Գյումրու մանկատան սաները ցնցեցին ռուսական բեմը

Գյումրու մանկատան սաները ցնցեցին ռուսական բեմը
Դեռ սեպտեմբերին ռուսական НТВ հեռուստաընկերությամբ ընթացող «Ты-Супер! Танцы» շոուին մասնակցող Գյումրու «Թռչունյաց տուն» մանկատան սաներ 17-ամյա Դավիթ Այվազյանն ու 16-ամյա Աստղիկ Մխիթարյանը միանգամից գերեցին ժյուրիին՝ հայկական Շալախոյով: Ժյուրիի 4 անդամներն էլ կանաչ լույս վառեցին եւ մեր զույգին հաջորդ փուլին մասնակցելու հնարավորություն տվեցին։



Մանկատան տնօրեն Սոնյա Սիրունյանը hraparak.am-ին որոշ մանրամասներ պատմեց. «Առաջարկը եկել է НТВ-ից: Հարցրեցին՝ ունենք պարող, տաղանդավոր սաներ, որոնց կարող են ընդգրկել իրենց ծրագրում: Մրցույթի կանոններն այս անգամ այդպես են եղել, ընտրել մանկատան սաների՝ ապացուցելու, որ նրանք էլ ոչ մի բանով չեն տարբերվում ծնողներ ունեցողներից: Նրանց նույնպես տրվում են հավասար հնարավորություններ: Դավիթն ու Աստղիկը՝ երկուսն էլ պարում էին մեր համույթում: Քանի որ շատ ներդաշնակ պարային զույգ էին, ընտրեցինք իրենց: Ռուսաստանից նախ սկայպով տեսան երեխաների շնորհքը, հետո զանգեցին, ասացին տոմսերն ուղարկում ենք, որ գան: Ամսից ավել է այնտեղ են: Այնքան տարբերվում են մյուսներից իրենց պարկեշտությամբ: 140 պարողներից, որ իրենց ընտրել են, ես դա արդեն հաղթանակ եմ համարում: Չնայած որքանով հետևել եմ նման մրցույթների, հայ երեխաներին առաջին տեղ չեն տվել, բայց դե, տեսնենք»,- հույսը չի կորցրել մանկատան տնօրենը:



Երեկ արդեն Դավիթն ու Աստղիկը հերթական հաղթանակը տարան: Նրանք անցան եզրափակիչ փուլ: 13 մասնակցից լավագույնը ճանաչվել են 4-ը: Գյումրեցի պատանիներն այժմ նախապատրաստվում են մրցույթի եզրափակիչ փուլին:



**Արևիկ Հակոբյան**