ՌԴ պատգամավորը քննադատեց Ալիեվին՝ գովերգելով Սարգսյանին

ՌԴ պատգամավորը քննադատեց Ալիեվին՝ գովերգելով Սարգսյանին
Երեկ աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը ելույթ ունեցավ լրագրողների առաջ ու պատասխանեց հարցերին։ Հարցերը, իհարկե, շատ չէին, քանի որ նրան հյուրընկալած Արմեն Աշոտյանը որոշել էր ընդամենը 2 հարց թույլ տալ՝ կանխազգալով, որ հարցերը կարող են անցնել թույլատրելի սահմանները՝ հասնելով ընդհուպ Սերժ Սարգսյանին։ Իսկ դա Աշոտյանի համար կարող էր «չեպե» լինել։ Բայց մինչ հարցերին հասնելը, Զատուլինը նախ բավականին բաց ու անկեղծ ելույթ ունեցավ, որը մի տեսակ հեռու է ռուս պաշտոնյաներից։ Նա իր ելույթում անդրադարձավ հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով․ «Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ յուրաքանչյուր ռազմական սպառնալիք կդիտարկի որպես իր նկատմամբ սպառնալիք, երբ խոսքը գնում է ՀԱՊԿ շրջանակներում պայմանավորվածությունների մասին»։ Սա, ինչ խոսք, շատ հուսադրող ու իրապես ռազմական դաշնակցի, ավելին՝ «մեծ եղբոր» դիրքերից հանդես եկող հայտարարություն է, եթե միայն այն իրականում կյանքի կոչվի, քանզի բազմիցս ենք տեսել դեպքեր, երբ նույն այդ սպառնալիքներին իրենք իներտ ու անտարբեր կեցվածք են դրսեւորել՝ թողնելով մեզ մենակ այդ սպառնալիքների առջեւ։



Նա նաեւ Ռուսաստանի անունից ասես մեղայականով հանդես եկավ՝ հիշելով ապրիլյան պատերազմի մասին։



«2016թ. ապրիլին կողմերից մեկի կողմից սանձազերծված լարվածությունից հետո Ռուսաստանը հետեւություններ է արել: Հայաստանյան հանրային կարծիքում Ռուսաստանին ուղղված լուրջ դժգոհություններ կային, օրինակ, Ադրբեջանին Ռուսաստանի կողմից զենքի մատակարարման առումով։ Մենք ցավում ենք, որ Ադրբեջանում դրան այլ կիրառություն չգտան, քան շփման գծում խախտելու հրադադարի մասին համաձայնությունը, որը նաեւ մեր ջանքերի շնորհիվ գոյություն ուներ 1994 թվականից: Մենք հետեւություններ ենք արել այս ամենից»,- ասաց Զատուլինը՝ դիվանագիտորեն խուսափելով ուղիղ խոսքով նշել, որ հենց Ադրբեջանն է այդ պատերազմ սանձազերծած կողմը։ Չնայած որ նա իր խոսքով հենց Արդբեջանին նկատի ուներ՝ որպես պատերազմ սանձազերծող։



Նրա խոսքով, Ռուսաստանը համապատասխան հետեւություններ է արել՝ տարածաշրջանում սպառազինության հավասարակշռության խախտման հետ կապված, եւ Հայաստանին տրամադրել պաշտպանության ամենաժամանակակից միջոցներ: Անդրադառնալով հիմա էլ Ադրբեջանին զինելու հանգամանքին՝ ՌԴ Պետդումայի ներկայացուցիչն ասաց, որ դրանք վճարված ու նախատեսված էին նախկինում ստորագրված պայմանագրերով․ «Խոսքը սովորական ու պաշտպանողական սպառազինությունների մասին է, ոչ թե ժամանակակից զինատեսակների, որոնք, իմիջիայլոց, մատակարարվել են Հայաստանին բացարձակապես այլ հիմքերով՝ Ադրբեջանի համեմատությամբ»։



Ինչ վերաբերում է Իլհամ Ալիեւի հայտարարությանը, թե «Երեւանն ու Զանգեզուրն ադրբեջանական հողեր են», եւ, առհասարակ, Ալիեւի՝ Երեւանի նկատմամբ հնչեցրած սպառնալիքներին, Զատուլինն ասաց, թե դրանց լուրջ չի վերաբերվում։



Նրա խոսքով՝ նման հայտարարությամբ Ադրբեջանի նախագահը թուլացրեց իր դիրքերը միջազգային հարթակում։ «Այդ հայտարարությունը, ամենայն հավանականությամբ, արվել է ներքին լսարանի համար՝ հաշվի առնելով այդ երկրում առաջիկա ընտրությունները: Սակայն այդ հայտարարությունը քաղաքական եւ պատմական տեսանկյունից որեւէ քննադատության չի դիմանում: Ուղղակի հասկանալի չէ, թե ինչպես որեւէ մեկը կարող է լուրջ վերաբերվել այդպիսի հայտարարություններին»,- ասաց նա՝ քննադատական նոտաներ ուղղելով Ալիեւի ուղղությամբ։



Կոնստանտին Զատուլինը նաեւ հետաքրքիր մի դեպք հիշեց բանակցություններից, երբ դրանց ուղղակի մասնակցություն ուներ նաեւ Արցախը: «Երբ Լեռնային Ղարաբաղը մասնակցում էր բանակցային գործընթացին, ԼՂՀ-ն ներկայացնում էր իմ լավ բարեկամ Արկադի Ղուկասյանը, ով այն ժամանակ արտաքին գործերի նախարարն էր: Մի օր Հռոմում բանակցությունների ժամանակ բանակցային սեղանի շուրջ սուր քննարկումներից հետո ադրբեջանցի պատվիրակը փորձեց ինչ-որ ձեւ թուլացնել լարվածությունը, մոտեցավ Արկադի Ղուկասյանին, ով մտահոգ տեսք էր ընդունել, եւ հարցրեց, թե որն է խնդիրը: Արկադի Ղուկասյանը պատասխանեց, որ Կոլիզեյի ճանապարհին տեսել է Հռոմեական կայսրության քարտեզը, որտեղ նկատել է, որ այն տարածքների վրա, որ միշտ իրենցն են համարել, գրված է «Մեծ Ադրբեջան»: Դա երեկոյան էր, իսկ հաջորդ օրն առավոտյան ադրբեջանական պատվիրակության բոլոր անդամները բանակցությունների էին եկել բարկացած, որովհետեւ գնացել էին համոզվելու, որ Հռոմեական կայսրության քարտեզի վրա ամենուր գրված է «Մեծ Ադրբեջան», սակայն տեսել էին, որ բոլոր տեղերում գրված է եղել «Մեծ Հայք»: Այնպես որ, ես Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունը չեմ կարող այլ բանի հետ կապել, քան պատմության թերի ուսուցման»,- վերջին ակորդը շրխկացրեց Ալիեւի ճակատին ՌԴ Պետդումայի պատվիրակը։



Վերջում Զատուլինին հիշեցրինք նրա նվերի մասին, որ արել է Սերժ Սարգսյանին, երբ վերջինս պաշտպանության նախարարն էր։ Զատուլինը նրան նվիրել էր ոսկե ռուլետկա։ Նա իր այդ նվերը փորձեց բացատրել Սերժ Սարգսյանի՝ Շախմատի ֆեդերացիայի նախագահ լինելու հանգամանքով։ Այս հարցն ակնհայտորեն դուր չեկավ Աշոտյանին, ով փորձեց արագ ավարտել ճեպազրույցը, բայց Զատուլինը չշտապեց, մնաց ու մանրամասն պատասխանեց հարցին։ «Իմ տեսանկյունից Սերժ Ազատի Սարգսյանը թե՛ սպորտում, թե՛ քաղաքականության մեջ իրապես հրաշալի շախմատիստ է»,- Սերժ Սարգսյանին գովերգեց ՌԴ Պետդումայի պատգամավորը։





**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**