Արտագաղթը բացարձակ կապ չունի օպտիմալացման հետ

Արտագաղթը բացարձակ կապ չունի օպտիմալացման հետ
Կրթության եւ գիտության նախարարությունն անցյալ տարի դպրոցների օպտիմալացման ծրագիր սկսեց։ Նպատակը մարզերում եւ Երեւանում որոշ դպրոցների միավորումն էր՝ ավելի օպտիմալ կառավարման համար, քանի որ դպրոցներ կան, որոնք այս տարիներին դատարկվել են, աշակերտների թիվը նվազել է։ Մինչդեռ պետությունը տվյալ դպրոցների պահպանման համար բյուջեից հսկայական գումարներ է հատկացնում։ Հատկապես անմխիթար է վիճակը մարզերում, առավել եւս՝ սահմանամերձ համայնքներում, որտեղ այնքան քիչ մարդ է մնացել, որ դպրոցներում տարբեր տարիքի աշակերտներ մեկ դասարանում են դաս անում, ամեն տարի շրջանավարտ չեն ունենում, ուսուցիչներն էլ՝ ամեն մեկը մի քանի առարկա է դասավանդում։ Եվ այս ամենը, բնականաբար, ունի մեկ գլխավոր պատճառ՝ արտագաղթը։ Մեր իշխանությունների վարած քաղաքականության հետեւանքով մարդիկ տարիների ընթացքում հազարներով լքեցին երկիրը՝ դատարկելով ինչպես գյուղերն ու քաղաքները, այնպես էլ դպրոցները։ ԿԳՆ-ում, սակայն, ի զարմանս մեզ, բացարձակ ոչ մի կապ չեն տեսնում դպրոցների դատարկվելու եւ արտագաղթի միջեւ։



ԿԳՆ աշխատակազմի ղեկավար **Նաիրի Հարությունյանը** սա կապում է ինչ-որ կառավարման առանձնահատկությունների հետ՝ հասնելով մինչեւ սովետական ժամանակներ։ Հոգու խորքում, իհարկե, պարոն Հարությունյանն էլ, որպես բանական մարդ, թերեւս գիտի, որ կապ կա արտագաղթի եւ դպրոցների դատարկվելու միջեւ, քանզի դա առավել քան ակնհայտ է, բայց երեւի պաշտոնական դիրքը թույլ չի տալիս ուղիղ նայել այդ պատճառահետեւանքային տխուր փաստին ու ընդունել արտագաղթի կործանարար հետեւանքները կրթության ոլորտի վրա եւս։ «Օպտիմալացման գործընթացն ընթացքի մեջ է, դա այնպիսի գործընթաց է, որ անընդհատ լինելու է։ Կյանքը դինամիկ է, բնականաբար՝ այդ դինամիկ շարժման մեջ ընթացքում միշտ լինելու է արդյունավետության բարձրացում։ Անցյալ տարվա ընթացքում մարզերում եւ Երեւանում ընդհանուր թվով 13 դպրոց մենք օպտիմալացրել ենք։ Օպտիմալացրել ենք արդյունավետության սկզբունքով՝ աշակերտների քանակ, մոտ գտնվող դպրոց, եթե տարբերակ կա, որ մենք պետք է կրթության մատչելիությունը նույնպես ապահովենք, եթե տեսել ենք, որ այսինչ դպրոցում աշակերտների թիվը որոշակի նվազագույն չափի է, մյուս դպրոցում էլ կա, եւ իրենց հեռավորությունը ոտքով հասանելի է, բնականաբար, նպատակահարմար ենք համարել այդ երկու դպրոցը միավորել»,- ասաց ԿԳՆ աշխատակազմի ղեկավարը։



-**Ի՞նչ եք շահել արդյունքում, գո՞հ են այդ դպրոցներից օգտվողները**։



-Ես գոհը կամ դժգոհը չեմ կարող ասել կոնկրետ 100 տոկոս անձանց մասին, բայց որեւիցե բողոք, համենայնդեպս, չի եղել ինձ, որովհետեւ ե՛ւ ուսուցիչներն են տեղավորվել նոր դպրոցում աշխատանքի կամ եթե նորում չեն տեղավորվել, մեկ այլ դպրոցում են անցել աշխատանքի։



-**Աշխատանքից դուրս մնացողներ չե՞ն եղել**։



-100 տոկոսով չեմ կարող պնդել, համենայնդեպս, այն ուսուցիչները, ովքեր որ մեկ դրույք դաս են ունեցել, բնականաբար, իրենք շարունակել են։ Եթե ինչ-որ մի տեղ եղել է, որ մի առարկայի վրա մի քանի ուսուցիչ շատ ցածր դրույքով աշխատել է, միգուցե։ Բայց որեւիցե ցավալի պրոցես տեղի չի ունեցել։ Բնականաբար, տեխնիկական մասի աշխատողների կրճատում որոշակի կլինի, քանի որ երկու տնօրենից մեկն է մնում, կամ փոխտնօրեններն են կրճատվում եւ այլն։ Այսինքն՝ էդ վարչական մասով որոշակի բան կլինի։ Բայց դե, հենց իմաստն էլ արդյունավետությունը բարձրացնելն է։ Բայց նաեւ հենց դպրոցի շենքային ծախսերի կրճատումն է։ Մեկ դպրոցի հաշվով միայն շենքի պահպանման ծախսերի մասով 18-20 միլիոն դրամ խնայվել է։



-**Իսկ առաջիկայում օպտիմալացման նոր գործընթաց պլանավորո՞ւմ եք**։



-Դե, բնականաբար, մենք ուսումնական տարվա կեսից չենք կարող անել, բայց մինչեւ մայիս նորից կնայենք, կտեսնենք՝ կանխատեսումն ինչպիսին կլինի, որպեսզի ավելի օբյեկտիվ պատկեր ստանանք։



-**Ի՞նչ եք կարծում, օպտիմալացման գնալու այս պարտադրված քայլն արտագաղթի՞ հետեւանք չէ, արդյոք**։



-Չէ, բացարձակ էդպիսի բան չկա, դա որեւիցե կապ չունի։



-**Բայց մարդկանց քանակը կրճատվում է գյուղերում, քաղաքներում, ըստ այդ՝ նաեւ դպրոցներում**։



-Չէ, դա էդպես չէ, ասեմ ինչու, էլի։ Բոլոր դեպքերում, տարբեր ժամանակաշրջանների մասին ենք խոսում եւ դպրոցների կառավարման տարբեր մոդելների եւ մոտեցումների մասին ենք խոսում։ Հիմա սովետական տարիներին կառուցված դպրոցները մի փոքր այլ չափանիշներ են ունեցել…



-**Չէ, կոնկրետ մարդաքանակի առումով բացառո՞ւմ եք, որ արտագաղթն ազդեցություն ունեցել է, որ հիմա ստիպված գնում եք օպտիմալացման**։



-Բացառում եմ, որովհետեւ արտագաղթը բացարձակ կապ չունի օպտիմալացման հետ։



-**Բայց մարդկանց քանակը կրճատվում է, եթե նախկինում մի դպրոցում կար 1000 աշակերտ, հիմա կա 600, գյուղերում՝ ավելի քի**չ։



-Չէ, դպրոցը մի քիչ ուրիշ բան է։ Եթե դասարանն ունի 30-35 աշակերտ, ենթադրենք՝ 5 աշակերտ պակասեց, ինքը, միեւնույն է, չի…



-**Բայց ոչ թե 5, այլ 15, 20 աշակերտ է պակասում, դա է ամբողջ խնդիրը**։



-Չէ, էդ կարգի թվեր չկան։ Եթե Դուք իմ կարծիքն եք հարցնում, ես դա բացառում եմ։ Մնացածը՝ չգիտեմ, մարդահամարի մասնագետ չեմ, էլի, ոչ էլ ժողովրդագրության։



**Վահե ՄԱԿԱՐՅԱՆ**