Այդ շնորհալի գրողների դեմ էլ են տրամադրում մարդկանց

Այդ շնորհալի գրողների դեմ էլ են տրամադրում մարդկանց

Վերջին օրերի թեժ քննարկումներից հետո, նախօրեին հանրակրթության «Հայոց լեզու» եւ «Գրականություն» առարկաների չափորոշիչ եւ ծրագրեր մշակող աշխատանքային խումբը տեղեկացրեց, որ Ոսկեդարի եւ միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է։  

Չնայած ԿԳՄՍՆ-ի կողմից տրված այս պարզաբանմանը, արձակագիր Սպարտակ Ղարաբաղցյանը կարծում է, որ եթե հանրությունը չըմբոստանար, նախարարությունը չէր գնա զիջումների եւ Ոսկեդարի ու միջնադարյան հայ գրականությունը չէր ներառի ուսումնական ծրագրում։ «Դա ձեւական ետքայլ էր, եւ եթե այս ըմբոստությունը չլիներ, իրենք արդեն հայ գրականությունը տարել էին կառափնարան ու ոնց ուզեին, կքառատեին։ Փառք Աստծո, այս դիմադրությունը եղավ, որը պետք է լիներ եւ արհեստական չէր, ավելին՝ այդ արհեստականի դիմաց եղավ։ Մի պահ պատճառաբանեցին նաեւ, որ այդպես են արել, որովհետեւ հայ գրականությունը համաշխարհային գրականության մի մասն է, բայց դա հայտնություն չէր, մենք գիտենք, որ ոչ թե համաշխարհային գրականության մի, այլ առանցքային մասն ենք, որովհետեւ Նարեկացի ունենք»,- ասում է Ս․ Ղարաբաղցյանն ու նկատում, որ թավշյա հեղափոխությունից հետո հայի ինքնությանը դեմ ոտնձգությունները շատացան․ «Սկզբում հիմնը փոխել, հետո՝ դրոշը, դրանով երեւի իմունիտետն էին որոշում՝ տեսնելու, թե ինչ դիմադրողականություն կա, փառք Աստծո՝ չհաջողեցին։ Դրանք փոքր բաներ էին թվում, բայց գլորվելով՝ այսօր եկանք կանգնեցինք արմատական խնդիրների առաջ։ Նաեւ իրենց ստեղծած գրական միջավայրը հայ գրականության հետ ընդհանրապես կապ չունի, եւ դրա համար էլ երեւի առարկայի անվանումից «հայ»-ը դուրս եկավ, որովհետեւ հասկացան, որ չի կարելի սոսնձել գրականությունը։ Ցանկացած գրականություն դարերով բյուրեղացած իր ժողովրդի կենսագրությունն է՝ լավ, վատ, միջակ, բարձրարժեք։ Բոլորը չէ, որ Նարեկացի են, Քուչակ կամ Համո Սահյան ու Վահագն Դավթյան, բայց բյուրեղացել է, որովհետեւ ժողովուրդն է իր մաղով անցկացրել դարձրել այդ սյուները։ Հիմա այդ սյուների թիկունքին ո՞վ կկանգնի, ո՞վ այդ առաքելությունը կստանձնի՝ ժամանակը ցույց կտա, իսկ սրանք կարկատաններ են, որ կյանք չեն ունենալու»։

Ղարաբաղցյանը նկատում է, որ մինչեւ անգամ խորհրդային տարիներին խնդիրներն այս ձեւով չենք լուծել․ «Ընդհակառակը՝ մենք ավելի շատ բյուրեղացել ենք, ամրացել, եւ գուցե դա է մեր հետագա  հաղթանակների շարժիչ ուժը դարձել։ Ծայրահեղ մի բան կա՝ մենք ռազմաճակատում հաղթանակ ենք տանում, բայց այսօր դուրս ենք գալիս փողոց՝ բուհ չընդունված աշակերտի իրավունքները պաշտպանելու։ Թումանյանի ասած՝ այս օրերն էլ կմթնեն, անց կկենան․․․, բայց ահագին բան կտանեն մեզնից, անհետեւանք չի մնա։ Բայց սա նաեւ այն ժողովուրդն է, որի տարածքները երբ գրավում էին, առաջինը մեր գրքերն էին բանտարկում, տանում, հետո մեծ փրկագին էին ուզում, որ այդ գրքերը վերադարձնեին՝ իմանալով, որ հայ մարդն իր վերջին շապիկն էլ կտար այդ ձեռագիրը փրկագնելու համար։ Հիմա այս պատմություններն ենք ուզում մեր եկող սերնդի կենսագրությունից ջնջել․ սա հեքիաթ չէ, այս պատմություններն իրականություն են։ Դրա համար ես զարմանում եմ՝ սրանք հա՞յ են, թե՞ թուրք, որովհետեւ թուրքի հետ խոսելու ձեւը մենք գիտենք․․․, չես հասկանում՝ սրանք ի՞նչ խմոր են, ի՞նչ կապ ունեն այս երկրի, մեր մշակույթի, պատմության հետ։ Ներկայացված նախագծի հետ կապված՝ մի ձեւակերպում էլ արեցին, թե սեւագիր տարբերակն էր ներկայացվել, ինչը ծիծաղելի է, այսինքն՝ այսօրվա իշխանությունը, կառավարությունը չի հասկանում, թե ինչ է անում, սեւագիրը ո՞րն է, սեւագիրը դնո՞ւմ են հանրային քննարկման, ո՞վ է սեւագիրը քննարկում։ Լավ գրականագետներ, արձակագիրներ ունենք․ մինչեւ այդ խմորը հունցելը հավաքեք այդ մարդկանց, լսեք նրանց կարծիքը»։

Այս օրերին քննադատության թիրախում հայտնվեցին նաեւ ժամանակակից հայ գրողները, ինչո՞ւ։ «Շատ լավ գրողներ կան, որոնք տաղանդավոր մարդիկ են՝ Պաչյանն է, Գրիգը, բայց պետք էր նրանց լավագույն գործերը մտցնել ցանկ։ Սխալ ընտրություն է արվել, եւ ցավն այն է, որ արդեն այս տաղանդավոր, շնորհալի տղերքի, գրողների դեմ էլ են տրամադրում մարդկանց։ Եվ նրանք, ովքեր այդքան էլ տեղյակ չեն ժամանակակից հայ գրականությունից, անկախ իրենցից՝ արդեն հակակրանքով են լցվում այդ անունների հանդեպ։ Նրանց փչացնելու ճանապարհով ենք գնում, ինչը շատ վատ բան է»։

Արձակագիրն ընդգծում է՝ գրականությունը բիզնեսի դաշտ չէ․ «Եթե բիզնեսում կարող է Լֆիկ Սամո լինել, մշակույթի բնագավառը լֆիկսամոների տեղը չէ, այս նախագիծը սեւագրություններով կամ առաջին-երկրորդ ընթերցումներով չպետք է անցկացվի, սա հիմնարար բան պետք է լինի։ Հետո՝ իմ մոտ այն տպավորությունն է ստեղծվել, որ գրաքննադատների կամ հրատարակիչների մի երկու անուն կա, որոնց ճաշակով է այս ամենն արվում, բայց այդպես չպետք է լինի, այդ մարդիկ գնալու են, իսկ գրականությունը մնալու է, պետք չէ այդքան ծառայամիտ լինել, հատկապես այս բնագավառում, որը նվիրյալների ու ոչ արծաթասեր մարդկանց տեղն է,- ասում է Ս․ Ղարաբաղցյանն ու հավելում, որ մեզ մոտ ոչ միայն կրթական բարեփոխումները չեն հաջողվել, այլեւ ոչ մի ծրագիր։- Մենք կհաջողենք այն ժամանակ, երբ հոգեւոր դաշտում հաջողություններ արձանագրենք, ինչպես ռազմաճակատում, սրանք իրար հետ օրգանական կապ ունեն։ Եթե զինվորը չգիտի, որ այդ փամփուշտով ինքը նաեւ Նարեկացի է պաշտպանում սահմանում, այդ զինվորը պարտված զինվոր է, այս նախագծով վաղվա անհայրենասեր զինվոր դաստիարակելու հարցն են լուծում, իսկ այստեղ մտածելու բան ունենք»։