Մենք նման օրենսդրական բացերի պայմաններում աշխատում ենք կոռուպցիայի շեմին

Մենք նման օրենսդրական բացերի պայմաններում աշխատում ենք կոռուպցիայի շեմին
Շաբաթ օրը Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ Երեւանում քննարկում էր կազմակերպվել «Դեղերի մասին» օրենքի, ինչպես նաեւ էլեկտրոնային առողջապահության թեմայով։ Քննարկմանը հրավիրված է եղել ոլորտի մոտ 50 ներկայացուցիչ, որոնք քննադատել են առողջապահության նախարարին ու նախարարությանը՝ այս օրերին մեծ աղմուկ բարձրացրած վերոնշյալ նախագծերի, փոփոխությունների համար։ Խոսքը, օրինակ, դեղատոմսերով դեղերի գնման մասին է եւ ոչ միայն։ Երեկ էլ Ազգային ժողովում էին այս թեմայով խորհրդարանական լսումներ հրավիրվել, որի մասնակցում էին նաեւ վերը նշված Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի անդամները, այդ թվում՝ ասոցիացիայի հիմնադիր Գեւորգ Գրիգորյանը։ Նախարարությունից հարցերին պատասխանում էր ոչ թե նախարարը, այլ նրա տեղակալ Սերգեյ Խաչատրյանը։



**Գեւորգ Գրիգորյանը** մեզ հետ զրույցում ասաց, որ առողջապահության նախարարության այս որոշումը՝ դեղերը ձեռք բերել դեղատոմսով, իրականում, անհրաժեշտ որոշում էր, բայց այն իր հետ բերում է նաեւ բավականին խնդրահարույց դրվագներ։ «Մասնավորապես, մարզերում չունենք մենք նեղ մասնագետներ, պոլիկլինիկաներում հերթեր են ձեւավորվում, դեղատոմսերի կորստի մեխանիզմ չկա մշակված, մի քանի դեղատնից նույն դեղատոմսով գնումներ կատարելու մեխանիզմ չկա, ընդհուպ մինչեւ նա, որ մեզ պարտադրում են գրել քիմիական անվանումով, բայց մեր երկրում ոչ բոլոր դեղագործական ընկերություններն են համապատասխանում GMP ստանդարտին»,- ասաց Գեւորգ Գրիգորյանը։



-**Առողջապահության նախարարությունից ի՞նչ լուծում են խոստացել տալ այս խնդիրներին կամ խոստացե՞լ են լուծել, առհասարակ**։



-Անկեղծ ասած՝ տեղեկացված չեմ, բայց մենք բաց ենք եւ պատրաստ ենք աշխատել առողջապահության նախարարության հետ: Քանի տարի է՝ մենք աշխատել ենք առողջապահության նախարարության հետ, միշտ սատար ուժ ենք եղել նրանց, սակայն պետք է օբյեկտիվ լինենք, որ եթե մի բան արվում է դեպի լավը եւ խնդիր չի առաջացնում, մենք կարող ենք համակարծիք լինել դրան։ Բայց երբ ինչ-որ խնդրահարույց որոշում է լինում, որն առանց այդ էլ բժշկի բարդ կյանքն էլ ավելի է բարդացնում եւ լրացուցիչ բեռ է դնում նրա վրա՝ սկսած գրագրությունից, վերջացրած չկողմնորոշված վիճակով, որոշման մեջ առկա բացերով, մենք բարձրաձայնում ենք դրա մասին։



-**Ի դեպ, մամուլում գրել էին, թե Դուք ցանկացել եք դառնալ Երիտասարդ բժիշկների մասնագիտական խորհրդի նախագահ, բայց նախարար Լեւոն Ալթունյանը մերժել է Ձեզ՝ ուրիշին է նշանակել, ու հիմա դրանից է բխում այս բողոքի ալիքը**։



-Ձեր նշած հոդվածը ես էլ եմ կարդացել, անկեղծ ասած՝ չնայած չեմ էլ ուզում անդրադառնալ… Ձեր ասած հոդվածում նշվում է, որ ես Երիտասարդ բժիշկների ասոցիացիայի նախագահն եմ, սակայն տեւական ժամանակ է՝ ես չեմ նախագահը, նոր նախագահ է ընտրվել։ Երկրորդը․ նշվում է, որ դա նախարարի գրած օրենքն է, մինչդեռ նախարարն օրենք չի գրում։ Երրորդը․ կան ահագին բացեր այնտեղ, եւ չորրորդը՝ Ձեր ասած խորհրդի մասին ես, կարելի է ասել, հոդվածից տեղեկացա, որովհետեւ եթե նման խորհուրդ կա երիտասարդ մասնագետների, ես հավակնություններ չունեմ երիտասարդ մասնագետների հետ աշխատելու, որովհետեւ, անկեղծ ասած, ինձ համարում եմ թե՛ որպես կայացած վիրաբույժ, թե՛ որպես առողջապահության կազմակերպիչ։ Դրա համար, հաշվի առնելով հոդվածում առկա բացերը, չեմ կարծում, որ նման հոդվածն իրականության հետ ինչ-որ կապ ունի։



-**Լարվածություն կա՞ Ձեր եւ նախարարության միջեւ**։



-Ես չեմ կարծում, որ մեր եւ նախարարության միջեւ որեւէ լարվածություն պետք է լինի։ Մեր կողմից բացարձակապես լարվածություն չկա, որովհետեւ նախարարությունում իմ շատ ընկերներ են աշխատում, մենք նախարարությանը՝ որպես քաղաքական որոշող օրգան, միշտ հարգել ենք եւ հարգում ենք, մենք ուղղակի միտված ենք կոնստրուկտիվ երկխոսության եւ կոնստրուկտիվ աշխատանքի։



-**Այս լսումներն ինչ-որ արդյունք տվեցի՞ն, եւ փոխնախարարի պատասխանները Ձեզ բավարարեցի՞ն**։



-Այս լսումները բերեցին բազմաթիվ տեսակետների արտահայտման, որը, ինձ թվում է՝ համապատասխան մարմինը գրի կառնի, հետեւություններ կանի։ Փոխնախարարի ելույթն ինձ համար բավականին հիմնավորված էր, փաստարկված էր։ Շատ հարցեր հնչեցին, որոնց փոխնախարարը կա՛մ անդրադարձավ, կա՛մ չանդրադարձավ, դա չէ էականը։ Էականն այն է, որ տվյալ բարձրաձայնված խնդիրները լուծվեն, այդ բացերը շտկվեն, եւ մենք՝ բժիշկներս, կարողանանք ազատ աշխատել, որովհետեւ նման օրենսդրական բացերի պայմաններում մենք, ոնց որ ասած, աշխատում ենք կոռուպցիայի շեմին։ Այսինքն՝ մենք չգիտենք, թե ոնց է ավելի ճիշտ, ոնց է ավելի սխալ։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**