Մենք, Սահակաշվիլին, Օբամայի համբուրգերը եվ Մոսկվան

Մենք, Սահակաշվիլին, Օբամայի համբուրգերը եվ Մոսկվան
Ենթադրենք՝ մեկը պարապ է մնացել ու հայերեն է թարգմանել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ, ոչ մի երկրի քաղաքացի չհանդիսացող Միխայիլ Սահակաշվիլու «Ուժերի զարթոնք» գիրքը: Ինչ է, Եղիշե Չարենցի տուն-թանգարանը պարտավոր է իր հարկի ներքո ընդունել այդ գրքի շնորհանդե՞սը: Ի՞նչ է եղել որ` հարցնում են մարդիկ: Բայց նախ սովորեք հայերեն ճիշտ գրել «Սահակաշվիլի» բառը: «Սաակաշվիլի»-ն պարզ տառադարձություն է ռուսերենից:



Վրաստանը եւ Ադրբեջանը պետք է միմյանց սատար լինեն, նրանք ընդհանուր հայացքներ ունեն, ամուր կապեր,- «The Business Year» ամսագրի` Ադրբեջանի անկախության 20-ամյակին նվիրված հատուկ համարի մեկնաբանություններում ասել է Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սահակաշվիլին: «Մեր երկու պետությունները լուրջ խնդիրներ ունեն՝ կապված չկարգավորված հակամարտությունների հետ, եւ Ադրբեջանի ու Վրաստանի յուրաքանչյուր ընդդիմախոս մեր երկու պետությունների թշնամին է: Մեր ուժը միասնության մեջ է, եւ դա ընդամենը խոսքեր չեն, դա իրողություն է»,- ընդգծել է նա:



Խոսելով համատեղ իրականացվող ծրագրերի մասին, Սահակաշվիլին առանձնացրել էր Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը, քանի որ «բոլորվին նոր ռազմավարական կապ է հաստատվում ոչ միայն Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ, այլեւ Կենտրոնական Ասիայի, Չինաստանի եւ Եվրոպայի»: Եղբայր ադրբեջանցիներին, հայր եւ որդի Ալիեւներին գովերգելով՝ Սահակաշվիլին հավելել էր. «Մեր երկրների միջեւ խնդիրներ չկան»:



Հայերը դեռ հինգերորդ դարում քաջ գիտակցում էին, որ մեր թշնամու թշնամին մեր բարեկամն է: 21-րդ դարում Վրաստանի նախագահի պաշտոնում հայտնված Սահակաշվիլին հայտարարում է՝ Ադրբեջանի թշնամին Վրաստանի թշնամին է: Խեղճ վրացի ժողովուրդ, բան հասկացա՞ր: Հավանաբար, Սահակաշվիլին այս խոսքերն արտասանելիս տեղյակ չէր, որ Ադրբեջանի անվտանգության ռազմավարական փաստաթղթում որպես Ադրբեջանի թշնամի երկիր մատնանշված է Հայաստանը եւ, բացի այդ, Ադրբեջանի հետ չկարգավորված հակամարտության բուն ընդդիմախոսը Հայաստանն է: Բայց հազիվ թե Վրաստանի նախագահը չիմանար այդ մասին, մանավանդ, որ այդ հանճարեղ միտքը հղանալիս նրա վզից արդեն իսկ կախված էր ՀՀ նախագահի շնորհած մեդալը:



Երկու ձեռքի մատներն էլ չեն բավարարի հաշվելու, թե Սահակաշվիլին քանի անգամ է համոզմունք հայտնել, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքով։ Մենք ամեն անգամ փորձել ենք հասկանալ Սահակաշվիլուն. Վրաստանը չի կարողանում հաշտվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորստի փաստի հետ, եւ, բնական է, որ այդ երկրի նախագահը պետք է անընդհատ թմբկահարի տարածքային ամբողջականության հարցը, մանավանդ երբ տարածքների դե ֆակտո անջատումը տեղի է ունեցել հենց իր պաշտոնավարման տարիներին: Բայց, ինչ էլ լինի, որպես նախագահ, որպես պետական եւ քաղաքական գործիչ, Սահակաշվիլին պետք է իմանար, որ տարածքային ամբողջականությունը մեկ բան է, իսկ ազգերի ինքնորոշման բացարձակ իրավունքը՝ մեկ այլ բան։ Միջազգային իրավունքի այդ երկու հիմնարար նորմը տարանջատել եւ հարցին նայել միայն Բաքու-Թբիլիսի-Կարս գնացքի պատուհանից, կարծում ենք, այնքան էլ հարիր չէր առաջադեմ Արեւմուտքի դեսպան Սահակաշվիլուն։



Սահակաշվիլուն են պատկանում բազմաթիվ այլ հակառեկորդներ եւս։ Հավանաբար, շատերն են հիշում Օբամայի համբուրգերից կծելու մասին Միշայի բացատրությունը: Ըստ նրա՝ Օբամայի համբուրգերից կծել կկարողանան այն քաղաքակիրթ երկրները, որոնք զինված ուժեր չունեն այլ երկրների տարածքում։ Սահակաշվիլու ակնարկն առավել քան թափանցիկ է, եթե անգամ այն 90 տոկոսով Ռուսաստանին է վերաբերում: Այլ երկրների տարածքում զինված ուժեր ասելով` Սահակաշվիլին, անշուշտ, նկատի ունի նաեւ հայ-ադրբեջանական շփման գծում կանգնած հայ զինվորին, որովհետեւ Օբամայի համբուրգերից թյուրիմացության մեջ է ընկել եւ Արցախը համարում է Ադրբեջանի տարածք:



ԱՄՆ գործակալ Սահակաշվիլին, որ այսօր հետապնդվում է Վրաստանի եւ Ուկրաինայի իրավապահների կողմից, փաստորեն, դեռ իր նախագահության տարիներին վրաց ժողովրդի` զարգացման արեւմտյան ուղին ընտրելու պայքարը նույնացնում էր Օբամայի համբուրգերին հասնելու ձգտումների հետ: Բնականաբար, այդպես դյուրանում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի կորուստը բացատրելու խնդիրը: Սահակաշվիլու «Քո թշնամին իմ թշնամին է» սոփեստության եւ «Ուժերի զարթոնք» գրքի չկայացած շնորհանդեսի առիթով արժե թերեւս Օբամայի համբուրգերից կծել երազող գործչին եւ նրա գրքի հայ ջատագովներին մեկ անգամ եւս հիշեցնել, որ ոչ մի նորմալ երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը եւ նույնիսկ Հայաստանը, զենքի չի դիմում, եթե դրա անհրաժեշտությունը չի լինում: Զենքի չէին դիմի նաեւ աբխազները, հարավ-օսերը եւ հայերը, եթե Վրաստանը կամ Ադրբեջանն առաջինը չփորձեին զենքի ուժով ճնշել այդ ժողովուրդներին: Հիմա բարի եղեք ասել՝ ո՞վ է ավելի արժանի Օբամա քեռու համբուրգերին, այսինքն՝ ո՞վ է ավելի քաղաքակիրթ՝ նրա՞նք, որ լուծ են պարտադրում, թե՞ նրանք, որ ազատագրվում են լծից: Այլ բան, որ օտարներն էլ այս հարցերին այլ կերպ են նայում, մի դեպքում այս, իսկ մի ուրիշ դեպքում՝ այլ տեսանկյունից: Հետեւաբար, բոլորովին էլ կարիք չկա, կարծում ենք, որ յուրաքանչյուրն իր ճշմարտությունն առաջ հրի՝ ուշադրություն չդարձնելով գոյություն ունեցող մեկ եւ միակ ճշմարտությանը: Հայաստանն էլ կարող է իր բաժին ճշմարտությունն առաջ տանել եւ մի գեղեցիկ օր ճանաչել բոլորի անկախությունը, հայտարարելով՝ ով չի ճանաչում, ուրեմն չճանաչված երկրների թշնամին է: Մեջտեղում դարձյալ տուժելու է բուն ճշմարտությունը, քանզի հստակ է՝ ճանաչումը չպետք է լինի երկակի ստանդարտներով, չպետք է հետապնդի մեկին օգնելու, իսկ մյուսին տկարացնելու նպատակ: Ճանաչումը պետք է տեղի ունենա միջազգային նորմերի տառին ու օրենքին համապատասխան, որպեսզի լինի համընդհանուր, եւ ոչ ոք նման անհեթեթ հայտարարություններ անելու ցանկություն ու առիթ չունենա:



Եղիշե Չարենցի տուն-թանգարանում Սահակաշվիլու գրքի շնորհանդեսի արգելումը ՀՀ իշխանությունների (ըստ ոմանց` նաեւ ««բոլշեւիկյան մնացուկների») ձեռքի գործ հռչակելը, ինչպես նաեւ Սահակաշվիլու գրքից կտորների հրապարակումը, թե տեսեք-տեսեք` մենք ինչքան քաջ ենք ու առաջադեմ, ամենեւին էլ դրա մասին չի խոսում: Ընդհակառակը, դա խոսում է հիշողություն չունենալու, թափթփված լինելու եւ մեր հազվագյուտ այլ ունակությունների մասին, որոնցից նորմալ ազգերը վաղուց են հրաժարվել: Ինչի՞ մասին է խոսքը, երբ հայերեն ենք թարգմանում ամենահակահայ գործիչներից մեկի ինքնագովազդ-գիրքը ու մի բան էլ շնորհանդես կազմակերպում այն տարածելու համար: Լավ, ի՞նչ կմտածեն մեր մասին հենց վրացիները, որոնք քաջատեղյակ են Սահակաշվիլու բոլոր հակահայկական «քաջագործություններին»:



Որոշ հայկական լրատվամիջոցներ էլ այնքան «խելամտություն» ունեցան, որ գրեցին, թե Մոսկվան է արգելել Սահակաշվիլու գրքի շնորհանդեսը: Կարո՞ղ եմ հարցնել` Մոսկվան ի՞նչ շահ ունի դրանից: Մի՞թե այսօր այդ նույն Մոսկվայի հերոսը չէ Սահակաշվիլին, որ խժդժություններ է կազմակերպում Ուկրաինայում: Սահակաշվիլին էր, որ իր վարած քաղաքականությամբ Ռուսաստանին վերադարձրեց Աբխազիան եւ Հարավային Օսիան, այդ նույն Սահակաշվիլին էր, որ Մայդանի օրերին ուկրաինացիներին կոչ արեց զենք վերցնել սեփական իշխանությունների դեմ եւ պայքարել մինչեւ վերջին ուկրաինացին: Ես չեմ հասկանում` Մոսկվան ինչո՞ւ պետք է դեմ լիներ Սահակաշվիլու գրքի շնորհանդեսին։







**Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ**