Նախկին նախարարի որդուն ազատել են պաշտոնից

Նախկին նախարարի որդուն ազատել են պաշտոնից

Սոցիալական ապահովության նախկին նախարար Նարինե Բալայանի որդուն ազատել են պաշտոնից։ Եղիշե Աբելյանը, ով հարկայինի հնաբնակ աշխատակիցներից է, տարբեր տեսչություններում եղել է պետ, տեղակալ, եղել է Սեւանի հարկային տեսչության պետ, Գորիսի հարկային տեսչության պետ, ապա տեղակալ, այժմ հեռանում է համակարգից։ Ըստ ամենայնի՝ համակարգից հեռանալու պատճառը հարկային տեսչության պետի տեղակալի պաշտոնի հետ չհամակերպվելն էր։ Մինչ հեռանալը Եղիշե Աբելյանը տեւական ժամանակ արձակուրդի մեջ էր։



Hraparak.am-ը կապ հաստատեց Եղիշե Աբելյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ պատասխանել հարցերին․ «Բոլոր հարցերով դիմեք պետեկամուտների կոմիտեի լրատվական բաժին»․- ասաց Եղիշե Աբելյանը։ Փորձեցինք տեղեկությունը ճշտել ՊԵԿ լրատվականից եւ ուրբաթ օրվանից սպասում ենք պատասխանի: Մեզ փոխանցեցին, որ ինֆորմացիան կարող են փոխանցել միայն երեքշաբթի օրը։



Հիշեցնենք, որ Նարինե Բալայանը, ով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն էր 1985-1990 թվականներին, եղել է Գերագույն խորհրդի պատգամավոր, գլխավորել սոցիալական հարցերի հանձնաժողովը, հետագայում նշանակվել է սոցապ նախարարի խորհրդական եւ զբաղվել է հասարակական գործունեությամբ։