Իսկ ո՞վ է Շուշան Պետրոսյանի պատվիրատուն (տեսանյութ)

Իսկ ո՞վ է Շուշան Պետրոսյանի պատվիրատուն (տեսանյութ)
ՀՀԿ-ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն այսօր իր ավանդական ռեպերտուարի մեջ էր։ Նա իր ներսում ինչքան չարություն ուներ՝ թափեց լրագրողների, մասնավորապես՝ «Հրապարակի» լրագրողի վրա։ Նախ իրեն հատուկ շինծու պաթոսով հայրենասիրության դասեր տվեց լրագրողներին, երբ նրան հարցրինք ֆեյսբուքում բանակի համար տուֆ հհավաքելու ակցիայի մասին, որին միացել է նաև ինքը՝ «շանտղություն» համարելով նրանց արածը, ովքեր քննադատում են իրենց, բայց գործ չեն անում։ «Ազգ-տուֆ» անունն ստացած նախաձեռնությունից առաջ էլ ֆեյսբուքում մի քանի «ուլտրահայրենասերներ» նախաձեռնել էին «ազգ-լվացքի մեքենա» օպերացիան ու կոչ էին անում ազգովի փող հավաքել, որ զինվորների համար լվացքի մեքենաներ գնեն։



«Էնպես չի, որ նորություն է: Ես վեց տարի անում եմ այս ծրագիրը։ Հատկապես վերջին երկու տարիներին բանակի հետ կապված շատ նախագծեր են եղել», տուֆ հավաքելու նախաձեռնության մասին ասաց պատգամավորը։



**Hraparak.am**-ը նկատեց՝ ստացվում է, որ մենք պաշտպանության նախարարություն չունե՞նք, որ անընդհատ ժողովրդի հաշվին փորձում ենք բանակին օգնել, այս պարագայում նախարարության գործառույթը ո՞րն է։ Այս հարցից երգչուհի պատգամավորն ակհայտ նեղվեց ու հարձակվեց մեզ վրա․ «Շատ վատն ա հարցը, կասկածու՞մ ես մեր բանակի վրա»։



-**Չեմ կասկածում**։



-Ուրեմն մի հատ մարդավարի, հայ տղու նման հարցեր տուր։



-**Հայ տղու նման ասում եմ՝ մեր նախարարը որտե՞ղ է, որ պետք է մենք**․․․



-Չգիտե՞ս որտեղ ա։ Նախարարությունում։



-**Նախարարությունում ի՞նչ է անում, որ մենք պետք է տուֆի փող հավաքենք, լվացքի մեքենա առնենք**։



-Լսի, քեզնից ո՞վ ա տուֆի փող խնդրել, քեզնից էն էլ․․․



-**Բոլորից են խնդրում, դրամահավաք է, ողորմություն են խնդրում**․․․



-Ողորմությունը․․․ այ, երբ որ հասկանաս, որ բանակին օգնելը ողորմություն տալ չի, այլ բանակի կողքին կանգնած լինել ա, եթե սրտովդ ընդունես, ոչ թե պատվիրատուիդ չափանիշներով ընդունես, որ բանակը մի մարմին ա, որի կողքին պետք է ազգը կանգնած լինի․․․



-**Նախ՝ ես պատվիրատու չունեմ։ Երկրորդը, ես բանակին ինչքան կարողացել օգնել եմ, եւ այդ մասին ոչ ոք չի իմացել։ Եվ երրորդը, բանակին պետք է օգնեն պետական կառույցները**։



-Էդքան վա՞տն ես, որ պատվիրատու չունես։



Ահա իր վերջին հումոր-վիրավորանքից խիստ գոհ՝ Շուշան Պետրոսյանը մտավ դահլիճ։ Ի դեպ, այս զրույցից հետո պարզեցի, որ նա ինձ հեռացրել է ֆեյսբուքում իր ընկերների ցանկից։ Իսկ ավելի վաղ, մինչ հարցազրույց տալը, նա հեգնեց իրեն լուսանկարողներից մեկին՝ ասելով, թե վատ ռակուրսով նկարեցիր, չէ՞, վատ նկարի, դա ավելի լավ են նայում։ Որտեղի՞ց ժամանակին հասարակության սերը վայելած տիկնոջ մեջ այսքան չարություն ու մաղձ մարդկանց նկատմամբ։







**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**