Արմեն Սարգսյանը սեթեւեթում է, փոխարենը ընդունի «նշանի մատանին»

Արմեն Սարգսյանը սեթեւեթում է, փոխարենը ընդունի «նշանի մատանին»
Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում իր քաղաքական կարիերայի ավարտին որոշել է եթե ոչ համաշխարհային, ապա հայ քաղաքական-քաղաքագիտական մշակույթում իր հետքը թողնել՝ «նյու հաու» սահմանելով այդ ասպարեզում: Եվ այդ ճանապարհին նրա առաջին փորձերը կապված են հենց նախագահի պաշտոնի եւ այդ պաշտոնին նոր երանգավորում հաղորդելու ու «համեմունք» ավելացնելու հետ: Եվ այսպես, նա սկզբում հայտարարում է, թե ՀՀ ապագա, ասել է թե՝ իրենից հետո եկող նախագահը պետք է օժտված լինի մարդկային ու պրոֆեսիոնալ բարձր հատկանիշներով, սակայն չլինի քաղաքականությամբ երբեւէ զբաղված, ապա ներկայացնում է ՀՀ նախագահի հաջորդ թեկնածուին՝ Արմեն Սարգսյանին․ «Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը պետք է լինի կայացած եւ վառ անձնավորություն, քաղաքականապես պատրաստված եւ կոփված պետք է լինի, բայց ոչ քաղաքականացված: Նա պետք է կարողանա կազմակերպել երկխոսություն քաղաքական տարբեր ուժերի միջեւ, ինչպես նաեւ հասարակության տարբեր խավերի միջեւ լարվածությունը թուլացնելու նպատակով, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի:



Պետք է կարողանա պատվով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունն արտերկրում, ճանաչի սփյուռքը եւ ունակություն ունենա համախմբելու աշխարհասփյուռ հայությանը»: Սերժ Սարգսյանին այս միտքը հուշողները պատկերացնո՞ւմ են, թե ինչպես է հնարավոր լինել քաղաքականապես պատրաստված ու հետն էլ կոփված՝ առանց քաղաքականության մեջ լինելու: Սերժ Սարգսյանը, մինչեւ ուղնուծուծը քաղաքականության մեջ թաթախված, գերքաղաքականացված պաշտոնյա լինելով, իր այս վերջին հայտարարությամբ ապացուցում է, որ բավականաչափ հեռու է դասական քաղաքականության մասին գիտությունից՝ քաղաքագիտությունից, եւ անհաղորդ այդ գիտության սահմանումներին, ինչու չէ՝ նաեւ աքսիոմներին: Քաղաքականությամբ զբաղվողները չեն կարող իրենց ոլորտում լինել կոփված, պատրաստված, առանց քաղաքականացված լինելու (զուր չէ, որ քաղաքական մտքի գիգանտներից ոմանք քաղաքականությունը համեմատում են պոռնկության հետ): Քաղաքականապես կոփված, բայց չքաղաքականացված պաշտոնյան նույնն է, ինչ, օրինակ, կույս պոռնիկը: Մի բան, որն անհնար է ֆիզիկայի օրենքներով, չնայած շատ քաղաքական գործիչների կյանքի կրեդոն «հա՛մ հաճույք ստանալն է, հա՛մ կույս մնալը»:



Ինչ վերաբերում է Ս. Սարգսյանի՝ ապագա նախագահի նկարագրությանը, ապա այն կարելի է պրոյեկտել ազնիվ, բանիմաց, ուղի անցած, հանրության կողմից ճանաչված ցանկացած անձի վրա: Զրուցեք Հայաստանում օրական տասնյակ կիլոմետրեր անցնող ցանկացած տաքսիստի հետ ու ձեզ համար անսպասելի կբացահայտեք, որ գործ ունեք ոչ միայն կայացած ու վառ անձնավորության, այլ նաեւ քաղաքականապես լավ պատրաստված ու կոփված եւ հետն էլ՝ քաղաքականացված անձի հետ, ով, ինչպես Սերժ Սարգսայնն է սիրում ասել, առանց սեթեւեթելու կհամաձայնի ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը: Ավելին՝ մեքենայի «բարդաչոկից» կհանի ու ձեզ կներկայացնի «երկիրը երկիր» դարձնելու իր սոցիալ-տնտեսական ծրագիրը, որտեղ ներկայացված ֆանտաստիկ լուծումներին կարող են նախանձել անգամ կառավարության ծրագրերը հղացող-գրողները: Որքան էլ անտրամաբանական է Սերժ Սարգսյանի «նոու հաուն», մյուս կողմից էլ պակաս անտրամաբանական չէ Արմեն Սարգսյանի արձագանքը նրա առաջարկին, ինչը կարծես վկայում է նախկին վարչապետի ոչ միայն քաղաքականապես պատրաստված չլինելու, այլեւ խիստ ապաքաղաքական անձ լինելու մասին: Նա, հավանաբար, քաղաքավարության կանոններից ելնելով, որոշել է «թանկ ծախել իր նազը» եւ միանգամից չընդունել «նշանի մատանին»՝ ժամանակ խնդրելով քաղաքական ուժերի, հանրային լայն շրջանակների, ինչպես նաեւ Արցախի, սփյուռքի հայորդիների հետ հանդիպելու, Ս. Սարգսյանի առաջարկը քննարկելու, մտածելու, ապաեւ՝ վերջնական որոշում կայացնելու համար: Մտածելը, անշուշտ, օգտակար զբաղմունք է մտավոր աշխատանքով զբաղվող անհատի, գիտնականի համար, սակայն այս դեպքում անհասկանալի է, թե ինչի շուրջ պետք է մտածի Արմեն Սարգսյանը, եթե ինքը համարվում է ՀՀԿ-ի միակ թեկնածուն նախագահի պաշտոնում, ում պետք է ընտրի խորհրդարանն իր «լայն համաձայնությամբ»:



Արմեն Սարգսյանը, հավանաբար, մոռացել է, որ նախագահի պաշտոնն այլեւս ՀՀ քաղաքացիների կամքի արտահայտությամբ ընտրվող պաշտոն չէ, դրա համար մի ամբողջ ծախսատար կամպանիա է իրականացվել՝ Սահմանադրություն է փոխվել, եւ նախագահ ընտրելու գործը վերապահվել է ԱԺ-ին, ի դեմս իր՝ Սերժ Սարգսյանի խոսքը գետինը չգցող երեսփոխանների: Այդ դեպքում հարց՝ Արմեն Սարգսյանը հանրության կարծիքը հարցնում է, նույնն է թե՝ Սերժ Սարգսյանի «տոնը փչացնում է», որ ի՞նչ անի: Դիցուք՝ հանրային եւ քաղաքական շրջանակները չեն տալիս բաղձալի «ադաբրյամս»-ը եւ հորդորում են Արմեն Սարգսյանին չթողնել Նորին մեծության հետ թեյի սեղանի շուրջ հաճելի զրույցները՝ այն փոխարինելով հայկական «դառը սուրճի» ու տհաճ զրույցների հետ, ի՞նչ է անելու Սարգսյանը, մերժելո՞ւ է իր ազգանվանակցի առաջարկը: Հազիվ թե: Այնպես որ, հանուն քաղաքական ուժերի ու հանրության նյարդերի պահպանման, որքան հնարավոր է՝ արագ պետք է կողմնորոշվել առաջարկի շուրջ, քանի որ ԱԺ-ի լայն համաձայնությամբ քվեարկության պարագայում, գոնե հանձին Արմեն Սարգսյանի, կունենանք սոլիդ, ոչ գավառական նախագահ, ով, ինչպես հայտնի է, նաեւ մեծ կարողության տեր է:



Այս հանգամանքը պակաս կարեւոր չէ եւ բավարարում է հանրության կողմից մշտապես սահմանվող այն չափանիշը, ըստ որի՝ ՀՀ նախագահի «աչքը պետք է կուշտ լինի»: Թե չէ՝ երկրի առաջին դեմքերի կշտանալու պրոցեսը ոչ միայն տասնամյակներ է տեւում, այլեւ դառը հետեւանքներ է ունենում երկրի տնտեսության եւ հանրության սոցիալական-հոգեբանական ու նաեւ՝ բարոյական վիճակի վրա:



**Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ**