Ի վերջո, բոլորս եղբայրներ ենք, ոչ թե գազաններ

Ի վերջո, բոլորս եղբայրներ ենք, ոչ թե գազաններ

Մոսկվացի ռուս մտավորականը նամակ է գրել մեր հայրենակիցներից մեկին եւ իր տեսակետն է հայտնել հայ-ադրբեջանական հակամարտության եւ վերջին բախումների թեմայով։ Նամակը մեզ ուշագրավ թվաց, եւ մենք հեղինակից թույլտվություն խնդրեցինք՝ այն թարգմանելու եւ հրապարակելու։

«Մոսկվայում հայ-ադրբեջանական հարաբերությունների սրման կապակցությամբ․ ծեծռտուքների ու հարձակումների բոլոր հրահրիչները պետք է ցուցադրաբար ենթարկվեն քրեական հետապնդումների կամ արտաքսվեն՝ վերադարձի 10 տարվա արգելքով։ Եթե այս ամենն արմատից շեշտակի արմատախիլ չարվի, հետո կսկսվի․․․ Իսկ եթե ինչ-որ մեկն ուզում է պատերազմել, թող գնա զորակոչային կետեր ու այնտեղ սովորի «կալաշից» կրակել թիրախների վրա։ Եվ՝ ուղիղ առաջնագիծ։

Նույնը՝ խանութների հետ կապված։ Եթե հաստատվի, որ ինչ-որ մեկը խոչընդոտել է ապրանքների՝ խանութներ հասնելուն, այն էլ ազգային պատկանելության հողի վրա, նրան պետք է զրկել լիզենցիայից ու դնել վերջակետ։ Մեզ մոտ ժողովուրդների միջեւ փխրուն խաղաղությունը նոր-նոր է սկսել հաստատվել, եւ չի կարելի տատանել այդ նավակը։ Չեմ ուզում վիրավորել որեւէ մեկին, բայց ադրբեջանցի բարեկամներիս փոխարեն վաղուց ի վեր ընդունած կլինեի Ղարաբաղի կորուստը եւ կշարունակեի ապրել։ Չի ստացվի այն հետ բերել առանց արյան գետերի։ Իսկ ո՞ւմ են պետք արյան այդ գետերը։ Պետք էր ժամանակին հաղթել։ Եթե մի բան ժամանակին տանուլ ես տվել, ապա ո՞րն է հիմա դրա համար խելագարվելու իմաստը։ Պատահում է՝ ցանկացած երկիր էլ պարբերաբար պարտվել է պատերազմներում։ Պետք է Ղարաբաղը վերադարձնելու գաղափարը փոխարինել ինչ-որ այլ բանով, թերթել այս էջն ու անցնել առաջ, գրկախառնվել եւ առեւտուր անել։ Ռուսներն ու գերմանացիները՝ խնդրեմ, լավագույն առեւտրային գործընկերներն են։ Եվ սա այն դեպքում, երբ ունեցել ենք Հայրենական մեծ պատերազմ։ Ի վերջո, հայերն էլ, չէ՞, կարող էին փորձել թուրքերից հետ վերադարձնել Հայաստանի պատմական Մեծ Հայքը՝ Արեւմտյան Հայաստանը։ Ծիծաղելի մի բան կլիներ, չէ՞։ Մարդիկ հաշտվել են կորստյան հետ։ Շնորհակալություն հազարավոր այն ռուս զինվորներին, ովքեր ընկան՝ միավորելով Արեւելյան Հայաստանը ռուսաստանյան կայսրության հետ, ինչի արդյունքում մնաց գոնե Էրիվանի նահանգը։ Այլապես Հայաստան առհասարակ չէր լինի։ Բայց սա անցյալում է, պետք է շարունակել ապրել այսօր։ Այլապես անցյալը փորփրելով՝ կարող ենք հասնել մինչեւ Չինգիզ խան։ Պետք է ընդունել կորուստն ու շարունակել ապրել՝ կառուցելով մարտունակ բանակ՝ հետայսու եւս տարածքային կորուստներ չունենալու համար։ Կամ էլ՝ անցնել հրթիռներ ունեցող որեւէ գերտերության թեւի տակ։

Բայց ամենակարեւորը․ պետք է կառուցել դինամիկ զարգացող տնտեսություն, զարգացնել գիտությունը, մեծացնել մարդկանց բարեկեցության աստիճանը եւ պայքարել կոռուպցիայի դեմ։ Մինչդեռ երկու երկրներում էլ տիրում են աղքատություն, կոռուպցիա, երրորդ աշխարհի երկիր լինելու բոլոր «հաճույքներն» ու տեղում դոփելը։ Եվ, Աստված վկա, երկուսի համար էլ կռիվների մեջ ներքաշվելու բոլորովին լավ ժամանակ չէ։ Հասկանալի է, որ երկրների կառավարիչներն այս բոլոր ռեւանշիստական խաղաքարտերը խաղարկում են ամեն տեսակ հիմարություններին տուրք տվող հասարակ ժողովրդի ուշադրությունն իրական խնդիրներից շեղելու համար։ Ռուսաստանն ինքն էլ տառապում է այս մանկական հիվանդություններով, բայց մենք մեծ եւ հրիթիռներ ունեցող երկիր ենք, որն ունակ է հաղթահարել կառավարիչների հիմարությունները։ Իսկ Հայաստանի ու Ադրբեջանի համար այս ամենի արձագանքներն այնպիսին կարող են լինել, որ Սիրիան ու Լիբիան ուղղակի դրախտ կերեւան, երբ այդ «կռիվ-կռիվներին» կմիանան մեծ խաղացողները․․․
Կարճ ասած, այս երկրներին անհրաժեշտ է ոչ թե սահմանին հրթիռներ արձակել, այլ՝ բարեփոխումներ, տեղական իշխանիկների փոփոխություն, գիտության ֆինանսավորում․․․ Կարճ ասած, հայերին ու ադրբեջանցիներին հարկ է չտրվել սադրանքներին, տուրք չտալ զգացմունքներին եւ հաշտվել՝ իրար մետաղաձողերով հետապնդելու փոխարեն։ Ի վերջո, բոլորս եղբայրներ ենք, ոչ թե գազաններ․․․»։

Նիկոլայ Նիկոլաեւիչ ԳԱԼԻՑԿԻ