Կրաշենում տրակտորիստ աղջիկը կոտրեց կարծրատիպը

Կրաշենում տրակտորիստ աղջիկը կոտրեց կարծրատիպը
Այսօր արդեն Շիրակի մարզի Կրաշեն համայնքում կապույտ տրակտորի վարորդին տեսնելիս այլևս չեն զարմանում: Կրաշենցիները կանչում են. «Մեր Հռիփսիմեն է, մեր հերոսուհին, մեր սպորտսմենուհին»: Հռիփսիմեն արդեն 1 տարի է հարազատ գյուղում տրակտորով վարուցանք է անում, օգնում է համագյուղացիներին, որտեղ դժվարանում է, հայրն է օգնության հասնում: Պատմում է, որ նախապես երկար էր մտածել, հարցումներ էր արել գյուղում եւ հասկացել, որ համայնքում տեխնիկայի խնդիրն առաջնահերթ է: Կրաշենը երկրաշարժից շատ է տուժել, գյուղում քարաշեն տնակ գրեթե չես գտնի, բոլորը փայտաշեն, ժամանակավոր կացարաններ են: Երիտասարդ ու համարձակ աղջիկը գյուղում իսկական հեղափոխություն արեց:



Համագյուղացիները պատմում են, որ մասնակցեց «Երիտասարդներ հանուն զարգացման ծրագրին» եւ դատարկաձեռն չվերադարձավ: Միաժամանակ եւ խաղահրապարակ կառուցեցին եւ փոքր տրակտոր ձեռք բերեցին, որը հարմար է վարուցանքի համար: Հռիփսիմեն հպարտանում է. «Ես կարողացա կոտրել կարծրատիպը, դպրոցն ավարտելուն պես պայուսակը չդրեցի ու ամուսնացա, ինչպես սովորաբար ընդունված է գյուղերում, այլ սովորեցի, գնում էի սեմինարների, սկզբում անսովոր էր գյուղացիների համար, հիմա իրենք են հարցնում՝ սեմինարի չե՞ս»:



Համագյուղացիներին Հռիփսիմեն ավելի վաղ էր զարմացրել, երբ վարում էր ՈւԱԶ մակնիշի մեքենան, թեև խոստովանում է, որ տրակտոր վարելն առավել դժվար է: Այս ամենով հանդերձ՝ նա կանացի է, փխրուն ու քնքուշ, հաստատում են կրաշենցիները: «Մեծին լսող է, երեխու հետ երեխա է, մեծի հետ՝ մեծ, համեստ, խաթրաշահ…»,-ասում են նրանք: Հռիփսիմեի ծրագրերն այսքանով չեն սահմանափակվում, նա դեռ անելիքներ եւ երազանք ունի: