով էր Արամայիս Սահակյանի լեզուն: Փոխարենը՝ Արամայիս Սահակյանը ոճ ուներ: Եվ նույնքան ագրեսիվ: Իսահակյանն ավելի նման էր Թումանյանի հավելվածին:



Բայց ինչո՞ւ Մաթեւոսյանի լեզուն սնում էր գրականությունը, մինչ Սեւակինը՝ նույնիսկ հրապարակախոսության մեջ, իր բառամթերքով ինքն իրենից ավելին չէր նշանակում: Սեւակը չափազանց շատ բառեր ուներ չափազանց քիչ ասելիքի համար: Սեւակը բանաստեղծության անունից էր ապականում դեռ կլիշեի չձգող ասելիքը: Սեւակը դրանք դարձնում էր բանաստեղծական կլիշեներ: Բայց ի՜նչ հրավառությամբ: Հենց այդ հրավառությունն էր, որ, հանց արեւի ջերմություն, տարածվում էր ընթերցողի վրա: Հենց այդ հրավառությունն էր, որ ձգողական ուժով իր մեջ էր առնում բանաստեղծ լինելու գայթակղությամբ վարակված նոր սերնդին։ Նույնիսկ իր ժամանակակիցներն էին փորձում հետ չմնալ բանաստեղծության սեւակացումից։



Հայ գրականության մեծագույն «նվաճումներից» է բանաստեղծ Պարույր Սեւակի մահը: Ոչ թե սպանությունը, ոչ թե այն, թե ինչպես է մահացել բանաստեղծը, ոչ թե պետական եւ կուսակցական այն հրեշավոր թույնը, որն ուղղված էր բանաստեղծին, այլ հենց մահը կամ, ավելի ճիշտ՝ Սեւակի բացակայությունն այս աշխարհից: Նույնիսկ այսպես մարդկային չի հնչում: Գուցե բանաստեղծությունի՞ց։



Պարույր Սեւակը հզոր խարիզմայով բանաստեղծ էր: Չարենցից հետո նա տեքստային նոր որակ էր, որը բանաստեղծության օգտին չէր: Սուր անկյուններով տողերը, «մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի» ոճի հակաբանաստեղծականությունը չափազանց մեծ տեղ էր գրավում նոր գրական աշխարհում: Այո, մոգական էր այդ ոճը: Եվ հենց այդ պատճառով՝ վտանգավոր: Շատերն էին երազում լինել այդ ոճի մեջ: Նրա մերձկլիշեները շատերի մտքով էին անցել, բայց ոչ ոք չէր կարողանում այդքան թիրախային ամփոփել: Կար Շիրազը, կար Կապուտիկյանը, կար Գեւորգ Էմինը, Վահագն Դավթյանը: Բոլորին էլ այս կամ այն չափով հատուկ էր այդ քաղաքացիական մերձկլիշեն: Սակայն կախարդողը Սեւակն էր: Դրանից դուրս էր Սահյանը: Շիրազը նույնպես ուներ հիացողների եւ ոճ «կապկողների» մեծ բանակ: Սեւակից ավելի ագրեսիվ Շիրազն ամեն ինչ դարձնում էր կլիշե: Սակայն բանաստեղծության մեջ նա Սեւակի ծանրակշիռ դատողականությունը չուներ: Ինքը՝ Շիրազը, նույնպես մսխում էր իր ասելիքը: Նա պտտվում էր թեմաների մեջ, իսկ Սեւակը թեմայից թեմա առաջացող էր: Նա տեղում չէր դոփում: Շիրազի նկարագրած կինը, եթե միայն նա արդեն մերժված կինը չէր, հիմնականում փնթի բառախաղերի ենթարկվող մի կուրտիզանուհի էր, որն ինքն էր իրեն պաշտպանում սիրո այդպիսի ագրեսիայից: Սեւակի կինն այդպիսին չէր: Սիրո մեջ Սեւակն ավելի բանաստեղծ էր: Բայց ոչ «Երգ Երգոցում»:



Նա, ոչ մի կասկած, պետք է լիներ: «Ապրել, ապրել, այնպես ապրել, որ սուրբ հողդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը»: Սա արդեն բանաստեղծություն չէր այն իմաստով, որով ստիխը մի կողմ է թողնում իր հեղինակին եւ դուրս գալիս աշխարհ: Իր բուն իմաստից ավելի հեռու չես կարող գնալ: Ինքը քեզ չի մեծացնի ժամանակային իմաստով: Ինքը նույնիսկ Սեւակից հետո չէր ապրի: Ես չգիտեմ, մտածե՞լ էր այս մասին բանաստեղծը: Բանաստեղծության խորհուրդը բանաստեղծականության մեջ չէ: Այդ խորհուրդն ավելի ընդգրկուն է, այդ խորհուրդն իր վրա է կրում ամենայնը: Դիցուք, Քրիստոսի ամեն մի նախադասությունն այսօր էլ ապրում է, ինքը միտք է ծնում: Մի քանի բանաստեղծ է պետք լինել ասելու համար՝ խոզերի առաջ մարգարիտներ մի թափեք: Ուայլդը նրա մասին ասում էր՝ մեծագույն բանաստեղծ: Սեւակը դառնում էր դպրոց, իրենով ծնվում էին բանաստեղծություններ, բայց իր բանաստեղծությունները բանաստեղծություններ չէին ծնում: Դիցուք, «Համլետը» մի գործ է, որը հետհամլետյան «քաղաքակրթություն» է ստեղծել: Ինքն իր հերթին Քրիստոսից էր գալիս կամ, ավելի ճիշտ՝ Քրիստոսն էր: Սեւակը քաղաքացիական ուղղախոս էր: Էդ ուղղախոսությունը պոեզիայում վաղուց էր ավարտվել: Ավելի ճիշտ՝ վաղուց եւ աննկատ, ինչպիսին լինում է քաղաքացիական պոեզիան ընդհանրապես: Բայց Սեւակը նկատվեց:



Սեւակը, իհարկե, մի քանի բանաստեղծություն ունի: «Արեգակն է թեքվում, կարճանում է օրը»: Այս ստիխի տեխնիկական կատարումը հրաշալի է, թեպետ բովանդակային իմաստով դարձյալ հարցեր է առաջացնում: «Գժվում եմ» ստիխը նույնպես յոլա կտանի իր՝ Սեւակից անկախ խարիզմայով: Սակայն բանաստեղծի ամեն տողի մեջ վիրուս կար: Ինքը վարակիչ էր: Միայն մահից հետո նա դարձավ համեմատաբար ազատորեն քննելի: Մահը սեւակամոլին ազատեց սեւեռվածությունից: Հենց այդպես վտանգավոր էր դառնում Սիլվա Կապուտիկյանն իր «Խոսք իմ որդուն» բանաստեղծությամբ: «Թե մորդ անգամ մտքիցդ հանես, քո մայր լեզուն չմոռանաս»: Ես բանաստեղծության արժանապատվությունը չեմ: Բայց «այն սուրը, որ սպանեց դավաճան հորը…» ոճի մեջ գրոհող տեքստից վախենում եմ:



Բանաստեղծության մեջ մտքի ագրեսիան գուցե բացատրվում էր խորհրդային պարտադրվող քաղքենիականությամբ: Շիրազն ուղիղ կռիվ ուներ այդ քաղքենիականության հետ: Բայց միայն Շիրազը: Նա փնթի էր իր ասելիքում, նա փառքի ծարավ էր, բայց ասելիքը չէր հարմարեցնում ականջին: Սեւակը նման չէր փառք փնտրողի: Նա հրապարակախոսում էր ռիթմի ներքո: Ու սա իսկապես կախարդում էր հարյուր հազարների: Իր հետեւից Պարույր Սեւակը տանում էր բանաստեղծության կարիք ունեցողներին, որոնք երազում էին յուրացնել այդ ոճը, այդ ասելիքը: Իր գոյությամբ Սեւակը թույլ չէր տալիս նայել այլ բանաստեղծների կողմը: Նման բան չէր եղել հայ գրականության մեջ: Նրա ոճը հակամետ էր իր իսկ շնչառությանը, որը զարմանալի խաղաղ էր: Սեւակն ամեն ինչ ուներ բանաստեղծ լինելու համար: Եվ եղավ: Բայց նա սպառնում էր դառնալ դպրոց: Իր գոյության ժամանակ նրան իմաստավորելն անհնար էր, հատկապես «Անլռելի զանգակատնից» հետո: Հայաստանն իսկապես կարիք ուներ այն ասելիքին, որը Սեւակը դրեց այդ պոեմի մեջ: Բայց այդ ոճը կար նաեւ ամենուր, «Անլռելիից» հետո գրված բոլոր պոեմներում եւ բանաստեղծություններում: Նույնիսկ «Երգ Երգոցում», որը կարող էր բոլորովին այլ ասելիքի մեջ լինել:



Սեւակի օրոք բանաստեղծությունների աշխարհում շնչելու ժամանակ չկար: Բոլորն ապրում էին Չանախչիի հանճարով, նա ասես Աստծո Որդին լիներ՝ բանաստեղծության մեջ: Սեւակը ողբերգական կերպար էր, բայց դա երեւում էր միայն համակարգի թույնի մեջ: Որպես բանաստեղծ, նա իր ողբերգությունը չուներ, եթե մի կողմ դնենք Սուլամիթայի հանդեպ սերը: Նրա ձեռքի տակ բանաստեղծությունը ծնվում էր աղբյուրից եկող ջրի պես: Ինչո՞ւ: Որովհետեւ նա աշխարհ չէր փոխում, իր լեզուն ուրիշ չէր, նա միայն շեշտեր ու ռիթմեր էր հագցնում հընթացս մտածված տեքստին: Շիրազի փնթի ու տեղապտույտային տեքստի խարիզման փոխարինվում էր Սեւակի կոկիկ մակերեսով: Հասարակությունը ճանաչում եւ սիրում էր մեկին, որը Շիրազի պոռթկումներն էլ չուներ: Բանաստեղծություն գրելու մյուսների մղումը հատկապես «Անլռելիից» հետո արտահայտվում էր Սեւակի միջով: «Եվ դու բացվեցիր…/ Այդպես բացվում է մահճում երեխան, մթնում ծաղիկը,/ Ու ես այդ պահին քո անմեղության բույրերից արբշիռ/ Մոռացա իմ ողջ անցյալը հարուստ ու երջանկացա իմ… աղքատությամբ»: Միաժամանակ առօրեական, նույնիսկ գեղեցիկ, բայց հաջորդ ակնթարթի այցետոմսից զուրկ: Սեւակը տվյալ ակնթարթի բանաստեղծականությունն էր: Հաջորդ պահին այդ տողն այլեւս արժեք չուներ: Ինքը մեղավոր չէր, այստեղ մեղք էլ չկա: Հիմա կարելի է մտնել Սեւակի ազդեցության տակ ու դուրս գալ այդ ազդեցությունից՝ առանց վախենալու, որ այդ խարիզմատիկ մարդը քո հետեւից կհասնի:



Ասել, որ «ճիշտ» էր Պարույր Սեւակի մահը՝ նշանակում է բացառել, որ ինչ-որ պահից մենք կունենայինք բոլորովին այլ Սեւակ: Թեպետ նա զրկված էր այլ լինելու միջավայրից: Ասել, որ ճիշտ չէր Սեւակի մահը՝ նշանակում է նրան թողնել ծափահարելի անգիտության մեջ: Նրա հանդեպ հիացմունքի ամեն օրից պակասում էր նրա ոտքի տակի հողը: Այդպես այսօր, հանձին քաղբանտարկյալների, մեր իշխանությունը ծնում է մեր օրերի հերոսներին: Ըստ իս՝ Սեւակը մահացել է երկու անգամ: Սեւակի մեծագույն ողբերգությունն էր, որ նրանով ավելի հիանում էին, քան իմաստավորում: Հավանաբար, առաջին անգամ նա մահացավ այդ ժամանակ:



**Մհեր Արշակյան-գրող, հրապարակախոս**



**Լուսանկարը՝ Գերման Ավագյանի**



**Հրապարակ մշակութային հավելված**