Հանուն մեկ մարդու անձնական իշխանության հավերժացման
Արմեն Սարգսյանը Մեծ Բրիտանիայի Թագավորության լիիրավ քաղաքացի է եւ անընդհատ ապրել է այդ երկրում, որը կարելի է համարել անառարկելի փաստ։ Նման իրավական հակադրության եւ անընդունելիության պայմաններում անգամ առաջադրվում է նրա թեկնածությունը։ Երկրի գործող նախագահը հանդիպում է վերջինիս հետ եւ, որպես ՀՀ նախագահի նոր թեկնածու, նրան ներկայացնում է ՀՀԿ-ին, հանդիպումներ է ունենում կուսակցությունների եւ արտերկրի համայնքների հետ։ ՀՀ Սահմանադրության 125 հոդվածի 3-րդ կետում գրված է․ «Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը»։
Սերժ Սարգսյանի ինքնահաճ տոտալիտարիզմի փայլուն օրինակ է այն, որ Ազգային ժողովի գործառնային պարտականություններն իրականացնում է քաղաքական մի այր, որը նման իրավասությամբ օժտված չէ։ Նորից տեսնում ենք, որ խախտված է իշխանությունների տարաբաժանման սահմանադրական կարգը։ Բարոյական հարթությունում նա եւ նրա ընտանիքը երկրի ու ժողովրդի հետ որեւէ աղերս չունեն, եւ նա սպասարկել է միայն արտաքին քաղաքական խնդիրներ, որոնք աչքի չեն ընկել արդյունավետությամբ։ Միայն նշենք, թե քանի հակաղարաբաղյան որոշում եւ հակահայկական միջոցառումներ են իրականացվել մեր դիվանագիտության կողմից։ Տպավորություն է, թե իբր մեկ անձի որոշումներն են գերակայում, հաշվի չեն առնվում Սահմանադրությունն ու օրենքները, եւ նպատակ է հետապնդվում բացարձականացնել մեկ մարդու հավերժական իշխանությունը։
**Վոլոդյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ**
Կարծիքներ