Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն առակագիր դարձել

Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն առակագիր դարձել
Մի հարցազրույցում, բայց դժվարանում եմ մտաբերել, թե երբ եւ որ լրատվամիջոցին տրված, Սերժ Սարգսյանը պատմել էր, թե դպրոցական տարիներին երազել է պատմաբան դառնալ, հետո` բանասեր, բայց այդպես էլ չի դարձել ո՛չ մեկը, ո՛չ մյուսը, այլ` պետական ծառայող: Այժմ, երեւում է, տասնամյակներ տարած ծառայողական բեռը Սարգսյանը որոշել է ուսերից իջեցնել: Անձամբ ես առանձնապես չեմ հավատում, թե նա ստանձնելու է վարչապետի պաշտոնը, կարծում եմ՝ Սարգսյանն ապրիլի 9-ից հետո ոչ մի պաշտոն էլ չի վերցնի, ազատ ռեժիմով կապրի, կշրջագայի, իր հոբբիներով կզբաղվի, հարազատներին, ընկերներին ավելի շատ ժամանակ կհատկացնի եւ այդ անհամեմատ հաճելի ու հետաքրքիր առօրյայի մեջ էլ ՀՀԿ նախագահի, «իմաստուն առաջնորդի» պաշտոնից ու դիրքից կհեռակառավարի Հայաստանի քաղաքական դաշտն ու իշխանություններին` բոլորին պահելով իրենից կախված, իսկ իրեն` ամեն պարտականությոնից ազատ ռեժիմում:



**Առակագրության շարժառիթները**



Երեւում է՝ չինովնիկական տաժանակրությունից ազատվելու հեռանկարը Սերժ Սարգսյանին իրոք ոգեւորել է, դպրոցական երազանքներն է հիշել, մասնավորապես՝ բանասեր դառնալու, ինչի արդյունքում էլ համարյա տասն օր ամբողջ երկրին առակագրության դասեր էր տալիս` առանց անունը նշելու՝ նկարագրելով ապագա նախագահին: Իհարկե, իր իրավահաջորդին Սերժ Սարգսյանը որոշել էր, թերեւս, ամիսներ առաջ, եւ պարզ էր, որ ՀՀԿ-ականները կատարելապես դատարակախոսում են, թե իբր իրենք Գործադիր մարմնի նիստում հոգնակի թվով թեկնածուներ են առաջադրելու եւ ընտրություն են կատարելու:



Իրականում, Սերժ Սարգսյանից բացի, ՀՀԿ-ում թեկնածու առաջադրող երկրորդ անձ չէր կարող լինել, քանի որ անգամ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ականները չեն համարձակվում Սերժ Սարգսյանին թեկնածություններն առաջարկել, առաջադրվել-ընտրվելուց հետո էլ չեն համարձակվում Սերժ Սարգսյանից հարցնել-ճշտել՝ արդյոք իրենք պե՞տք է մանդատը վերցնեն, թե՞ հրաժարականի դիմում գրեն: Հետեւաբար, ո՞վ կհավատա, թե այս անլեզու, անձայն արարածները կարող են հանկարծ ՀՀ նախագահի թեկնածություն առաջադրել: Եվ, ինչպես տեսանք, ՀՀԿ գործադիրի նիստում ոչ մի հոգնակի թվով թեկնածուների առաջադրում էլ չէր եղել, Սերժ Սարգսյանը տվել էր իր թեկնածուի անունը, նիստի մասնակիցներն էլ՝ իրենց միաձայն հավանությունը: Երեկ էլ արդեն Սերժ Սարգսյանը պաշտոնապես թեկնածուին` Արմեն Սարգսյանին առաջարկեց համաձայնել առաջադրվելու ՀՀ 4-րդ նախագահ:



Մնում է հարցը, թե այսքան պարզունակ սխեմայի մեջ ինչու էր Սերժ Սարգսյանն օրեր շարունակ առակագրությամբ զբաղվում` իր թեկնածուի անունը հրապարակելու փոխարեն՝ նրան նկարագրելով: Կարծում եմ՝ շոուով հասարակությանն զբաղեցնելու համար: Եվ պետք է խոստովանել, որ եթե ոչ հասարակությանը, ապա մամուլին լիովին զբաղեցնում էր: Մամուլի էջերը, հեռուստատեսային եթերը, օն-լայն տարածքը չէին կարող դատարկ մնալ, նյութեր չդրվեին նախագահի ընտրության թեմայով, բազմակի ավելի նյութեր կհայտնվեին թանկացումների թեմայով` ավելի լարելով մթնոլորտն ու հանրային դժգոհությունը: Այնպես որ՝ Սերժ Սարգսյանն առանց հաշվարկի չէր առակագիր դարձել:



**The show must go on**



Սակայն ուշադրության արժանի է, որ Արմեն Սարգսյանին ընդունելիս եւ ՀՀ 4-րդ նախագահ առաջադրվել առաջարկելիս էլ Սերժ Սարգսյանն առակագրությունը շարունակեց: Սարգսյանների միջեւ ՀՀ նախագահական նստավայրում կայացած զրույցը, գոնե հրապարակված մասով, կատարելապես դիվանագիտական խոսակցություն է:



Սերժ Սարգսյանն ասում է, որ Արմեն Սարգսյանը պետք է ընտրվի առաջին փուլում («ցանկալի է» ասվածը բառային շղարշ է, իրականում՝ պայման է նշվում: Այլ հարց, որ ոչ կամայականորեն, քանի որ եթե ԱԺ-ում ՀՀ նախագահի մեկ թեկնածու է քվեարկվում, նա պետք է առաջին փուլով անցնի, կամ նոր ընտրություն լինի: Երկրորդ, երրորդ փուլերը կարգավորում են մրցակցային ընտրությունը, երբ մեկից ավելի թեկնածուներ են քվեարկվում): Այնուհետ Սերժ Սարգսյանն ըստ էության առաջարկում է, որ Արմեն Սարգսյանն ինքը հանդիպի ԱԺ խմբակցություններին եւ իր՝ առաջին փուլում անցնելու համար անհրաժեշտ ձայներն ապահովի:



Արմեն Սարգսյանը, ում համակիրը լինելուց ինքս, ի դեպ, շատ հեռու եմ, այնուամենայնիվ, որպես մտածող մարդ, նույն դիվանագիտական շղարշումով պատասխանում է, որ խորապես շնորհակալ է իրեն նախագահ առաջադրելու առաջարկի համար, ինքը հանդիպումներ կունենա, արդյունքները կգնահատի եւ որոշում կկայացնի:



Այսինքն, շոուն շարունակվում է` լրատվադաշտն ու դրա միջոցով հասարակությանն զբաղեցնելու էստաֆետն այժմ հանձնելով Արմեն Սարգսյանին: Ոչ ոք թերեւս չի առարկի, որ առնվազն քաղաքական կուսակցությունների հետ Արմեն Սարգսյանի հանդիպումները, դրանց ելքը, արդյունքները հետաքրքրելու են բոլորին: Այսինքն՝ մոտ մեկ ամսվա շոու ապահովված է, բայց արդյո՞ք այդտեղ լոկ շոու հաշվարկ է, թե՞ ավելի խորը գործընթաց:



Արմեն Սարգսյանը կարողանալո՞ւ է ԱԺ-ում իր համար ինքնուրույնաբար 79-80 «կողմ» ձայն ապահովել: Ակնհայտ է, որ այդքան եւ ավելի «կողմ» ձայներ կլինեն, եթե Սերժ Սարգսյանը համապատասխան հրահանգ իջեցնի ՀՅԴ-ին եւ «Ծառուկյան դաշինքին»: Ի՞նչ խաղ է ընթանալու, լոկ շոուի՞, թե՞ ավելի խորքային դիրքավորման, եւ ի՞նչ վերջաբան է լինելու: Չես հերքի, որ դա հետաքրքիր է: Ինչպես հայտնի երգում` շոուն շարունակվում է:



**Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ**