Վերջը պոզով-պոչով չի լինում

Վերջը պոզով-պոչով չի լինում
Ասում է` գնաճից դեռ մարդ չի մեռել: Լավ է այս մի սփոփանքն էլ կա, այլապես Հայաստանում վաղուց խուճապ առաջացած կլիներ ու շունը տերը չէր ճանաչի: Մարդիկ դժվարությամբ, բայց, այնուամենայնիվ, սովորում են գնապիտակների վրա մեծացող թվերին, քաշը գցող և փոքրացող հացի տեսքին, համը կորցնող ու արհեստականացող կաթնամթերքին, նրբերշիկի նմանվող թղթի թափոնին: ՀՀ իշխանություններն այս ամենին նայում են չռված աչքերով և որևէ քայլ չեն ձեռնարկում գնաճը, եթե ոչ կասեցնելու, ապա գոնե մեղմելու համար: Հայաստանը, երևի, սոցիալական պետության մի հատուկ տարատեսակ է, որտեղ կարող են թոշակ ու աշխատավարձ չբարձրացնել, բայց հարկերը ավելացնել, կոմունալով խեղդել և գներին ազատություն տալ: Սա, թերևս, առաջավոր փորձ կարելի էր համարել սոցիալական մյուս պետությունների համար, եթե այդ պետությունների իշխանություններն էլ որոշեին ոչինչ չանել և մերոնց նման հանգիստ հետևել, թե ինչպես է ժողովուրդը սովորում գնաճին:



Գնաճը ամենածանր բանը չէ, որին ժողովուրդը սովորում է: Մանավանդ հայերս ավելի սարսափելի բաներ ենք տեսել, համակերպվել, տոկացել, ապրել: Դժվար պահերին շատ կարևոր է, որ ժողովուրդը գիտակցի թե հանուն ինչի է դիմակայում արհավիրքին, ինչու պետք է տոկա, պայքարի, և թե ինչ է լինելու այդ պայքարի վերջում: Գնաճը, որքան էլ իր հետ դժվարություններ բերի, դեռ արհավիրք չէ, բայց և չի կարելի լռել ու ոչինչ չանել, ամեն օրվա պես նստել «պադավատն» ու գնալ գործի` չմտածելով մայթերին ցրտից ու քաղցից կուչ եկած մարդկանց մասին: Սա արդեն նշանակում է` արհամարհել, թքած ունենալ, լինել լկտի: Այո, լկտի է այն պետական պաշտոնյան, որ ռոճիկ է ստանում ժողովրդի գրպանից ու թքած ունի, թե ինչ կուտի ժողովուրդը` կարտոֆի՞լ, թե՞ ավելի էժան բան: Մեր օրերում կարիք չկա թագավորի պես չարչու շորեր հագնել և գնալ ժողովրդի մեջ` իմանալու, թե ինչ են մտածում մարդիկ քո մասին: Փառք, Աստծու, համացանցը մեր իշխանություններին ազատել է նաև այդ հոգսից: Սոցցանցերում հայհոյանքը համատարած է, ոչ մեկին չեն խնայում: Ավելորդ է կարծեմ, հիշեցնելը, որ հայ բանահյուսությունը աշխարհում ամենահարուստն է հայհոյանքների ու անեծքների գծով: Եվ այդ ամենը հորդում է նաև փողոց, տրանսպորտ, սուպերմարկետ, շուկա…



Հարևանիս ասում եմ` այ Շմավոն, մի քանի ամիս առաջ մարդկանց համոզում էիր, որ ձերոնց ընտրեն, հիմա ինչո՞ւ ես հայհոյում:



-Մարդ չեն, ես դրանց…,- ավելի է կատաղում Շմավոնը, հետո, շունչը տեղը բերելով ավելացնում.



-Ոչ մեկն էլ մարդ չեն, ով էլ գալիս է նույնն է անում, ես դրանց…



Ես հիմա չգիտեմ, թե այս համատարած հայհոյանքի տակից մեր իշխանություններն ինչպես են դուրս գալու: Երևի կասեք` հայհոյանքը նրանց համար սովորական բան է: Չէի ասի: Հայհոյանքը հետևանք է թողնում, նստվածք է տալիս: Պաշտոնյաների գիտեմ, որոնք նույնիսկ փորձում են հակադարձել, ընդհուպ քեն պահել, «սոված շներ» են անվանում իրենց հայհոյող մարդկանց, սպառնում` «սատկացնել»: Ո՞ւր կգնանք այսպես, դեռ ինչքա՞ն կխորացնենք վիհը ժողովրդի և իշխանությունների միջև ու ի՞նչ «հարսանիքների» ականատես կլինենք վերջում:



Այն ո՞ր միամիտն է կարծում, որ Հայաստանում սոցիալական բունտի համար նախադրյալներ չկան: Ուրեմն շարունակեք լռել ու ոչինչ չանել, քամեք ժողովրդին մինչև վերջին լուման, և այդ ժամանակ կտեսնենք` կա՞ բունտի նախադրյալ, թե՞ չկա: Բայց ինչո՞ւ բանը հասցնել դրան, եթե կարելի է տոկալ ժողովրդի հետ, աշխատել, ելքեր որոնել, մեղմացնել թանկացման հետևանքները: ԵՏՄ-ն ու ԵՏՄ-ի մաքսային օրենքները ամենևին էլ արդարացումներ չեն: Այդ օրենքները նոր չեն ի հայտ եկել, դրանք նախապես քննարկվել և ստորագրվել էին, և պետք էր պատրաստվել դրանց ու թևերը ծալած չսպասել, թե ինչ է լինելու վերջը: Սա է վերջը, ու գոնե հիմա պետք է իրար գալ, շարժվել, խոսել, աշխատել: Ի վերջո բոլորս էլ գիտենք, որ մարդիկ Հայաստանից փախչում են նաև ԵՏՄ երկրներ, հատկապես`Ռուսաստան: Ուրեմն հնարավոր է չէ՞, ԵՏՄ-ում աշխատել ու ապրել: Այն էլ կա, որ ստիպողաբար աշխատելն ամենևին էլ պարտադիր չէ: Ով չի ուզում աշխատել, ում տանձին չէ ժողովրդի այս վիճակը, ով պետական պաշտոնը մսուրքի հետ է շփոթում, թող սիկտիր լինի, գնա, պահում ենք, որ ի՞նչ անենք: Մանավանդ` քիչ էլ չեն, ու դրանց աշխատավարձերով մի քանի հազար տուն կարելի է փրկել արտագաղթից, աղքատությունից ու ԵՏՄ մաքսային օրենքներից:



Ավարտելով` մի խնդրանք ուղղեմ մեր հեռուստաալիքներին: Հարգելի գործընկերներ, եթե կարելի է, անիմաստ սերիալների և «հա-հա հի-հի»-ի արանքում մի քանի րոպե հատկացրեք Հայաստանի պատասխանատուներին: Եթե չգան էլ, բերման ենթարկեք, որ գոնե մի բան ասեն ժողովրդին, բացատրեն, գոնե էկրանից շփվեն մարդկանց հետ, այլապես նրանք շուտով կմոռանան, որ ինչ-որ բանի համար պատասխանատու են:



**Էդիկ Անդրեասյան**