Առաջին հերթին ոտքի պետք է ելնի սոցիալապես անապահով խավը

Առաջին հերթին ոտքի պետք է ելնի սոցիալապես անապահով խավը
2017 թվականի դեկտեմբերի 11-ին «Երկիր Ծիրանի» կուսակցության կանանց խորհուրդն ի պատասխան Հայաստանում գործող ավտորիտար համակարգը ներկայացնող ՀՀԿ-ի կողմից արված հրապարակավ ցինիկ հայտարարությունների և առաջին անհրաժեշտության սննդամթերքի թանկացման հետ կապված թոշակների և աշխատավարձերի չինդեքսավորմանն (չբարձացմանը) կազմակերպել էր բողոքի ակցիա:



Բողոքի ակցիայի նպատակն էր մերժել բթացած անասնական վարքագծի դրսևորումը և հանցավոր անգործության դատապարտումը: Ակցիան տեղի ունեցավ ՀՀԿ գրասենյակի առջև: Շուրջ հարյուր ոստիկան շրջափակել էին ՀՀԿ գրասենյակը և թույլ չտվեցին արածելու և որոճալու համար նախատեսված մթերքը փոխանցել հասցեատերերին: ՀՀԿ անդամների կողմից հրապարակային հայտարարությունները և դրսևորած անգործությունը, կապված մարդու սննդակարգի համար նախատեսված նվազագույն անհրաժեշտ մթերքների աննախադեպ թանկացման պայմաններում մարդկանց թոշակների և աշխատավարձերի չինդեքսավորելը (չբարձացնելը) և դրա հիմնավորելը, որ սոցիալապես անապահով խավը միևնույն է օգտագործում է միայն կարտոֆիլ, որը չի թանկացել, խախտում է մարդու իրավունքներն ու ազատություններն ուղղակի և անուղղակի ձևով հանդիսանալով քրեորեն հետապնդելի արարք՝ մարդու իրավահավասարության խախտում:



Արգելվում է կախված սոցիալական ծագումից, գույքային վիճակից, անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից մարդու իրավունքներին ու օրինական շահերին պատճառել վնաս: Նման վարքագծի դրսևորումը իհարկե նորություն չէ: Նորություն չէ նաև մեր հանրության հանդուրժելու ունակությունը շարունակական անարդարություններին և ապօրինություններին: Բայց ժամանակն է սթափվել և ոտքի կանգնել՝ չհանդուրժելով անարդարությանն և ապօրինությանը: Առաջին հերթին ոտքի պետք է ելնի սոցիալապես անապահով խավը և անհնազանդության միջոցով տապալի հանցավոր համակարգը: «Երկիր Ծիրանի» կուսակցությունը կոչ է անում ինքնակազմակերպվել և ինքնաազատագրման միջոցով հասնել բաղձալի նպատակին՝ հաստատել արդար կարգեր հայրենիքում:



**«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն**