Իրազեկման փոխարեն թույլատրման ինստիտուտ

Իրազեկման փոխարեն թույլատրման ինստիտուտ
Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը տարեսկզբին հրապարակած արդար դատաքննության իրավունքի մասին արտահերթ զեկույցից հետո պատրաստվում է հրապարակել ես երկուսը՝ հավաքների եւ խոսքի ազատության մասին: Հավաքների անցկացման իրավունքի վերաբերյալ արտահերթ զեկույցի հետ միասին Արմեն Հարությունյանն Ազգային ժողովին է ներկայացնելու նաեւ իր հեղինակած “Հավաքների մասին” օրենքի նախագիծը, որը պատրաստ կլինի մեկ ամսվա ընթացքում: Օմբուդսմենը երեկ այս մասին նամակով տեղեկացրել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Քանի որ ԱԺ-ում նախատեսվում են ոլորտին առնչվող երկու օրինագծերի քննարկումներ, Արմեն Հարությունյանը նպատակահարմար է համարել պաշտոնապես ԱԺ նախագահին տեղեկացնել ՄԻՊ գրասենյակի կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, ակնկալելով, որ  խնդրանքը կհարգվի եւ ԱԺ-ում քննարկումներ  չեն սկսվի, մինչեւ իրենց կողմից օրինագծի ներկայացումը: Գործող “Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին” ՀՀ օրենքում արված փոփոխությունները Արմեն Հարությունյանը “երկու քայլ հետ, մեկ քայլ առաջ” արտահայտությամբ բնութագրեց: “Ժամանակին, երբ մենք փոփոխություն կատարեցինք այդ օրենքի մեջ, որոնք հետադիմական էին, եւ հետագայում Վենետիկի հանձնաժողովի հետ աշխատանքի ընթացքում որոշ հարցեր կարգավորվեցին, մենք դա անվանեցինք երկու քայլ հետ, մեկ քայլ առաջ: Այնուամենայնիվ,  եղած իրավիճակը նախկինի համեմատ ավելի դրական չէր: Երբ Վենետիկի հանձնաժողովը կարծիք էր ներկայացրել, ցանկություն էր հայտնել, որ մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնապես համարվի այն ինստիտուտը, որը միշտ կդիտարկի բոլոր հանրահավաքներն ու երթերը, ինչը հիմա մենք անում ենք”: Որպեսզի այս ուսումնասիրություններն ինքնանպատակ չդառնան, ՄԻՊ գրասենյակը որոշել է դրանք ամփոփել արտահերթ զեկույցում: Բացի այն, որ մարդու իրավունքներից լրջորեն խոսելիս շեշտադրումը պետք է կատարվի հենց քաղաքացիական ու քաղաքական իրավունքների ազատության վրա, Արմեն Հարությունյանի կարծիքով, արտահերթ զեկույցների դերն անգնահատելի է նաեւ որպես ժառանգություն: Իսկ ինչ վերաբերում է ոլորտի խնդիրներին, ըստ Արմեն Հարությունյանի, դրանք հատկապես առնչվում են իրազեկման ինստիտուտին: Ասենք, տարբեր կազմակերպիչների նախաձեռնած հավաքների, երթերի կամ ակցիաների իրազեկման ժամանակ վարչական մարմինը նույնատիպ մոտեցում չի ցուցաբերում, կամ հանրահավաքների օրերին խոչընդոտներ են առաջանում տրանսպորտային միջոցների աշխատանքի հետ կապված, մյուս դեպքում էլ՝ հանրահավաքի ժամի կամ օրվա փոփոխությունն է ոչ համարժեք լինում: “Մեզ մոտ այնպիսի տպավորություն է, որ շատ դեպքերում վարչական մարմինները չեն դիտարկում իրազեկման ինստիտուտը որպես սահմանադրական իրավունք, այլ դիտարկում են մի իրավունք, որով իրենք օժտեցին կամ թույլատրեցին: Իրազեկման ինստիտուտը վերածվել է թույլատրման ինստիտուտի”,- այս կապակցությամբ ասաց Արմեն Հարությունյանը, հավելելով, որ թվարկված բոլոր խնդիրները միջազգային պրակտիկայում հստակ կարգավորված են: Ներկայացվելիք օրինագծում ՄԻՊ գրասենյակն առաջարկում է օրենսդրական եւ իրավակիրառ պրակտիկայում առկա խնդիրների լուծումներ՝ միջազգային փորձի եւ Մարդու իրավունքների եւրոպական դատարանի նախադեպային իրավունքի վրա հիմնված: Որպես Վենետիկի հանձնաժողովի փոխներկայացուցիչ, Արմեն Հարությունյանը նաեւ նշեց, որ նախագիծը մոտավորապես կլինի այնպիսին, ինչպիսին կարող էր լինել, եթե դիմեինք Վենետիկի հանձնաժողովի փորձագետներին: Նախագիծն իհարկե՝ Վենետիկի հանձնաժողով կուղարկվի: