Իշխանափոխություն

Իշխանափոխություն
Փաստորեն, երկար սպասված իշխանափոխությունը Հայ ազգային կոնգրեսն իրականացրեց ոչ թե երկրում, այլ ՀՀՇ-ում: Վաղուց ի վեր լուրեր էին շրջում, թե Կոնգրեսում եւ մասնավորապես ՀՀՇ-ում դժգոհություններ կան՝ կապված Լեւոն Տեր-Պետրոսյանի որդեգրած մարտավարության եւ ռազմավարության հետ: Սակայն հայկական միջավայրում, հատկապես ներկուսակցական շրջանակներում հակասությունները ծագում են ոչ թե գաղափարական հողի վրա, այլ միջանձնային հարաբերությունների: Այսինչը Լեւոնին ավելի հաճախ է տեսնում, այնինչը Տեր-Պետրոսյանին սխալ խորհուրդներ է տալիս եւ ապակողմնորոշում: Ընդհանրապես, մարդկային հարաբերությունները կարգավորման ենթակա ոլորտներից ամենաբարդն են, եւ ղեկավարելու հավակնություն ունեցող անձի գլխավոր որակը այլ անձանց հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու ունակությունն է: Եթե այդ ունակությունից զուրկ ես, մի էլ փորձիր առաջնորդել ու ղեկավարել մարդկանց, անգամ եթե նրանք ոչ թե բազմություն են, այլ ընդամենը 2 հոգի: Այսպիսով, Կոնգրես-ՀՀՇ թնջուկը լուծվեց Արարատ Զուրաբյանի հրաժարականով: Հայաստանն անշուշտ փոքր երկիր է, եւ ոչինչ գաղտնի չի մնում, այդ թվում՝ ՀՀՇ երկարամյա նախագահի հրաժարականի պատճառները: Սակայն այս պարագայում իրականությանը հաճախ նաեւ լեգենդներ են գումարվում: Իսկ դա գալիս է գաղտնի, ընդհատակում գործելու ձգտումից: Դաշնակցությանը փակ կառույց անվանող ՀՀՇ-ն, փաստորեն, շատ չի տարբերվում նրանից՝ հատկապես թափանցիկության առումով: Ի վերջո՝ ինչո՞ւ հանրությունը չի տեղեկացվում, թե ինչ է կատարվում ընդդիմության շարքերում, ինչո՞ւ է լռում Կոնգրեսը, որն ամեն փոքր առիթով հայտարարություններ է տարածում, իսկ այս պարագայում լռում է: Ճիշտը ամեն ինչ ազնվորեն ներկայացնելն է: Անգամ եթե դա այնքան էլ շահեկան չի թվում: