Ո՞վ է հայ-թուրքական սահմանի տերը

Ո՞վ է հայ-թուրքական սահմանի տերը
Երկուշաբթի երեկոյան Երասխավանում ռուս սահմանապահներն ու տեղի ոստիկանությունը ստուգել են բոլոր մեքենաները, երթուղայինները եւ ավտոբուսները:  Խոսակցություն է եղել, որ քուրդ է հատել սահմանը: Հատկապես ուշադիր են ստուգել երիտասարդ տղաների անձնագրերը: Երասխավանը Հայաստանի սահմանի այն հատվածն է, որտեղ կա եւ հայ-թուրքական հատված, եւ հայ-ադրբեջանական: Հաշվի առնելով, որ փնտրել են քուրդի, կարելի է ենթադրել, որ քուրդը հատել է սահմանը հայ-թուրքական հատվածում:



Իրավիճակը պարզելու համար զանգահարեցինք ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն: ԱԱԾ մամուլի խոսնակ Արծվին Բաղրամյանն ասաց, թե իրենք դրանից տեղյակ չեն, այդ հարցով չեն զբաղվում, դա ռուս սահմանապահների գործն է, իրենց է հանձնված այդ հատվածը, եւ խորհուրդ տվեց դիմել ՀՀ-ում տեղակայված ռուս սահմանապահ զորքերին: Որեւէ այլ տեղեկություն ՀՀ ԱԱԾ-ից ճշտել չհաջողվեց: Կարելի է ենթադրել, որ ՀՀ ԱԱԾ-ին առանձնապես չի հետաքրքրում՝ ով է հատում հայ-թուրքական սահմանը ու ինչ է կատարվում սահմանին: Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սեյրան Շահսուվարյանն ասաց, որ պաշտպանության նախարարությունը նույնպես տեղյակ չէ: "Մեզ տեղյակ չեն պահում ոչ մի դեպքում: Մեզ տեղյակ են պահում այն գործերով, որը ՊՆ-ին է վերաբերում, ասենք՝ ՌԴ պաշտպանության նախարարության հետ կապված հարցեր, բայց սահմանապահներն ամբողջությամբ ազգային անվտանգության տնօրինության տակ են",- ասաց Շահսուվարյանը:



Թե ինչպես են իրենց դրսեւորում այստեղ նույն ռուս սահմանապահները, մեկ այլ թեմա է: Նախօրեին զանգահարեցինք ՀՀ-ում տեղակայված ռուսական սահմանապահ զորքեր: Այնտեղից ասացին, որ լրատվամիջոցների հետ կապերով զբաղվում է Վյաչեսլյավ Սերգեեւիչ Պուրգինը: Շուրջ երկու օր փորձում էինք պարոն Պուրգինին բացատրել, թե մենք որ լրատվամիջոցից ենք եւ ինչ ենք ուզում ճշտել: Նախապես պայմանավորվելով՝ գնացինք ՀՀ-ում ռուսական սահմանապահ զորքերի գլխավոր շենք: Մեզ դարպասներից ներս անցկացրեց ու դիմավորեց ռուս սահմանապահներից մեկը, որը նախ ասաց, թե Պուրգինը խորհրդակցության է, ինքը Պուրգինի գործընկերն է, ապա հարցուփորձ արեց, թե ինչ է մեզ հետաքրքրում: Սահմանը հատած քուրդի առթիվ ռուս պարոնը հայտարարեց, թե առաջին անգամ է լսում այդ մասին, իսկ երբ մանրամասնեցինք, թե մեքենաներ են ստուգվել, հայտարարեց՝ ովքեր ստուգվել են, գնացեք նրանցից էլ հարցրեք, ճշտեք: Ապա հայտարարեց, թե ինքը պարտավոր չէ ինչ-որ բան պատասխանել մեզ, իրենք մամուլի քարտուղար չունեն, իսկ մենք պետք է հավատարմագրվենք իրենց մոտ, որպեսզի իրենք բարեհաճեն պատասխանել մեր հարցերին: Ի դեպ, տպավորությունն այն էր, որ մեր զրուցակիցը հենց Վյաչեսլավ Սերգեեւիչ Պուրգինն էր:



Թերեւս հրաժարվելով պատասխանել մամուլի հարցերին՝ ռուս սահմանապահները փորձում են թաքցնել իրենց վատ աշխատանքը, սխալները: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիայի կողմից մարդ է հատում հայ-թուրքական սահմանը: Այս տարվա փետրվար ամսին Իրանի Հանրապետության քաղաքացի, ազգությամբ քուրդ Հուսեինը ապօրինի հատել էր Արարատի մարզի Նոյակերտ գյուղից դեպի Թուրքիա տանող հայկական սահմանը եւ բռնվել էր միայն վերադառնալուց հետո` Արտաշատ-Երեւան մայրուղում: Քուրդը Հայաստան-Թուրքիա սահմանի ապօրինի հատմամբ Հայաստան էր տեղափոխել շուրջ 2 մլն. դոլարի թմրանյութ:  Նկատենք, որ սահմանը հատվել է երկու անգամ, եւ Հուսեինը բռնվել է ոչ թե սահման հատելու, այլ թմրանյութի գործով բացահայտումից հետո: Նույն անձի կողմից երկու անգամ նույն սահմանն ապօրինի անարգել հատելը խոսում է մեր սահմանների անպաշտպանության մասին: Չենք կարող չնկատել, որ ոչ մի իրեն հարգող պետություն սեփական սահմանի պաշտպանությունը չէր վստահի օտարին: Արդյո՞ք հենց դա չէ պատճառը, որ սահմանն ապօրինաբար խախտվում է: Եւ արդյո՞ք մենք տեղեկացված ենք բոլոր սահմանախախտման դեպքերի մասին: