ՊԵԿ-ը մերժում է արտոնությունների սահմանումը

ՊԵԿ-ը մերժում է արտոնությունների սահմանումը
Վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թվականի հոկտեմբերի 12-ի նիստում հանձնարարական հնչեցրեց՝ մշակել նախագիծ, որով կազատեն էլեկտրական շարժիչով մեքենաների ներմուծումը հարկերից եւ տուրքերից։ Ըստ այդմ՝ նա հանձնարարեց Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին եւ այլ գերատեսչությունների եւս, որպեսզի մշակվեն եւ մեկամսյա ժամկետում ներկայացվեն համապատասխան առաջարկներ։ Վարչապետն այդպիսով ցանկություն ուներ խթանել Հայաստանում էկոլոգիապես մաքուր մեքենաների ներկրումն ու շահագործումը։ Այս օրենսդրական նախաձեռնության մշակման գործում ամենակարեւորը ՊԵԿ-ի առաջարկներն են, որոնց հիման վրա պարզ կդառնա՝ էլեկտրաշարժիչով մեքենաները կստանա՞ն ներմուծման եւ հետագա շահագործման, մասնավորապես՝ գույքահարկի արտոնություն, թե՞ ոչ։



Մենք ՊԵԿ-ից հետաքրքրվեցինք, թե այս մասով ինչ առաջարկություններ են նրանք ներկայացրել կառավարություն։ ՊԵԿ-ից ուղարկեցին իրենց առաջարկությունները, որոնցից պարզ է դառնում, սակայն, որ ոչ մի արտոնություն էլ, ըստ էության, չի տրամադրվի տվյալ մեքենաների դեպքում։



ՊԵԿ-ից մանրամասն բացատրություններով գրություն են ուղարկել, որտեղ կետ առ կետ ներկայացրել են արտոնությունների տեսակներն ու դրանք իրենց չափանիշներով հիմնավորել, թե ինչու չպետք է տրամադրել։ Մասնավորապես, ԱԱՀ-ի գծով արտոնություններ սահմանելու նպատակահարմարության վերաբերյալ ՊԵԿ-ից նշել են․ «Խնդրո առարկա տրանսպորտային միջոցների ներմուծումն ԱԱՀ-ից ազատելու կապակցությամբ հայտնում ենք, որ նշյալ արտոնության տրամադրումը համարում ենք ոչ նպատակահարմար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ էլեկտրական սնուցմամբ շարժիչով ավտոմեքենաների ներմուծման նկատմամբ արտոնությունների սահմանման առաջարկը միտված է բնապահպանական հիմնահարցերի լուծմանը եւ դուրս է ԱԱՀ-ի գծով արտոնությունների տրամադրման տրամաբանության շրջանակներից: Նշյալ բնապահպանական խնդիրների կարգավորման գործիքը, մեր կարծիքով, հիբրիդային եւ էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական վճարներից ազատման միջոցով արտոնությունների տրամադրումն է, ինչն արդեն իսկ իրականացվել է 2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ հարկային օրենսգրքում համապատասխան դրույթների ամրագրման միջոցով»։



Մաքսատուրքերի գծով արտոնություններ սահմանելու նպատակահարմարության վերաբերյալ էլ հիշեցրել են, որ ներկայումս ՀՀ-ի համար անցումային շրջանում՝ մինչեւ 2019 թվականը ներառյալ, արդեն իսկ կիրառվում են ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնից տարբերվող ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափեր (10 տոկոս)՝ ԵԱՏՄ միասնական մաքսային սակագնով սահմանված 15 տոկոսի փոխարեն: Ապա ընդգծել են, որ ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների համար ներմուծման մաքսատուրքի դրույքաչափերը միասնական են եւ ենթակա են փոփոխման բացառապես Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների համաձայնությամբ:



Ինչ վերաբերում է գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու նպատակահարմարությանը, ապա ՊԵԿ-ից եւս մերժող պատասխան են տվել՝ միայն մի փոքրիկ «կոմպրոմիսային» լուծում․ «Էլեկտրական շարժիչով աշխատող մեքենաներին գույքահարկի գծով արտոնության տրամադրումը չի համապատասխանում փոխադրամիջոցների գույքահարկի ատոնությունների շրջանակի սահմանման նպատակադրումներին: Միաժամանակ, անհրաժեշտ ենք համարում նշել, որ ՀՀ հարկային օրենսգրքի 245-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` համայնքի ավագանին համայնքի ղեկավարի ներկայացմամբ եւ համայնքի ավագանու սահմանած կարգով կարող է սահմանել փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնություններ եւ դրանց մասով կայացնել փոխադրամիջոցների գույքահարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու որոշումներ»։ Այսինքն՝ բեռը թողնում են համայնքի ուսերին, իսկ թե որ համայնքի, չի հստակեցվում։ Ըստ երեւույթին՝ խոսքը ցանկացած համայնքի մասին է, որի ավագանին նման արտոնություն սահմանելու ցանկություն կհայտնի։



Սրանից հետեւում է, որ եթե ՊԵԿ-ի այս մերժողական առաջարկները կառավարությունն ընդունի, ապա կստացվի, որ վարչապետի բարի ցանկություններով հանձնարարականն ուղղակի «փոզմիշ» եղավ կամ պարզապես նրա հանձնարարականը չկատարվեց, այս դեպքում՝ ՊԵԿ-ի կողմից։ Հետեւաբար՝ ինչի՞ համար էր վարչապետի այդ ականջահաճո հանձնարարականը։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**