Կամաց դուրս եկա դամբարանի անցքից․․․

Կամաց դուրս եկա դամբարանի անցքից․․․


Վրեժ Սարուխանյանի ֆեյսբուքյան էջի գրառումը սարսուռով ես կարդում, Սուրբ սարսուռով․




Վրեժ Սարուխանյան



Նեղլիկ այս անցքով մի կերպ սողոսկեցի Օշականի եկեղեցու բացված հիմքի միջով և մտա մի դամբարան, ուր ննջում է... Հայոց ամենամեծ Սուրբը՝ Մեսրոպ Մաշտոցը: Այդ երանությունը պատկերացնել հնարավոր չէ... Ձեռքերով հենվեցի քարերին ու հողին. էներգիան հոսանքի պես անցնում էր մարմնովս... Հազար ու մի արհավիրք տեսած լուսանկարիչ Մուշեղ Գասպարյանի ձեռքերը հուզմունքից դողում էին նկարելու պահին:



Այն շիրմաքարը, որ դրված է Օշականի եկեղեցու նկուղային խցում, պայմանական է... Մերոնք դարերով միշտ երկյուղել են բացահայտ ցույց տալ Մաշտոցի կոնկրետ գերեզմանատեղը, որ հանկարծ արշավանքների ժամանակ թշնամիները չգտնեն ու պղծեն Սրբի շիրիմը:



Վերջապես բացել ու վերակառուցում են այն փոքրիկ դամբարանը, որի տակ Մաշտոցն է... Ես ակամա խոսքեր մրմնջացի Մեծ Ուսուցչին՝ «Ների՛ր, Հայոց Մեծ Սու՛րբ, ների՛ր, որ քո և նախորդներիդ արարած հրաշք գիրն ու լեզուն այսօր ոմանք աղճատում են. օտարը քեզ չի հասել, բայց մերոնց միջի օտարից օտարն է ուրանում քեզ: Նոր ուժ տուր քո 36 զավակներին, որ կարողանան մեզ ու սերունդներին միշտ հայ պահել... Օտարամոլ ընկեցիկները ուրանում են քեզ, ավելի ճիշտ՝ իրենք իրենց են ուրանում... Բայց հանգիստ եղիր, Հայոց դպրանոցներում մեր ամեն մանկիկի լեզուն քո հրաշագործ «ԱՅԲ»-ով է բացվում... Հայոց ուսուցչապետ, հատկապես դու՛ մաքրեցիր մեր հոգու խարանը և Լույս տվեցիր մեր ճանապարհին...»:



Հետո կամաց սողոսկելով դուրս եկա դամբարանի անցքից: Ինձ թվաց, թե ես իմ գերեզմանից դուրս եկա, որ Մեծ Սրբի բարևը ձեզ բերեմ...