Արմեն Մարտիրոսյանը մի անգամ առաջարկեց՝ գնանք Բաղրամյան 26-ի առջեվ ինքնահրկիզվենք

Արմեն Մարտիրոսյանը մի անգամ առաջարկեց՝ գնանք Բաղրամյան 26-ի առջեվ ինքնահրկիզվենք
Տեւական դադարից հետո Րաֆֆի Հովհաննիսյանը նորից հանդես է եկել «հեղափոխական» քայլով՝ անսպասելի որոշմամբ կրկին դառնալով շատերի քննարկման թեման։ Շաբաթ օրը Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ տեղի է ունեցել կուսակցության խորհրդի ընդլայնված նիստ, ապա՝ վարչության նիստ, որի ընթացքում հավանության է արժանացել Րաֆֆի Հովհաննիսյանի հրաժարականի դիմումը վարչության նախագահի պաշտոնից․ նախագահ է ընտրվել վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, Սուսաննա Մուրադյանն էլ փոխնախագահի պաշտոնն է ստանձնել։ Վարչության կազմում այլ փոփոխություններ տեղի չեն ունեցել, Րաֆֆի Հովհաննիսյանը կզբաղեցնի քաղաքական խորհրդի պատասխանատուի պաշտոնը։ Ի դեպ, այս փոփոխությունների մասին վաղուցվանից էր խոսվում՝ անգամ ընտրություններից առաջ խոսք կար, որ «Ժառանգությունը» ռեստարտի կարիք ունի, սակայն այն ժամանակ կուսակցությունից հեռացան հին կուսակցականները, այդ թվում՝ Զարուհի Փոստանջյանը, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե հրաժարական տվեց, այլ ՕՐՕ դաշինք կազմեց Սեյրան Օհանյանի եւ Վարդան Օսկանյանի հետ։



Չնայած Րաֆֆի Հովհաննիսյանը դադարել է այլեւս զարմացնել իր որեւէ քայլով, հատկապես, որ ներկուսակցական դեմոկրատիայի անվան տակ կուսակցության ստեղծման օրից քանիցս նրա հրաժարականի դիմումներին ենք ականատես եղել, այդուհանդերձ, կուսակցության վարչության քարտուղար **Վանիկ Ալեքսանյանի** հետ զրույցում փորձեցինք պարզել սույն փոփոխության անհրաժեշտությունը։



Հիշեցնենք, որ 2008-ին երկու տարով նախագահությունն ստանձնել էր «Ժառանգության» նախկին անդամ Անահիտ Բախշյանը։ 2012-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվեց պատգամավորական մանդատից, ամիսներ հետո պարզ դարձավ, որ նա նախագահի թեկնածություն է առաջադրում։ Մանդատից հրաժարվելու փորձ եղավ նաեւ 2009-ին, սակայն շուտով Հովհաննիսյանը հետ վերցրեց դիմումը։



Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը շարժմանը նվիրված ուղերձ է հղել, որում նաեւ ասվում է․ «Առջեւում մեզ դժվարին ճանապարհ է սպասվում` պատերազմի ու խաղաղության արանքում մենք ունենք տակավին չլուծված համազգային խնդիրներ, արտաքին եւ ներքին էական մարտահրավերներ: 88-ի վերազարթոնքն առավել եւս հրամայական պահանջ է այսօր»։



-**Պարոն Ալեքսանյան, ինչպե՞ս կմեկնաբանեք ղեկավար կազմում փոփոխությունը, անսպասելի՞ էր ձեզ համար**։



-Անսպասելի չէր, որովհետեւ համագումարից հետո (համագումարը տեղի է ունեցել անցած տարվա հունիսին), երբ վարչության նախագահ ընտրվեց, մենք գիտեինք, որ վեց ամսից կամ մեկ ամսից, կամ, ասենք, ինը ամսից կլինի ռոտացիա։



-**Ինչի՞ց գիտեիք**։



-Դա Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունն է, նրա որոշումը, որ վարչությունը ռոտացիոն լինի, թարմություն լինի, երիտասարդներ գան։ Եթե հիշում եք, երկու տարի էլ Անահիտ Բախշյանն էր ղեկավարում վարչությունը։



-**Իսկ ինչո՞ւ որոշեց հիմա կատարել այդ ռոտացիան, երբ առջեւում քաղաքական կարեւոր զարգացումներ են**։



-Անկեղծ ասած՝ մեզ մոտ էլ կարծիքներ հնչեցին, որ ռոտացիան մնա ապրիլից հետո, մի մասն ընդհանրապես ռոտացիային դեմ էր, բայց քանի որ վարչությունը որոշում կայացրեց, այն ընդունվեց։



-**Իսկ ինչո՞ւ էր ուզում ապրիլից առաջ, եւ ո՞ր կարծիքներն էին գերակշռում**։



-Գերակշռում էին ապրիլից հետո, բայց Րաֆֆի Հովհաննիսյանի ցանկությունն էր մեծ, որ հիմա կատարվի փոփոխությունը։ Գիտեք, գուցե հիմա չկարողանամ փակագծեր բացել, բայց ինչ- որ անակնկալներ պետք է սպասել Րաֆֆի Հովհաննիսյանից։ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց, որ ուզում եմ ձեռքերս մի քիչ ազատեմ։



-**Ի՞նչ անակնկալի մասին է խոսքը**։



-Չգիտեմ, մանրամասներ չի ասվել, բայց ասել է՝ ունեմ անսպասելի քաղաքական քայլ։



-**Վարչության նախագահի պաշտոնն ինչո՞ւ պիտի կապեր իր ձեռքերը**։



-Չեմ կարող ասել, գուցե զբաղվածությունը նկատի ուներ։



-**Հնարավո՞ր է «Ժառանգությունն» ակտիվանա, պայքարի դուրս գա, իր ուղերձում պարոն Հովհաննիսյանը շեշտում էր, թե 88-ի զարթոնքի հրամայական կա, դժվարին պայքար է սպասվում եւ այլն**։



-Բնականաբար, պայքարելու ենք։



-**Սերժ Սարգսյանի վարչապետությա՞ն դեմ**։



-Բնականաբար, ընդվզելու ենք, բայց մենք անելու ենք այնպիսի քայլեր, որոնք հետեւանքներ կբերեն։ Օրինակ՝ թանկացումների դեմ երթ եղավ, գնացին-եկան, գոռացին, արդյունքում ոչ մի բան չփոխվեց, մենք այդպիսի քայլեր չենք անի։ Մտածում ենք օրիգինալ քայլեր անել, որ բան փոխվի։ ՀՀԿ-ականներն ասում են, որ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, մի առիթով նրանցից մեկն ասաց, որ ձեր կուսակցության ղեկավարն էլ չի փոխվում, հիմա փոխում ենք, տեսեք՝ կուսակցությունը տեղում է, իսկ ղեկավարին փոխեցինք։



-**Ե՞րբ կտեսնենք ձեր ակտիվությունը**։



-Հավանաբար այն ժամանակ, երբ կհնչի, որ Սերժ Սարգսյանն է վարչապետի թեկնածուն, այդ դեպքում, իմ կարծիքով, ամբողջ ժողովրդի մոտ կլինի ակտիվություն, այդ դեպքում մենք ժողովրդի ուժը, ցասումը կզգանք մեր թիկունքում եւ պատրաստ ենք ղեկավարել այդ շարժումը։



-**Իսկ հնարավո՞ր է Րաֆֆի Հովհաննիսյանը, որն առանձնապես ակտիվ չէ վերջին շրջանում, ձեռքերը լվանում է «Ժառանգությունից», որի շարքերը, որոշ կարծիքներով, ակնհայտ նոսրացել են։ Հնարավո՞ր է նա այլեւս հեռանա քաղաքական ասպարեզից**։



-Երբ մենք որոշում էինք ընդունում, մտավախություն ունեինք, թե դրսում ինչ կասեն այդ քայլի վերաբերյալ։ Ես համաձայն չեմ, որ մեր շարքերը նոսրացել են, եւ վստահեցնում եմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ չի հեռանում։ Ինչ վերաբերում է պասիվությանը, դա մեզանից չէ կախված, այլ քաղաքական անցուդարձից ու ժողովրդի ապատիկ վիճակից։ Մենք անընդհատ այդ հարցը քննարկել ենք՝ ինչ անենք, որ ակտիվանանք, մեր մասին խոսեն, Արմեն Մարտիրոսյանը մի անգամ նույնիսկ առաջարկեց՝ եկեք գնանք Բաղրամյան 26-ի առջեւ ինքնահրկիզվենք։ Բայց, միեւնույն է, բան չի փոխվելու, չէ՞։



-**Իսկ գուցե Րաֆֆի Հովհաննիսյանը չի ցանկանում անմիջական պատասխանատվություն ստանձնել, քանի որ առանց այն էլ քիչ չեն նրա ձախողումները**։



-Գիտեք, մենք «Ազատ դեմոկրատների» հետ դաշինք կազմեցինք, հետո այն փլուզվեց, ՕՐՕ-ի հետ՝ նույնպես, նախագահական ընտրություններին չկարողացանք տեր կանգնել մեր քվեին, բայց մենք սրանք չենք համարում Րաֆֆիի ձախողումներ, մենք երբեւիցե չենք ասել, որ դա Րաֆֆու մեղքն է։



-**Իսկ դուք տպավորություն չունեցա՞ք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ Արթուր Բաղդասարյանի պես գիտակցում է, որ մեծ է անձամբ իրենից հիասթափությունը, ու որոշել է, այսպես կոչված՝ դեմքերի փոփոխություն անել**։



-Մարդկանց մոտ, այո, հիասթափություն նկատել եմ, բայց դա մեր մեղքը չէր, կներեք, Րաֆֆին չէ՞ր ուզում նախագահ դառնալ։ Մենք այնպիսի քայլեր չենք արել, ինչպիսին ՕԵԿ-ը, մեր ձախողումները եղել են մեր ձախողումները, ոչ թե ժողովրդինը, գուցե հիասթափություն կա, բայց ոչ այնպիսի ծաղրական վերաբերմունք, ինչպիսին Արթուր Բաղդասարյանի նկատմամբ։





**Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ**