Այդ հանդիսությունները, համերգներն անիմաստ բաներ են, կարեվորը՝ սոցիալական արդարություն լինի

Այդ հանդիսությունները, համերգներն անիմաստ բաներ են, կարեվորը՝ սոցիալական արդարություն լինի
Հարցազրույց երաժիշտ **Լիլիթ Պիպոյանի** հետ։



-**Տիկին Պիպոյան, հունվարի 1-ից թանկացումների նոր ալիք է սկսվել, ու եթե «Ելքն» ընդդեմ թանկացումների երթեր է անցկացնում Երեւանում, «Երկիր ծիրանին» էլ համահայկական ընդվզման կոչեր է հնչեցնում եւ հանդիպումներ անցկացնում շրջաններում։ Ի վերջո, ո՞ւր կարող են հասնել եւ ինչի՞ կհանգեցնեն այս թանկացումները, հնարավո՞ր է սոցիալական բունտ հասունանա հասարակության շրջանում**։



-Ոչ, կարծում եմ՝ դա ոչ մի բունտի էլ չի բերի։ Մեր ժողովրդի ամորֆ վիճակը, հարմարվողականությունը սահմաններ չունեն, մյուս կողմից էլ՝ նաեւ հոգնած, հիասթափված են այդ բունտերից։ Գնաճ էլի կլինի։ Այդ իմաստով իմ տրամադրվածությունը շատ վատատեսական է, եւ, կարծում եմ՝ ոչինչ չի փոխվի, ինչպես կա, այդպես էլ կմնա, նույնիսկ մի քիչ ավելի կվատանա։ Կարծում եմ՝ ո՛չ Փաշինյանին, ո՛չ Զարուհուն չի հաջողվի ոտքի կանգնեցնել մարդկանց։



-**2-3 տարի առաջ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը կարողացավ մարդկանց ոտքի հանել, «Էլեկտրիկ Երեւանը» դրա վառ ապացույցն է։ Ո՞րն էր պատճառը**։



-Դե, քանի անգամ մարդիկ ոտքի կանգնեցին, հիմա կարծես հոգնել են, մի տեսակ հարմարվել, երկար տեւեց այս իրավիճակը։ Ժողովուրդն ընդունել է իրերի այս իրավիճակը, ու արդեն տրամաբանական էլ է այս վիճակը։ Ես, ամեն դեպքում, չեմ հավատում, որ ինչ-որ բան տեղի կունենա։



-**Իսկ որքանո՞վ եք տրամաբանական եւ իրատեսական համարում, որ այս տեմպերով կարող ենք 2040-ին 4 մլն դառնալ։ Ամեն դեպքում՝ Սերժ Սարգսյանը նման ցանկություն է հայտնել**։



-Չկա նման բան, դա տեսական ցանկություն է, ոչ մի 4 մլն-ի էլ չենք հասնի։ Սուտ է։



-**Այս տարի նշելու ենք մեր Առաջին հանրապետության 100-ամյակը եւ Արցախյան շարժման 30-ամյակը։ Ինչպե՞ս կուզեիք, որ դրանք նշվեին եւ արժեւորվեին մեզանում**։



-Ես կուզեմ, որ հանդիսությունները լինեն շատ զուսպ, քիչ, եւ նշվի որեւէ էական քայլով՝ դեպի սոցիալական արդարությունը։ Ես կնախընտրեի, որ ընդհանրապես ոչ մի հանդիսություն չլիներ, որովհետեւ այդ հանդիսություններն ուղղակի թոզփչոցի են, ավելորդություններ, դրանք կարծես քեֆ լինեն ժանտախտի ժամանակ։ Լավ կլինի՝ ոչ մի բան էլ չլինի, բոլոր այդ հանդիսությունները, գմփգմփոցները, համերգներն անիմաստ բաներ են, կարեւորը՝ սոցիալական արդարության դաշտում մի էական փոփոխություն տեսնենք։



-**Այս օրերին մեծ աղմուկ բարձրացավ Արամ Մանուկյանի հուշարձանի շուրջ, որը մայիսի 28-ին պետք է տեղադրվի Հանրապետության հրապարակում։ Ձեզ համար ընկալելի՞ է եռագույնի մեջ փաթաթված Արամ Մանուկյանի կերպարը**։



-Ես այդ լուսանկարներն եմ տեսել, բայց չեմ պատկերացնում, թե իրականում այն ինչպես կլինի։ Ամեն դեպքում կարծում եմ՝ եթե Արամ Մանուկյանը եռագույն դրոշով փաթաթված է, դրանում ոչ մի սարսափելի բան չկա։ Դա սիմվոլիկ մոտեցում է, եւ ամեն ինչ կախված է նրանից, թե գեղարվեստորեն այն ինչպես լուծված կլինի, թե չէ՝ սկզբունքորեն ոչ մի վատ բան չեմ տեսնում դրա մեջ։



-**Ապրիլից նոր կառավարման համակարգ ենք ունենալու եւ ականատեսն ենք դառնալու արդեն 4-րդ հանրապետության ծնունդին։ Դուք անձնապես ի՞նչ հույսեր ունեք**։



-Որոշ հույսեր կան, բայց չեմ սպասում էական փոփոխություն լինի, եւ որ էապես 4-րդ հանրապետություն է սկսվելու։ Նույն բանը շարունակվելու է, եւ ոչինչ չի փոխվելու։ Ուղղակի ընդդիմադիր ուժն ակտիվ է եւ ինչ-որ թարմություն մտցնում է, չնայած նույն բանը նախկինում էլ կար։



-**Ընդդիմադիր ուժ ասելով՝ ո՞ւմ նկատի ունեք**։



-Նկատի ունեմ «Ելքին»։



-**Բայց նրանց նախագահի թեկնածուն չընդունվեց, եւ այս պահին որպես նախագահի միակ թեկնածու Արմեն Սարգսյանն է, ինչպե՞ս եք վերաբերվում նրա թեկնածությանը, հատկապես, որ ընդգծում են նրա գիտնական լինելու հանգամանքը**։



-Շատ ծանոթ չեմ նրան, իր դասընկերներից, կուրսեցիներից լսել եմ, որ բավականին խելոք անձնավորություն է, բայց վաղ հասակից կուսակցական կարիերայի հակված։



**Սոնա ԱԴԱՄՅԱՆ**