Մեռելին դնելու եք սեղանին ու ասեք՝ պարտքը փակեք, նոր թաղե՞նք․․․

Մեռելին դնելու եք սեղանին ու ասեք՝ պարտքը փակեք, նոր թաղե՞նք․․․
Անցած գնացած պատմություն է, բայց ծեր ամուսինների վեճը դեռ ականջներումս պահպանվել է՝



-Ախչի Մարուս մըռնիլան վախում եմ։



-Խե՞ այ մարդ, բա տու տղամարթ չե՞ս․․․



-Մինըտ էլա մի պյանի տեր չեք, հու՞նց եք ինձ յերունիլու․․․



Ու այսպես համարյա ամեն օր։ Մարուսը երբեմն հուսադրում էր․



-Էդ վեր մեռալն ա տափին մնացալ, որ տյու մնաս․․․



Հիմա երկուսն էլ չկան՝ կռիվն իզուր էր։ Երկուսն էլ առոք-փառոք հողի մեջ հանգստանում են։ Հարևան, ընկեր, բարեկամ հավաքվեցին, նրանց ճանապարհեցին։ Պետությունն էլ օգնեց ՝ հավիտենական ննջի համար տեղ տվեց, փողով էլ, ինչքան հիշում եմ, օգնեց։



Մամուլում շրջանառվում է, որ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը (գեներալ Մանվելի տղան) մարդու մեռնելուց հետո հարկահավաքության նոր ձև է գտել՝ «Մեռած ա, բայց թաղած չի, այ երբ բոլոր հարկերը վճարի, այն ժամանակ էլ կթաղվի»։ (Ժամանակ)։



Սա հայկական մտածողությու՞ն է։ Մեռելին դնելու եք սեղանին ու ասեք՝ պարտքը փակեք, նոր թաղե՞նք։ Էլ ինչու՞ ենք զարմանում, երբ մեռնող հիվանդին չեն մոտենում «մինչև փողի քիթը չեն տեսնում»։



Առանց օրինականացնելու էլ դա կատարվում է։ Հանգուցյալի հարազատը, առաջին իսկ հնարավորության դեպքում հողի հարկն ու գույքի հարկը վճարում է։ Հիշում եմ պապս մեռնելուց առաջ կանչեց տղաներին՝ էսինչին 200 ռուբլի պարտք եմ, կփակեք, որ էն աշխարհում հանգիստ լինեմ։



ՀՀ Դուք՝ հարուստներդ ձեզ հարց տվեք՝ հարկային ձեր պարտավորությունները տեղը տեղին կատարու՞մ եք։



Հասմիկ Բաբաջանյան