Վաղը լույս կտեսնի «Հրապարակի» նոր հավելվածը

Վաղը լույս կտեսնի «Հրապարակի» նոր հավելվածը
«Հրապարակ» օրաթերթը Մշակութային հավելված ունենալու միտք վաղուց ուներ։ Ու չնայած բազում դժվարություններին այն վերջապես մոտ է իրականություն դառնալուն։ Անցած տարեվերջին մենք մասնակցեցինք մշակույթի նախարարության հայտարարած փոքր դրամաշնորհների մրցույթին եւ ստացանք այս նախագծի մեկնարկի համար անհրաժեշտ գումարը։ Երկու ամիս շարունակ մեր խմբագրությունում քննարկել ենք Հավելվածի բովանդակության, դիզայնի, ասելիքի հետ կապված հարցերը։ Մեր փոքրիկ խմբագրակազմով փորձել ենք «փոքրիկ» հնարավորություններով «մեծ» բան ստեղծել։ Թե որքանով է հաջողվել, կդատի ընթերցողը, որի դատին ենք պատրաստվում վաղը հանձնել «Հրապարակ Մշակութայինի» առաջին համարը։



Հավելվածը տպագրվելու է ամիսը մեկ անգամ եւ լինելու է 4 էջանոց ներդիրի տեսքով (թեպետ ցանկությունը մեծ էր՝ ավելին անելու, բայց ֆինանսական սղությամբ պայմանավորված բավարարվել ենք սրանով, հույս փայփայելով, որ նախագիծը կյանքի կոչելուց հետո նաեւ «մեկենասներ» կհայտնվեն եւ այն կընդլայնվի)։ Հավելվածում փորձելու ենք ներկայացնել նախեւառաջ հետաքրքիր պատմություններ ու անկեղծ, անմիջական, «չխմբագրված» խոսք։ Անկեղծությունը լինելու է գլխավոր չափանիշներից մեկը, որով «օժտված» է լինելու մեր հավելվածը։ Առաջին համարը լույս կտեսնի վաղը՝ «Հրապարակ» թերթի վաղվա համարին կից, որը կարող եք ձեռք բերել բոլոր կրպակներից՝ 100 դրամ վճարելով բուն թերթի ու նաեւ հավելվածի համար։ Ուրախ կլինենք լսել մեր ընթերցողների կարծիքը, ցանկությունները, դիտողությունները եւ, իհարկե, բաց ենք համագործակցության համար։



Հավելվածի խմբագիր՝ Սոնա Ադամյան