Սումգայիթի առեղծվածը

Սումգայիթի առեղծվածը
Մինչ մենք բավարարվում ենք Սումգայիթի մասին խորհրդարանական լսումներով, Ադրբեջանի ԱԳՆ-ն եւ դատախազությունը հատուկ հայտարարություն են տարածել, որտեղ կատարվածի համար պատասխանատվությունը բարդվում է ԽՍՀՄ ՊԱԿ-ի եւ «հայ ազգայնականների» վրա: Հիմնական թեզն այն է, որ Սումգայիթը կազմակերպվել է, որպեսզի «գործնականում ապացուցվի, որ ադրբեջանական եւ հայ ժողովուրդների համատեղ կյանքն անհնարին է, ինչը որ պետք է հիմնավորեր Լեռնային Ղարաբաղի անջատումն Ադրբեջանից»:



Իհարկե, ադրբեջանական կողմը չի մոռացել [վերստին կրկնել](http://minval.az/news/123766256), որ «անկարգությունների գլխավոր կազմակերպիչը եւ առանձնակի դաժանությամբ հանցավոր մտադրությունն իրականացնողը եղել է ազգությամբ հայ Էդուարդ Գրիգորյանը»: Շեշտված է նաեւ, որ Սումգայիթի շրջակայքում կենտրոնացնելով ՆԳՆ եւ խորհրդային բանակի բավական քանակությամբ ստորաբաժանումներ, ԽՍՀՄ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկել իրավիճակը վերահսկողության տակ առնելու ուղղությամբ: Այդ հայտարարության ամենահիմնական ուղերձը, սակայն, այն է, որ, պարզվում է, 2010թ.-ին Իլհամ Ալիեւի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ քննչական խումբ, որն անհրաժեշտ օպերատիվ-հետաքննչական գործողությունն է իրականացնում՝ «բացահայտելու զանգվածային անկարգության իրական կազմակերպիչներին»:



Այսինքն, Ադրբեջանում Սումգայիթը փակված թեմա չէ: Ալիեւյան ռեժիմն ամեն ինչ անում է, որպեսզի հեռացնի պատասխանատվությունը, հիմնավորի վարկածը, որ Սումգայիթը «սադրանք էր Ադրբեջանի եւ նրա ժողովրդի դեմ»: Սումգայիթից անցել է երեսուն տարի, բայց այդ ընթացքում մենք կես քայլով իսկ չենք մոտեցել ճշմարտությանը: Փոխարենն ամեն տարի կրկնվում են նույն ձեւակերպումները: Մինչդեռ ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը Ռուսաստանից՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ երկրից, պահանջի քրեական գործի նյութերը, կազմավորի քննչական հատուկ խումբ՝ նպատակ դնելով բացահայտել, թե իրականում ինչ է տեղի ունեցել Սումգայիթում, ովքեր են սպանդի կազմմակերպիչները, ինչ նպատակ են հետապնդել: Ոչինչ չի խանգարում, որպեսզի այդ ամենն ի մի բերվի եւ ներկայացվի միջազգային ատյաններին: Ադրբեջանը հետեւողականորեն նենգափոխում է իրականությունը: Բացառված չէ, որ մի քանի տարի կամ տասնամյակ անց աշխարհն սկսի համակերպվել ադրբեջանական «ճշմարտությանը»:



Քաղաքական հայտարարություններ պետք է հնչեցնել, բայց դրանց պետք է հետեւեն իրավական գործընթացներ: Հայ ժողովրդի մի հատվածի նկատմամբ երեսուն տարի առաջ բռնություն եւ ֆիզիկական հաշվեհարդար է կիրառվել էթնիկ պատկանելության հատկանիշներով: Հայաստանը պետք է պետականորեն հետամուտ լինի, որպեսզի այդ հանցագործությունը լիովին բացահայտվի, եւ մեղավորներն ստանան արժանի պատիժ: Նույնիսկ եթե նրանցից մեկն Էդուարդ Գրիգորյանն է, որովհետեւ էթնիկ ծագումն այստեղ նշանակություն չունի: Նա ծնվել, հասակ է առել Սումգայիթում, այդ միջավայրի մարմնացումն է: Եւ նրա արարքի համար նույնպես Ադրբեջանն է պատասխանատու: Ի վերջո, Սումգայիթի առեղծվածը պետք է բացահայտվի:



**Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ**