Անորոշություն, սպասումներ, վախ

Անորոշություն, սպասումներ, վախ
Նախագահականի եւ կառավարության աշխատակազմերում խորը անորոշություն է, մարդիկ հաշվարկների մեջ են իրենց ապագայի մասով: Բանն այն է, որ վարչապետ դարձող Սերժ Սարգսյանը չի կարող իր ամբողջ աշխատակազմը նախագահականից բերել կառավարություն, քանի որ կառավարությունում էլ կա ձեւավորված, տարիներով աշխատող պրոֆեսիոնալների թիմ, որը միշտ եղել է՝ անկախ վարչապետի անձից։ Կա նաեւ օպտիմալացման խնդիր:



Սերժ Սարգսյանը չի կարող նախագահականից դուրս մնացող աշխատակիցներին ուղարկել նաեւ Մաշտոցի 67՝ նոր նախագահի նստավայր, քանի որ Արմեն Սարգսյանն էլ իր թիմն է հավաքում: Փաստ է նաեւ այն, որ այսօր թե՛ նախագահականում, թե՛ կառավարությունում մի շարք մարդիկ կան՝ ծանոթ-բարեկամով հավաքված՝ խորհրդականների, օգնականների կարգավիճակով, հիմնականում հայեցողական պաշտոններ զբաղեցնող, որոնց նշանակել են պարզապես չնեղացնելու, մի գործ տալու համար: Սակայն այժմ այդ «երիտասարդ թոշակառուներից» Սերժ Սարգսյանը կազատվի, նրանք տեղ չեն գտնի նաեւ Արմեն Սարգսյանի աշխատակազմում:



Մեր աղբյուրները նշում են, որ այս փոփոխություններն արագ չեն լինի, որոշ բաներ կարվեն մինչեւ մայիս-հունիս: Միեւնույն ժամանակ, թե՛ աշխատակազմերում, թե՛ կառավարությունում շատ բան կփոխվի տարեվերջին՝ այս տարվա հանդիսավոր արարողություններից, հատկապես Ֆրանկոֆոնիայի համաժողովից հետո, որին իշխանությունը պատրաստվում է այնպես, ինչպես կպատրաստվեր մեծ ջրհեղեղին:



Հիշեցնենք, որ 2017թ․ հոկտեմբերի 21-ին 2018 թվականին կայանալիք կարեւոր միջոցառումների կազմակերպական խնդիրների վերաբերյալ անցկացրած խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը Հայաստանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի վեհաժողովը համարել է Հայաստանի անկախացումից հետո ամենախոշոր միջոցառումը: «Սա մեծ միջոցառում է, որի սահուն կազմակերպումը պետք է վկայի մեր պետական մարմինների կայացվածության մասին»,- հայտարարել է նա՝ նշելով, որ Հայաստան են ժամանելու 100-ից ավելի պատվիրակություն եւ մոտ 50-ից ավելի երկրների ղեկավարներ: