Աշխատենք միասի՞ն

Աշխատենք միասի՞ն
Մեր երեկվա համարում ներկայացրել էինք ռուսական ինտերնետային կայքերից մեկում զետեղված մի տեղեկատվություն, որտեղ ռուսական ԱԱԾ-ն դիմել էր ՌԴ նախագահին՝ ԱԱԾ պետի տեղակալ Արմեն Դարբինյանին՝ "անձնական վաստակի" համար Ռուսաստանի քաղաքացիություն տալու համար: Սա այն դեպքն է, որ նշել էինք տեղեկատվության աղբյուրը եւ ողջ տեքստը բնագրով, անգամ գրության պատճենը, տեղադրել էինք թերթում: Երեկ ԱԱԾ-ն շատ օպերատիվ, ինչը բնորոշ չէ այս կառույցին, արձագանքել է մեր հոդվածին: Մամուլի կենտրոնի պետ Ա. Բաղրամյանի ստորագրությամբ մի գրություն են ուղարկել մեզ, որտեղ ոչ թե հերքել են նշված տեղեկատվությունը, այլ հայհոյել նշված կայքն ու մեզ: "Չպարզելով ինչ նպատակով է այս տեղեկատվությունը տեղադրվել համացանցում, հրապարակել են այն". ահա գրության կարճ բովանդակությունը: Ավելին՝ պետական պաշտոնյան իրեն թույլ է տվել գրել, որ "հեղինակը ամենաստոր մեկնաբանություններն է արել՝ փորձելով վարկաբեկել...": Թողնենք էթիկայի նորմերը: Փաստորեն՝ ԱԱԾ-ն ուզում է, որ մենք իր գործառույթները ստանձնենք՝ պարզենք, թե ինչու է համացանցում հայտնվել այս ինֆորմացիան, դրա աղբյուրը, նպատակներն ու "վտանգավորության" աստիճանը: Իսկ գուցե նաեւ ապահովենք մեր երկրի անվտանգությունն ու հետախուզական աշխատա՞նք ստանձնենք: Ասենք, գաղտնի գործակալներ ուղարկենք Ռուսաստանի Դաշնություն, որը, եթե չի դավաճանում հիշողությունս, մեր պետության ստրատեգիական պարտնյորն է, եւ անվտանգության բազմաթիվ համաձայնագրեր ունենք նրա հետ կնքած: Հակահետախուզության ստորաբաժանում ստեղծենք մեր թերթին կից եւ նրա աշխատակիցներին ներդնենք ռուսական մամուլում, որ պարզենք, թե ովքեր են պրն Դարբինյանի եւ մեր ԱԱԾ-ի թշնամիները: Աբսուրդն ակնհայտ է, չէ՞: