Ֆիրդուսու պոտենցիալ ներդրողը գործարար Արմեն Մկոյանն է

Ֆիրդուսու պոտենցիալ ներդրողը գործարար Արմեն Մկոյանն է

Ֆիրդուսու փողոցը կամ 33-րդ թաղամասը կառավարությունը գերակա հանրային շահ էր ճանաչել դեռեւս 2007-ին։ Բայց իրացման գործընթացը ոչ մի կերպ գլուխ չի գալիս։ Մեր տեղեկություններով, վարչապետը հանձնարարել է արագացնել այն։ Այժմ օպերատիվ բանակցություններ են վարվում հնարավոր ներդրողների հետ։ Բարդությունն այն է, որ նա, ով համաձայնեց ներդրումներ կատարել մայրաքաղաքի այս հատվածում, անխուսափելիորեն բախվելու է այն բնակիչների հետ, որոնք հրաժարվել են պայմանագրեր կնքել կառուցապատողների հետ։ 



Փոխհատուցումը «կատաստրոֆիկ» ցածր է



Ըստ կառավարության վերջին տվյալների, որոնք հրապարակվել են նախագահական ամառանոցի մոտ Ֆիրդուսու բնակիչների ակցիայից հետո, 20 շահառուներ կան, որոնք դժգոհ են առաջարկվող շենքերի տեղակայման վայրերից, բնակարանների վերանորոգման վիճակից կամ հատկացվելիք շենքերում գործող սպասարկման վճարներից եւ դատական կարգով պաշտպանում են իրենց իրավունքները։ Նրանք պահանջում են գումարային համարժեք փոխհատուցումներ: Բնակիչները, որպես փոխհատուցման ընդունելի չափ, նշում են 1000 դոլար 1 քմ-ի համար եւ դեմ են նաեւ կառավարության առաջարկած հաշվարկման մեխանիզմին, որի համաձայն, հողի համար տալու են բնակտարածքի գնի 1/3-ը։ Մի քանի տարի առաջ կառուցապատող ընկերություններն առաջարկում էին 600-650 դոլար քառակուսու համար։ Ըստ Ֆիրդուսու բնակիչների, այժմ գումարն իջել է մինչեւ 300-350 դոլար, ինչը նրանք կտրականապես մերժում են։




«Մուշն» ու «Բիթլիսը» տուն են քանդում



ՀՀ կառավարությունը 33-րդ թաղամասը գրավելու պլանները կազմել է դեռ 2007 թվականին։ Անցած 10 տարիների ընթացքում կրքերն այս տարածքի շուրջ բորբոքվում ու կրկին մարում են։ Հերթական «բորբոքումը» եղավ փետրվարին, երբ քաղշինպետկոմի նախագահ Նարեկ Սարգսյանը, ներկայացնելով առաջիկա 3 տարիների կառուցապատման փաթեթը, հայտարարեց, որ Ֆիրդուսի շուկան կքանդվի, եւ թաղամասի կենտրոնական մասում 90 մետր տրամագծով նոր հրապարակ կկառուցվի՝ կոր եւ օղակաձեւ։ Թե ինչ են անելու բնակիչների հետ, որոնք չեն կնքել պայմանագրեր եւ դուրս չեն գալիս տներից, նա չասաց, բայց շինարարական աշխատանքներն սկսելու ժամկետ նախանշեց՝ այս տարվա երկրորդ կեսը։ Սակայն Ֆիրդուսու բնակիչները մտադիր չեն հանձնվել։ Նրանք արդեն որոշակի իրավական հաղթանակներ են գրանցել։ Բանն այն է, որ «Հասարակության եւ պետության կարիքների համար օտարման մասին» ՀՀ օրենքով, եթե 7 տարվա ընթացքում հանրային շահ ճանաչելու վերաբերյալ իրավական ակտը չի կատարվում, այն պետք է անվավեր ճանաչվի։ Բայց, խախտելով օրենքը, կառավարությունը 2008-ին, 2009-ին, 2010-ին, 2015-ին նոր որոշումներ է ընդունել, որոնցով երկարաձգել է կառավարության 2007թ․ 108-Ն պատմական որոշման մեկնարկի ժամկետը։ Այսինքն՝ բնակիչների սեփականազրկման գործընթացն ամեն տարի նորից սկսվել է։ Ընդ որում, որոշումից որոշում տարածքի նոր ձեռքբերող է ճանաչվել սկզբում «Գլենդել հիլզ» խումբը, ապա «Սիթի սենթեր դեւելոփմենթը», «Դվին հոլդինգը», «Միլենիում քոնսթրաքշնը»։ Վերջին՝ 2012-ի որոշմամբ արդեն 1 ընկերության փոխարեն 18 ընկերություն ձեռքբերող ճանաչվեց, եւ հետաքրքիրն այն է, որ բոլոր ընկերությունների տնօրինությունը նույնն էր, եւ դրանք Արեւմտյան Հայաստանի քաղաքների անուններ են կրում՝ «Մուշ», «Բիթլիս» եւ այլն։ 



ՍԴ որոշումը բնակիչներին թեւեր է տվել



Բնակիչներն այս ապօրինությունը փորձեցին նախ վերացնել վարչական դատարանում, ապա, մերժվելով, դիմեցին Սահմանադրական դատարան։ «ՍԴ-ն բացահայտել է այն օրենքների բովանդակությունը, որոնցով վարչական դատարանը պետք է առաջնորդվեր՝ ապահովելով դիմումատուների դատական պաշտպանության իրավունքը։ ՍԴ-ն «բացատրել» է դատավորներին օրենքը, արձանագրել է, որ վարչական դատարանը չի կիրառել այն օրենքը, որը տալիս է 7 տարվա ժամկետի լրացման հիմքով հանրային գերակա շահ ճանաչելու որոշումն անվավեր ճանաչելու իրավական հնարավորությունը»,- ասում է բնակիչների շահերը ներկայացնող փաստաբան Տիգրան Եգորյանը։ Նա նոր հանգամանքի հիմքով դիմել է վճռաբեկ դատարան՝ խնդրելով վերանայման վարույթ հարուցել։ «Դրա արդյունքում պետք է քննարկվի մեր ի սկզբանե ներկայացված պահանջը՝ 2007 թ․ հանրային գերակա շահ ճանաչման մասին կառավարության որոշման անվավերության հարցը»։ Այս որոշումը կարող է օգտակար լինել նաեւ այն բնակիչների համար, որոնց վերաբերյալ որոշումները 7 տարվա ընթացքում չեն իրագործվել, կամ ձեռքբերողը բնակչի հետ պայմանագիր է կնքել, նրանք փոխհատուցման դիմաց դուրս են եկել տներից, սակայն միջանկյալ փուլերի ժամանակացույցը խախտվել է։ «Մարդկանց, փաստորեն, սեփականազրկում են համարժեք փոխհատուցման դիմաց, բայց սա շատ տրավմատիկ պրոցես է։ Ահա ինչու բոլոր գործողությունների ժամկետներն օրենքով շատ հստակ սահմանված են։ Եթե դրանցից որեւէ մեկը պատշաճ ժամկետում չի արվել, մարդը կարող է վերականգնել իր իրավունքը, իր սեփականության նկատմամբ հանրային շահը պետք է դադարի գործել»,- հայտնում է Տիգրան Եգորյանը։



<<Մինչեւ չավարտեն իրացումը, չենք մտնի>>



Հասկանալի է, որ նման դատական պրոցեսների պայմաններում կառավարությանը հեշտ չի լինելու ներդրող գտնել։ Նախկին «Գլենդել հիլզի» անհետանալուց հետո հնարավոր ներդրողների թվում կառավարությունը դիտարկում է «Էլիտ գրուպի» սեփականատեր, խոշոր կառուցապատող Արմեն Մկոյանին։ Մեզ հետ զրույցում նա հաստատեց այս լուրը․ «Եթե կառավարությունն իրացման գործընթացն ավարտի ժամանակին, մենք կհամաձայնենք ներդրող լինել, եթե ոչ՝ չենք մտնի»։ Նկատի ունեք, որ բնակիչների հետ կառավարությո՞ւնը պետք է համաձայնության գա։ «Այո։ Կառավարությունն իրացումը պետք է ավարտի»,- ասաց նա։ Կառավարության աշխատակազմից Ֆիրդուսու բնակիչների հետ նրանց տների հարցով հանդիպում է ու ներկայում բանակցում է վարչապետի գլխավոր խորհրդական Հայկ Դավթյանը։ Վերջինիս զանգահարեցինք՝ պարզելու համար, թե ինչ է որոշել կառավարությունը։ «Ես հենց հիմա բանակցում եմ Ֆիրդուսի բնակչի հետ, Դուք ինձ խանգարում եք»,- պատասխանեց վարչապետի խորհրդականը եւ անջատեց հեռախոսը։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ