ՀՅԴ-ում այս պահին կարեվորում են կազմակերպչական խնդիրները

ՀՅԴ-ում այս պահին կարեվորում են կազմակերպչական խնդիրները
Մարտի 23-25-ը Աղվերանում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի 21-րդ Գերագույն ժողովը: Ավանդույթի համաձայն, «հին ընկերները» հերթական ժողովն անցկացրեցին փակ ու լրագրողների «չար» աչքից հեռու։ ՀՅԴ-ն նմանատիպ ժողովներ անցկացնում է երկու տարին մեկ անգամ։ Նիստերը փակ ռեժիմով անելու նպատակը ՀՅԴ-ականները բազմիցս մեկնաբանել են․ այդ ժողովներն իրենք իրենց համար են անում եւ չպետք է կաշկանդված լինեն կուսակցության ներսում քննարկումների ու քննադատությունների ժամանակ, իսկ քննարկում են երկրում առկա իրավիճակը, ներկուսակցական հարցեր։ Մենք տեղեկացանք, որ ժողովին մոտ 80 մարդ է մասնակցել․ մի մասը՝ պատվիրակներ, մյուսները՝ հրավիրյալներ, այդ թվում՝ ՀՅԴ բյուրոյի (աշխարհասփյուռ Դաշնակցության ղեկավար մարմնի) ներկայացուցիչները, իսկ Հրանտ Մարգարյանը, որը ՀՅԴ-ի ոչ պաշտոնական առաջնորդն է, բավական շուտ է լքել ժողովը, որպեսզի, ինչպես կուսակցականներն են ասում մասնավոր զրույցներում, ժողովը կաշկանդված չլինի Գերագույն մարմնի նոր կազմի ընտրության ժամանակ։



Ուշագրավ է, որ Գերագույն մարմնի անդամներն ընտրվել են առավել «ապաքաղաքական» սկզբունքով։ Այստեղ նախկինի պես ներկայացված չեն ո՛չ ՀՅԴ նախարարները, ո՛չ պատգամավորները։ ՀՅԴ ԳՄ նոր ներկայացուցիչ՝ ղեկավար է ընտրվել Արսեն Համբարձումյանը, անդամներն են՝ Հրաչ Թադեւոսյանը, Իշխան Սաղաթելյանը, Արթուր Եղիազարյանը, Սիմոն Սիմոնյանը, Սպարտակ Ղարաբաղցյանը, Վահագն Մատինյանը, Արթուր Ղազարյանը, Կարեն Մնացականյանը: Նախկին կազմից միայն երեքն են վերընտրվել նորում՝ Հրաչ Թադեւոսյանը, Իշխան Սաղաթելյանը եւ Արսեն Համբարձումյանը։ Մինչդեռ նախկին կազմում էին նաեւ Աղվան Վարդանյանը, Միքայել Մանուկյանը, Պետրոս Մեղրյանը, Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանը, Արծվիկ Մինասյանը, Գագիկ Գեւորգյանը, Աշոտ Փափազյանը, Սամվել Երանյանը, Ռոմիկ Մանուկյանը:



Հիշեցնենք, որ նախորդ ԳՄ ժողովը 2016-ի ապրիլի վերջին էր, որից երկու ամիս առաջ՝ փետրվարի 24-ին, ՀՀԿ-ի հետ համագործակցության հուշագիր էր ստորագրվել։ Այսինքն՝ ՀՅԴ-ի որդեգրած «կուրսը» փոփոխության չի ենթարկվել, սակայն կան տեղեկություններ, որ վերջին օրերի քննարկումների ժամանակ առաջարկ է հնչել՝ որոշ ժամանակ անց վերանայել համաձայնագիրը։ Ամենայն հավանականությամբ, ՀՅԴ-ում այդ հարցն օրակարգ կբարձրացնեն կա՛մ տարեվերջին, կա՛մ նոր կառավարության գործունեությունից մեկ տարի անց։ **Արսեն** **Համբարձումյանը** երեկ հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով, որ այսօր-վաղը ասուլիսով հանդես կգան եւ կպատասխանեն բոլոր հարցերին։ **Արթուր Եղիազարյանն** էլ ասաց, որ քանի դեռ վերջնական չեն որոշվել ԳՄ անդամների գործառույթները, ճիշտ կլինի, որ լրագրողների հարցերին այժմ միայն ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը պատասխանի։ **Հրաչ Թադեւոսյանը** եւս դիմադրեց, սակայն կցկտուր պատասխանեց մի քանի հարցի։ ԳՄ նոր կազմի «ապաքաղաքական» լինելու գլխավոր պատճառը, ըստ Թադեւոսյանի, օրենսդիր եւ գործադիր մարմնում ներկայացված գործընկերների զբաղվածության խնդիրն է։



«Ճիշտն ասած՝ համաձայն չեմ այն բնորոշմանը, թե կազմն ապաքաղաքականացվեց։ Գուցե արտաքուստ նման տպավորություն կա, բայց դա իրականության հետ որեւէ աղերս չունի»,- առարկեց Հրաչ Թադեւոսյանը՝ վստահեցնելով, որ կարճ ժամանակ հետո նոր մարմնի գործունեությունից պարզ կդառնա, որ այն լիովին քաղաքական է լինելու։ Թադեւոսյանը հակադարձեց նաեւ դիտարկմանը, թե արդյոք նման վերադասավորումից կարելի՞ է ենթադրել, որ կուսակցությունում գոհ չեն նախարարների, պատգամավորների աշխատանքից․ «Այս պահին, այս փուլում կազմակերպչական խնդիրներն են առավել կարեւոր, եւ, հետեւաբար, այդպիսի կազմ է ընտրվել, որպեսզի մեր կազմակերպությունն այդպիսով ավելի ուժեղանա։ Սակայն բոլորն էլ անելիքներ ունեն, նախարարները՝ իրենց տեղում, պատգամավորները՝ իրենց։ Իրենք պետք է կարողանան լիարժեք զբաղվել միայն իրենց գործով»։ Թադեւոսյանը չպատասխանեց կոալիցիոն աշխատանքների գնահատման, կոալիցիան շարունակելու նպատակահարմարության վերաբերյալ մեր հարցերին՝ ասելով, որ երեկոյան ԳՄ-ն հայտարարություն կտարածի, որում հանգամանալից կներկայացվեն ժողովի ընթացքում քննարկված հարցերն ու եզրահանգումները։ Տեղեկացրեց միայն, որ սփյուռքի դաշնակցականներից եւս ներկա են եղել ժողովին, եւ խորքային տարաձայնություններ հայաստանյան եւ սփյուռքի ընկերների միջեւ չկան։



Ի դեպ, երեկ արդեն տեղեկություններ կային, որ ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի ապագա կառավարությունում ներկայացվածության վերաբերյալ համաձայնություն է կայացել։ Նշենք, որ այդ հարցով բանակցելու միակ մանդատը Հրանտ Մարգարյանինն է, ով անձնական հանդիպումներ է ունենում Սերժ Սարգսյանի հետ եւ կարգավորում այդ հարցերը։ Ինչպես նախորդ, այս փուլում էլ ՀՀԿ-ում կտրականապես դեմ են Արծվիկ Մինասյանի՝ նոր կառավարությունում ներկայացվածությանը, սակայն Մարգարյանը համառորեն ընդդիմանում է այդ պահանջին։ Նախնական տեղեկություններով, ՀՅԴ-ն կպահպանի այն պորտֆելների քանակը, որն ունի այսօր՝ 3 նախարարական եւ 2 մարզպետական, դրան գումարած վարչության պետեր եւ այլն:



**ՀԳ․** Երեկ երեկոյան ԳՄ-ն մի անատամ հայտարարություն տարածեց՝ «արձանագրելով» երկրում առկա տնտեսական, քաղաքական, սոցիալական իրավիճակն առ այն, որ «Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների անվտանգության հիմնախնդիրը շարունակում է մնալ հիմնական օրակարգը եւ թելադրում է առաջնահերթ ռազմավարություններ պետական եւ հանրային կյանքի տարբեր ասպարեզներում։ ԵԱՏՄ-ի եւ ԵՄ-ի հետ գործընկերային հարաբերությունների համադրմամբ բարենպաստ միջավայր է ստեղծվել բազմավեկտոր, փոխլրացնող արտաքին քաղաքականություն իրականացնելու, քաղաքական եւ տնտեսական բարեփոխումներն արդյունավորելու համար»։



Առ այդ՝ առաջիկա երկամյա ժամանակաշրջանի համար ՀՅԴ Հայաստանի Գերագույն ժողովն առաջնահերթ է համարում «իրավունքի գերակայության սկզբունքների լիարժեք իրացումը երաշխավորող մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման համակարգի ձեւավորումը», «կայուն զարգացում ապահովող սոցիալական շուկայական տնտեսական համակարգի ձեւավորումը, սոցիալական արդարության սկզբունքների պահպանման գործում պետության առաջնային դերակատարության ստանձնումը եւ նոր աշխատատեղերի ու եկամտաստեղծ գործունեության խթանումը, հանրային կյանքի բոլոր ոլորտներում համակարգային եւ որակական փոփոխությունների իրականացումը, իշխանության մարմինների թափանցիկ, հաշվետու եւ արդյունավետ աշխատանքը, հակակոռուպցիոն քաղաքականության ակտիվացումը», «արտագաղթի կասեցումը» եւ այլն։ Հայտարարությունը եզրափակվում է կենացով՝ «Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյակի շեմին ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը վերահաստատում է իր կամքն ու վճռականությունը՝ հետեւողական եւ ամենօրյա աշխատանքով նպաստելու մեր պետականության հետագա զարգացմանը, մեր ժողովրդի անվտանգ եւ արժանապատիվ կյանքի պայմանների ապահովմանը»։ Գինի լից, ընկեր ջան, խմողաց անուշ։





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**