Վարչապետական դիսկուրս

Վարչապետական դիսկուրս
Հոկտեմբեր 24, 2012-ին, Հայաստանի նախագահական ընտրություններին ընդառաջ, մի հոդված էի գրել՝ «Հայ-թուրքական հարաբերությունները եւ Սերժ Սարգսյանի նախագահական դիլեման»: Հետաքրքիր է, որ այսօր նույնպես, երկրի նոր, թե նորացված ղեկավար ունենալու առնչությամբ նույնատիպ վերնագիր էի ուզում օգտագործել, որ կարող էր հնչել մոտավորապես այսպես. «Սահմանադրական փոփոխություններն ու Սերժ Սարգսյանի վարչապետական, այսինքն՝ նույն նախագահական, դիլեման»:



Այս իմ մտքից իսկապես սարսափեցի: Մի՞թե այնքա՜ն իրավիճակ չի փոխվել, որ վեց տարի հետո վերադառնալով՝ ուզում եմ դարձյալ այսպիսի «դիլեմայոտ» հոդված գրել:



Նախագահի համհարզներն ինքնաբուխ, գուցեեւ ոչ ինքնաբուխ, չեմ կարող ասել, սակայն ակնհայտ նվիրվածությամբ ու «հավակնել» բայի խորը եւ համապարփակ ստուգաբանությամբ փորձում են հիմնավորել Սերժ Սարգսյանի՝ իշխանության մնալու եւ վարչապետ աշխատելու անհրաժեշտությունը: Բայց, իսկապես, այս նախադասությունը երկար ստացվեց: Վախենում եմ, որ հանրապետական լեզվա-հոգեբան, խիստ սկզբունքային քաղաքագետները հանկարծ կենտրոնանան ու սկսեն վերլուծել հոդվածիս քերականական լեզվամտածողությունը: Իրականում այս նվիրյալներն արջի ծառայություն են մատուցում նախագահին ու Հայաստանին: Նրանք այնքան վատ են հիմնավորում Սարգսյանի վարչապետ աշխատելու փաստարկը, որ մարդ ակամա համաձայնում է նախագահի այն թեզի հետ, թե նա մոտ ապագայում պետք է լծվի երիտասարդ նոր կադրեր պատրաստելու գործին:



Այս պատկերն ինձ հիշեցնում է մի համայնքային գործչի, ում հետ ես աշխատում էի տարիներ առաջ: Նա միշտ կարողանում էր կողմնորոշվել, թե շեֆն ինչ է ցանկանում, եւ այդ վարկածն այնպիսի ոգեւորությամբ էր ներկայացնում, որ բոլորս նախանձում ու հավատում էինք, թե ինքն է շեֆին ուղղություն տալիս: Բավական ուշ հասկացա, որ այդ գործիչն այնքան էլ նախանձելի վերաբերմունքի չէր արժանանում այդ նույն շեֆի կողմից:



Ինչ վերաբերում է ընդդիմադիրներին, նրանք էլ կենտրոնացել են մեկ փաստի վրա՝ «Սերժ Սարգսյանն իր խոստումը դրժեց, հա դրժեց»: Գիտե՞ք, չէ, թե Դոնալդ Թրամփը որքան խոստումներ է տվել ու տալիս է եւ որքանն է դրժել ու դրժում: Քիչ է մնում Թրամփը հայտարարի, թե չի հիշում՝ այդ ո՞վ է խոստացել արգելապատնեշ կառուցել ԱՄՆ-Մեքսիկայի սահմանի երկայնքով: Սա՝ իմիջիայլոց:



Առանց որեւէ հետին նպատակ հետապնդելու, ուզում եմ անկեղծանալ ու ասել՝ պարոն նախագահ, մի՛ հավատացեք Ձեր համհարզներին, Դուք անփոխարինելի չեք: Մի՛ հավատացեք Ձեր շրջապատի մարդկանց, թե Կարեն Կարապետյանը պատրաստ չէ երկիրը ղեկավարելու: Ճիշտ է, Կարապետյանն այն տեսակը չէ, որ Ձեր մտքերը փորձի գուշակել եւ դրանք ներկայացնել որպես իր իսկ միտքը, նա, ի տարբերություն «հավակնել» բառը ստուգաբանողների, դրա կարիքը չունի: Նա կայացած գործիչ է, վստահելի գործընկեր, որ լավ է հասկանում տնտեսությունը: Այս կարճ ժամանակամիջոցին որպես վարչապետ աշխատելով՝ նա փաստել է իր բարձր մարդկային եւ վարչագիտական արժանիքները:



Իրականությանը համապատասխանում է իշխանամետների բերած այն փաստարկը, թե Դուք, իբր, ղեկավար ամենափորձառու եւ գիտակ անձն եք Հայաստանի մեջ: Այո, դա այդպես է: Սակայն դա այդպես է լինում որեւէ գործող նախագահի դեպքում: Նախագահը, գտնվելով իշխանության բարձրագույն օղակում, տիրապետում է կառավարման բոլոր լծակներին, առավել գաղտնի ու ոչ գաղտնի ինֆորմացիային: Սա նույնն է, որ 2016-ի ամերիկյան ընտրությունների ժամանակ մեկը պնդեր, թե ոչ ոք Օբամայից ավելի իրազեկ չէ Միացյալ Նահանգների խնդիրներին:



Երկրորդ փաստարկը, թե Հայաստանը պատերազմող երկիր է, եւ միայն Դուք եք տիրապետում ղարաբաղյան բանակցությունների ողջ մանրամասներին, մի ուրիշ արգումենտ է, որ քննադատության չի դիմանում: Ախր, Ալիեւի հետ ի՜նչ բանակցություն: Մարդն ամեն ինչ է ուզում, Երեւանն ու Սեւանն էլ՝ փեշքեշ: Ուղղակի պետք չէ մերժել միջազգային հանրությանն ու համանախագահներին եւ շարունակել անպտուղ բանակցությունները. ամեն անգամ ձեռնվել Ալիեւի ու միջնորդների հետ եւ ժպտալ կամերաներին: Գաղտնիք չէ, ղարաբաղյան խնդրի լուծման միջազգային հանրության պատկերացման մասին հստակ խոսել է Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը՝ 23 օգոստոս 2017-ին: Դեսպանը հուշում էր այն կոնսենսուսի մասին, որի շուրջ, ըստ երեւույթին, ընդհանուր հայտարարի են եկել համանախագահները: Ըստ դեսպանի՝ սովետական շրջանի Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը, առավել՝ Լաչինի միջանցքը, ի վերջո պիտի մնա հայերին, եւ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները՝ Ադրբեջանին: Դեսպանի խոսքում կա նաեւ գաղթականների վերադարձի անհրաժեշտության նշում: Ես կարծում եմ՝ սա ուղղակի Արեւմուտքի մարդասիրական ձգտումների արձանագրումն է եւ ոչ թե քաղաքական հայտարարություն: Բոլորը հասկանում են, որ ադրբեջանցիները չեն վերադառնա անկախ Ղարաբաղ, իսկ հայերն էլ չեն վերադառնա Գանձակ կամ Բաքու:



Այստեղ հարց է ծագում՝ ինչո՞ւ Ալիեւը բանակցությունների հիմք չի ընդունում համանախագահների վերոհիշյալ լուծման տարբերակը: Ինչո՞ւ է նա համառում եւ չի հաշտվում Լեռնային Ղարաբաղի կորստի հետ: Ինչո՞ւ է պարբերաբար սրում իրավիճակը մե՛րթ զինվորական գործողություններով, մե՛րթ մաքսիմալիստական հայտարարություններով:



Իմ կարծիքով՝ Ալիեւը հենվում է երկու հանգամանքների վրա. առաջինը Հայաստանի տնտեսական ծանր վիճակն է: Ալիեւը հույս է տածում, որ ժամանակի ընթացքում կկարողանա Հայաստանին տնտեսապես ծնկի բերել ու իր համար ձեռնտու պայմաններ պարտադրել: Տնտեսական ոլորտում Կարեն Կարապետյանը, ի տարբերություն իր նախորդների, լավ գործ է անում, որի արդյունքներն արդեն իսկ սկսում են երեւալ: Այո, մենք ուրիշ ճար չունենք, Հայաստանի տնտեսությունը պիտի զարգանա շրջափակման պայմաններում:



Երկրորդ հանգամանքը, որի հետ, իմ կարծիքով, հույս է կապում Ալիեւը, դա հատկապես Մարտի մեկի ցավալի դեպքերից հետո հայաստանյան հասարակության մեջ տեղի ունեցող ջղաձգություններն են: Նաեւ սրանից բխող այն ապատիան, որ դրսեւորվում է ընտրությունների նկատմամբ անտարբերությամբ ու արտագաղթով: Այս կացության համար մեղադրելի են այդ ժամանակվա թե՛ իշխանությունները, թե՛ ընդդիմությունը: Բարեբախտաբար, Կարեն Կարապետյանն այդ ժամանակ դերակատարություն չի ունեցել եւ այդ իսկ պատճառով հնարավորություն ունի անդրադառնալ ու սպիացնել այդ վերքը:



Վերջացնելու համար ուզում եմ նորից կրկնել հունվար 16, 2013-ին գրած իմ հոդվածներից մեկի խորագիրը. «Մեզ ո՛չ թագավոր է պետք եւ ո՛չ էլ փրկիչ, Հայաստանին պետք է տնտեսությունից հասկացող լավ քաղաքական գործիչ»:



**Սեպուհ ԱՎԵՏԻՔՅԱՆ**



ԱՄՆ, Միչիգան