7-րդ անգամ էլ որ դիմեն, հակասահմանադրական տարրեր չեն հայտնվի

7-րդ անգամ էլ որ դիմեն, հակասահմանադրական տարրեր չեն հայտնվի
"Հանրային իշխանությունների վարքագիծը շատ դեպքերում հիմք է տալիս պնդելու, որ վերջիններիս կողմից լիարժեք չի գնահատվում հավաքների ազատության կարեւորությունը, մասնավորապես այն, որ հավաքների իրավունքը կարող է միջոց ծառայել երկրում առկա մի շարք խնդիրների լուծման համար, որ այն միջոց է տեսակետներ արտահայտելու եւ ընդհանուր շահերի լուծման համար",-երեկ հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը՝ ներկայացնելով "ՀՀ-ում խաղաղ հավաքների իրավունքի մասին" արտահերթ զեկույցը: Օմբուդսմենի զեկույցի համաձայն՝  մեր երկրում խաղաղ հավաքների առկա իրավիճակը մի շարք առումներով չի համապատասխանում  ոլորտի միջազգային չափորոշիչներին: Հարցը կարգավորող օրենսդրության մեջ առկա են ոչ հստակ ձեւակերպումներ ու տարակարծիք մեկնաբանությունների տեղիք տվող դրույթներ, ինչն էլ Արմեն Հարությունյանի կարծիքով՝ իրավակիրառ պրակտիկայում  ծագող խնդիրների պատճառ է դառնում: Միայն 2008թ. ընթացքում Երեւանի քաղաքապետի կողմից զանգվածային հրապարակային միջոցառումն արգելելու մասին 8 տասնյակից ավելի որոշում է կայացվել: Օմբուդսմենի դիտարկմամբ, լիազոր մարմինների՝ միջոցառման անցկացումն արգելելու մասին որոշումները հաճախ աչքի են ընկնում հիմնավորումների խիստ հակիրճ բնույթով եւ սահմանափակվում են միայն օրենքում տեղ գտած սահմանափակման վերարտադրությամբ ու չեն մասնավորեցնում, թե կոնկրետ դեպքում տվյալ չափանիշները ինչպես են վերաբերում տվյալ գործին: Արդյունավետ կերպով չեն գործում նաեւ հավաքների իրավունքի դատական պաշտպանության մեխանիզմները: Օմբուդսմենի խոսքով, մասամբ կամ ամբողջությամբ խախտված են հավաքների իրավունքի հետեւյալ սկզբունքները՝ հօգուտ հավաքների անցկացման կանխավարկածը, խաղաղ հավաքներ պաշտպանելու պետության պարտականությունը, օրինականությունը, համաչափությունը, լավ վարչարարության եւ խտրականության բացառումը: Լրագրողների խնդրանքով Արմեն Հարությունյանն անդրադարձավ Փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի կողմից վերջերս հրապարակված մարտի 1-ին բանակի ներգրավվածության մասին զեկույցին եւ ասաց, որ "բավական համոզիչ գրել են", բայց դա բավարար չէ, որ  որպես իրավաբան Արմեն Հարությունյանն ասի՝ համոզիչ է, թե ոչ: Ըստ օմբուդսմենի, համապատասխան պետական կառույցները պետք է բազմակողմանի քննության առնեն զեկույցը: Հարցով պաշտոնապես զբաղվում է ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը, եւ ճիշտ կլիներ, որ նրանք էլ ուսումնասիրեին: Իսկ այն հարցին, թե արդյո՞ք օմբուդսմենը կդիմի Սահմանադրական դատարան՝ 2008 թվականի մարտի 1-ին ռազմական դրություն հաստատելու մասին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրի հակասահմանադրականության հարցով, ինչի կապակցությամբ Հայ ազգային կոնգրեսն արդեն երրորդ անգամ դիմում է ՄԻՊ գրասենյակ, պատասխանեց. "Երբ որեւէ ակտ ուսումնասիրում ես հակասահմանադրականության տեսակետից եւ ինչ-որ կարծիքի գալիս, քանակը դիմելու, ինչ-որ իրավական որակների փոփոխությո՞ւն է բերում: Մի անգամ մենք դրան պատասխանել ենք: Կարող են իրենք չորրորդ եւ հինգերորդ անգամ դիմել: Դրա արդյունքում իրավաբանական ինչ-որ չափորոշիչնե՞ր պետք է փոխվեն, որ ասում եք՝ երրորդ անգամ արդեն դիմել են: Յոթերորդ անգամ որ դիմեն, միգուցե հակասահմանադրականության էլեմենտնե՞ր պարզվի, որ կան մեջը: Հարցադրումը չեմ հասկանում: Մենք մի անգամ ուսումնասիրել ենք եւ գտել ենք, որ այնտեղ հակասահմանադրականության խնդիր չկա: Օրենքի եւ հրամանագրի միջեւ խնդիր կա, որը վարչական դատարանի խնդիր է": Վերջում հավելենք, որ մարդու իրավունքների պաշտպանը հունիս ամսին ներկայացնելու է նաեւ խաղաղ հավաքների իրավունքի մասին օրինագիծ, իսկ  հաջորդ արտահերթ զեկույցը վերաբերելու է Հայաստանում խոսքի ազատությանը: Ինչ վերաբերում է արտահերթ զեկույցներից հետո կոնկրետ ոլորտներում տեղի ունեցող փոփոխություններին, ապա լուրջ հետեւանք կամ եզրակացություն Արմեն Հարությունյանն առայժմ չի տեսել: