Գտիր մեկ տարբերություն. այսօր "հայտնի ուժերը" բացակայում են

Գտիր մեկ տարբերություն. այսօր "հայտնի ուժերը" բացակայում են
- Պարոն Հովհաննիսյան, նախկինում հայաստանյան ներքաղաքական պրոցեսները, հատկապես խորհրդարանական, բնութագրում էիք որպես անասնագողություն: Հիմա, ի դեպ, խորհրդարանում այնպիսի շրջան է, երբ կոալիցիոն գործընկերներ ՀՀԿ-ի  ու ԲՀԿ-ի միջեւ պայքար է գնում անկախ պատգամավորներ հավաքագրելու համար, եւ չի բացառվում, որ սա ավելի խորը բնույթ ստանա, եթե, իհարկե, ճշմարտություն են այն խոսակցությունները, որ  պայքարի նպատակը, մի կողմից, Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտնելն է եւ, մյուս կողմից, դա թույլ չտալը:

- Եթե նախորդ խորհրդարաններում անասնագողությունը դեպքեր էին, ապա այսօր դա դարձել է համակարգ: Ինչ վերաբերում է հիմնական պրոցեսին, ապա կարող ենք ասել, որ ընտրություններին երկու տարի ժամանակ դեռ կա, բայց արդեն սկսվել է ընտրությունների նախապատրաստական աշխատանքը՝ բառիս բուն իմաստով: Եթե այսօր արդեն հայտարարված է նախապատրաստական համար 1 իրավիճակ, ապա նախորդ բոլոր ընտրություններին դա սկսվում էր ընտրություններից մեկ տարի առաջ:

- Արտահերթ սցենարները` ընտրության կամ հեղաշրջման տեսքով, հավական չե՞ք համարում:

- Արտահերթ ընտրությունների վերաբերյալ մենք մտադրություն չենք տեսնում այն ուժի մոտ, որն ունի մեծամասնություն: Դա ՀՀԿ-ն է եւ կոալիցիան, որովհետեւ չեմ կարծում, որ "Բարգավաճ Հայաստանը" ձգտում է արտահերթ ընտրությունների: Ինչ վերաբերում է հեղաշրջմանը, ապա ասեմ, որ 98-ի հետ բոլոր ընդհանրություններում մի կարեւոր օղակ բացակայում է: Եթե 96 թվականին, երբ ընդդիմության գործողությունները եւ նախընտրական պրոցեսները էապես թուլացրեցին իշխանությունը, եւ այդ ֆոնի վրա ներիշխանական ասպարեզում ուժայինները, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն այն ժամանակ ասաց` "հայտնի ուժերը", իրականացրեցին պալատական հեղաշրջում, ապա այսօր այնպիսի ուժեղ ֆիգուր, որը լինի Վազգեն Սարգսյանի ինքնուրույնության աստիճանի եւ կարողանա իրավիճակ հասունացնել, չկա, եւ "հայտնի ուժերն" էլ այսօր բացակայում են: Այդ ուժը հենց ինքը՝ Սերժ Սարգսյանն է: Այսինքն, ուժային կառույցներում եթե կա մեկը, ով կարող է ունենալ այնքան ազդեցություն, ինչքան ազդեցիկ էր Վազգեն Սարգսյանը, ապա այդ մեկը հենց Սերժ Սարգսյանն է, որը, բնականաբար, ինքն իր դեմ հեղաշրջում չի անի: Դուք, իհարկե, կարող եք առարկել, ասելով, որ Ռոբերտ Քոչարյանն ինքը հենց այդ "վոինն" է, բայց Ռոբերտ Քոչարյանը այսօր, ինչպես ինքն է իր կարգավիճակը բնութագրում եւ բավականին սթափ, ամենաերիտասարդ թոշակառուն է: Նա, եթե հիշում եք՝  հենց ինքը ժամանակին ասում էր, որ ստվերային ազդեցությունը տեւական ժամանակ պահպանելը եւ ոչ մի նախկին նախագահի չի հաջողվել: Եւ ոչ մի երկրում: Այսօր դեռ նա ունի ինչ-որ բան... ինչ-որ բան կա դեռ Ղարաբաղի հետ կապված, բայց կկարողանա՞ Ռոբերտ Քոչարյանն անել այն, ինչ 98-ին արեց Վազգեն Սարգսյանը: Չեմ կարծում:

- Դառնանք արտաքին քաղաքական խնդիրներին. այսօր Սերժ Սարգսյանը մեկնում է Բրյուսել, մի բան, որ անհայտ պատճառներով նախորդ անգամ հետաձգվեց:

- Ես հոդված տպագրեցի այն մասին, թե ինչու ֆուտբոլային դիվանագիտության ներքո օտարները չդարձան յուրային, եւ երկրորդ` ինչու յուրայինները դարձան օտար, այնտեղ պատճառներն ասել եմ: Որ այդ տխրահռչակ կոմպլեմենտարիզմից, որն ինքնին մեծ հարցականներ էր առաջացնում, հիմա վերջին 1,5 տարվա ընթացքում տեղի ունեցավ անցում դեպի ճոճանակային քաղաքականություն: Եթե կոմպլեմենտարիզմը ենթադրում էր ինչ-որ կերպ փոխլրացնել ռազմավարական հարաբերությունները ՀԱՊԿ-ի շրջանակներում, Արեւմուտքի եւ մասնավորապես ՆԱՏՕ-ի հետ ծրագրերի իրականացմամբ, ապա հիմա ճոճանակային մի քաղաքականություն է, երբ ծայրահեղ բեւեռի աջ կողմից սկսում է շարժվել դեպի ձախ կողմ եւ այնտեղ հասնում է ծայրահեղ ձախ բեւեռին ու նորից շարժվում դեպի աջ: Սա կոմպլեմենտարիզմի քաղաքականությանն աբսուրդի հասցնելու իրավիճակ է:

- Որեւէ պետություն իրեն կարո՞ղ է թույլ տալ անպատիժ ճոճանակային  քաղաքականություն վարել:

- Համենայնդեպս, պատժվում է այնքանով, որ յուրայինների կորցնելով, այսինքն` կորցնելով նրանց վրա ներազդելու հնարավորությունը, լծակները, կարողությունը, մենք չկարողացանք լեզու գտնել օտարների հետ: Մասնավորապես, խոսքը Ռուսաստանի, Իրանի վրա ներազդելու ունակությունը կորցնելու մասին է: Նրանք սկսեցին Հայաստանը դիտել որպես մի երկիր, որը կամ չի ցանկանում, կամ ի վիճակի չէ ապահովել իրենց ազգային շահերը, որովհետեւ եթե դու դաշնակցային հարաբերություններ ունես, ապա այն  ենթադրում է, որ քո դաշնակիցը պատրաստակամ է կամ  կարող է, ի վիճակի է քո շահերը պաշտպանել, եւ դու ի վիճակի ես իրենը պաշտպանել: Մասնավորապես, Իրանը խնդիր ուներ, որ Հայաստանը երաշխավորի Ղարաբաղի հարակից տարածքների հետ իր սահմանների ապահովությունը, խոչընդոտի այնտեղ արեւմտյան ուժերի ներթափանցումը: Այսինքն, պատրաստակամություն այդ սահմանները պահելու եւ դրա հսկողությունը հայկական ուժերի վերահսկողության տակ, եւ այսօր Հայաստանն Իրանի աչքում այս դերում չի կարեւորվում: Եւ նույնը Ռուսաստանի համար, որ եթե մինչեւ երկու տարի առաջ հակված էր մտածելու, որ Հայաստանն այն հուսալի ֆորպոստն է, որը երաշխավորելու է Ռուսաստանի մնայուն դիրքերը Հարավային Կովկասում, ապա այսօր այդպես չէ: Եւ դրա համար էլ Ռուսաստանը գնում է համապատասխան քայլերի, սերտացնելով հարաբերությունները Թուրքիայի, Ադրբեջանի հետ: ՌԴ-ն այստեղ հետեւել է իր համար չափազանց հոգեհարազատ սկզբունքի. եթե չես կարողանում կասեցնել մի գործընթաց, ապա պետք է փորձես առաջնորդել այն:

- Բայց Ձեր նշած ճոճանակային քաղաքականության հետեւանքով Սերժ Սարգսյանին կարծես հաջողվում է պահել ԼՂՀ հարցով ստատուս-քվոն, որին այնքան ձգտում է:

- Այդ ինչպե՞ս է նա պահպանում ստատուս-քվոն, եթե տարափի նման մեր գլխին են թափվում տարբեր բանաձեւեր շատ հեղինակավոր միջազգային կառույցների կողմից, որտեղ հայկական կողմը ներկայացվում է որպես օկուպանտ: Սա չի կարող չառաջացնել տագնապ: Մյուս կողմից՝ ԵԽԽՎ-ում Չավուշօղլուն հաջողությամբ առաջ է մղում ենթահանձնաժողովի կազմավորման հարցը, մինչդեռ ես, որ կանգնած եմ ԵԽԽՎ-ին անդամության ակունքներում եւ քաղաքական մեծամասնության անունից բանակցել եմ, կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ այն ժամանակ Հայաստանի ստանձնած պարտավորությունների եւ ոչ մի կետում որեւէ խոսք չկար այն մասին, որ Հայաստանը պարտավորվում է ԵԽԽՎ-ի շրջանակներում քննարկել Ղարաբաղի հարց:

- Կոալիցիան Եւրամիության բանաձեւի առնչությամբ ասաց, թե դա խորհրդատվական բնույթի, այլ խոսքով` կատարման համար պարտադիր չէ:

- Որ սեպտեմբերին էլ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանն էլ պետք է երկու բանաձեւ քննարկի, որոնցից մեկը "Օկուպացված տարածքների ազատման" մասին այն բանաձեւն է, որն Ադրբեջանի առաջարկությամբ ընդգրկվել է օրակարգ, դա ինչպե՞ս են գնահատում: Կամ Դուշանբեում կայացած "Իսլամական կոնֆերանս" կազմակերպության գագաթաժողովի դեկլարացիան: Դա էլ պարտադիր չէ կատարման համար, բայց սա ընդամենը ցույց է տալիս Հայաստանի մեկուսացվածության աստիճանը ղարաբաղյան հարցում: Հայաստանն այսօր նույնիսկ մեկուսանում է իր դաշնակիցներից, որովհետեւ Եւրամիությունը մեր դաշնակիցն է, մենք որդեգրել ենք եւրոպական ուղղություն, եւ չի կարող Եւրախորհրդարանի բանաձեւը մեզ համար լինել ոչ կարեւոր: Թե չէ մենք ոչինչ պարտավոր չենք, ի վերջո եթե հարցն այդպես է դրվում, ապա մենք անկախ պետություն ենք, եւ մեզ համար պարտադիր է մեր խորհրդարանի որոշումը, մեր  հանրաքվեներում ընդունված որոշումները` ժողովրդի կամարտահայտության միջոցով: