Ի՞նչ կլինի, եթե Մասիսն այլևս չլինի

Ի՞նչ կլինի, եթե Մասիսն այլևս չլինի

Բարի լույս, բայց որոշել եմ բայլուսներդ փչացնեմ: Պատկերացրեք մի իրավիճակ, երբ քնից արթնանում ու ծույլ քայլվածքով շարժվում եք դեպի պատշգամբ, որպեսզի մի գավաթ դառը սուրճ խմեք, ծխեք ու վայելեք բիբլիական Մասիսի հմայքը։ Բայց հանկարծ հայտնաբերում եք, որ Մասիսը չկա, ու՞ր է Մասիսը, ոչ ոք չգիտի: Ի՞նչ կկատարվի այդ դեպքում, միգուցե համազգային հիստերիա բարձրանա, մարդիկ կխելագարվեն, Արարատյան դաշտը կպատվի սգի լուռ շղարշով և միայն կանացի խելակորույս ճիչերը կխախտեն դժոխային լռությունը։

Լայն տարածում կստանան զանգվածային ինքնասպանությունները, իսկ հայրերն էլ կսպանեն որդիներին, որպեսզի նրանց կուսական աչքերը չտեսնեն այդ պղծությունը: Բոլորը կփնտրեն այդ ձյունածածկ գագաթը, բայց չեն գտնի, որովհետև այն այլևս չկա, անհետացել է մի գիշերվա ընթացքում։ Ի՞նչ կլինի, եթե Մասիսն այլևս չլինի։ Կպարզվի, որ աշխարհում ապրող 8 միլիոն հայերից առնվազն 5 միլիոնն այլևս հայ չէ, քանի որ Արարատն էր այն միակ քաղաքակրթական հանգույցը, որը նրանց կապում էր Հայաստանի հետ։ Սարյանի պուրակի նկարիչները կդառնան գործազուրկ։ Բայց, իսկապես, ես չեմ հասկանում այն նկարիչներին, որոնք մինչև հիմա Մասիս են նկարում: Տների վարձակալությամբ զբաղվող գործակալներն էլ իրենց հայացքները կուղղեն դեպի Արագած։ Նոյի տապանը կհանգրվանի Կազբեկի վրա, Դաշնակցությունը կկազմալուծվի, իսկ Հովհաննես Շիրազի պոեզիան էլ կկորցնի իր ողջ իմաստը, քանի որ կպարզվի, որ պոետը տարիներ շարունակ գրել է գոյություն չունեցողի մասին։

Լավ, իսկ եթե լրջանանք, ապա իսկապես ես չեմ հասկանում Մասիսի նկատմամբ յուրօրինակ պաշտամունքը, որը կա մեր միջավայրում: Շատերը հիմա կփորձեն հիշեցնել Ֆուձիյաման ու Վեզուվը, բայց հավատացեք՝ ճապոնացիներին ու իտալացիներին էլ չեմ հասկանում: Մասիսն ընդամենը լեռնազանգված է, առաջացել է ինչ-որ պրոցեսների արդյունքում և ինչ-որ մի օր անհետանալու է, որովհետև բնությունը գտնվում է փոփոխությունների շղթայական շրջափուլի մեջ: Համանման պաշտամունքը նախնադարյան հասարակարգում ավելի քան ընկալելի է, քանի որ տվյալ ժամանակաշրջանում հասարակական գիտակցության առաջնային վեկտորներից մեկը տոտեմիզմն էր: Բայց տոտեմների գոյությունը արդի աշխարհում չգիտեմ՝ որքանով է արդարացված ու ընկալելի:

Օրինակ՝ Պուշկին-Կողբացի խաչմերուկի դալանը ինձ համար շատ ավելի հոգեհարազատ է կամ էլ Հերացի փողոցի վերևի անկյունի նստարանը: Չարենցի «ես իմ Մասիս սարն եմ սիրում» տողը, ինչպես նաև ամբողջ բանաստեղծությունը սովորական դեմագոգիա է: Նրա պոեզիայի արժեքը հաստատապես այդ տողերի մեջ չէ, պարզապես հանրությունն է ինչպես միշտ ամեն ինչ սխալ հասկացել: Վստահ եմ՝ մարդիկ կան, որ մինչ օրս չգիտեն, թե որտեղ է Մասիսը: Հիշեցնեմ՝ այն Թուրքիայում է: Օրինակ՝ բանակային ընկերս, որի հետ մարտական հերթապահություն էինք իրականացնում և 14 օր շարունակ խրամատում ինչից ասես խոսում, չգիտեր, որ Մասիսը Հայաստանի տարածքում չէ: Երբ նրան տեղեկացրի այդ մասին, իսկապես զարմացած էր ու ուշքի չէր գալիս։ Հատկապես ծիծաղելի են այն տուրիստական կազմակերպությունները, որոնք Մասիսը ներառում են Հայաստանի տեսարժան վայրերի ցանկում:

Եկեք մեր կյանքը կառուցենք առանց Մասիսի։ Գոյություն չունեցող լեռը չի կարող ազգային ինքնության կենտրոնական բաղադրիչներից մեկը լինել, քանի որ դրա բացասական պատրանքն անխուսափելիորեն հանգեցնում է բացասական ինքնության՝ կազմաքանդելով հանրային գիտակցական տիրույթը։