Ռուբեն Հակոբյանը Քոչարյանի մարդն է

Ռուբեն Հակոբյանը Քոչարյանի մարդն է
"Ժառանգություն" կուսակցության արտահերթ համագումարը "Ժողովրդի իշխանություն" հասարակական-քաղաքական նախաձեռնության առաջնորդ Զոյա Թադեւոսյանը համարում է անհեթեթություն, քանի որ դրա արտահերթությունն այդպես էլ հասկանալի չդարձավ: "Գոնե պիտի հայտարարեին "արտակարգ համագումար", հաշվի առնելով քննարկվող հարցերի բնույթը",- նշում է Զոյա Թադեւոսյանը, թեպետ կարծում է, որ ինչ անուն էլ դրած լինեն  այդ համագումարին, այն "ջրբաժանը", որի մասին շատ էին խոսում, իրականացավ: "Ջրբաժանն այն էր, որ առաջացավ  իրեն ընդդիմադիր հռչակող կուսակցության ու իրական ընդդիմության միջեւ: Առաջին անգամ ընդդիմադիր հորջորջվող կուսակցությունը բարձր ամբիոնից հայտարարեց գործող իշխանության հետ համագործակցելու պատրաստակամության մասին: Նման դիրքորոշումը պետք է բացառվեր ընդդիմադիր լինելու պարագայում: Եթե անգամ մի պահ վերանանք մեր հասարակության առջեւ ծառացած սուր հիմնախնդիրներից, միայն մարտի մեկի փաստը բավարար էր կոնկրետ դիրքորոշում ցուցաբերելու համար այն պարզ պատճառով, որ այդ էջը ոչ միայն չի փակվել ու չի փակվելու այնքան ժամանակ, մինչեւ մեղավորները չկրեն իրենց արժանի պատիժը: Ուստի ասել, որ հնարավոր է համագործակցություն այս իշխանությունների հետ, կարող էր միայն "Ժառանգության" վարչության կազմում ներգրավված այն անդամը, որը հայտնի չէ, թե իրականում ում շահերն է պաշտպանելու: Իսկ մեզ հայտնի է, որ նա Ռոբերտ Քոչարյանի մարդն է, նրա նկատմամբ ունի խորը շնորհակալական դիրքորոշում, որն անպայման պիտի դրսեւորի: Հակառակ դեպքում կպատժվի, եթե չծառայի տիրոջը",-կարծում է տիկին Թադեւոսյանը: Մեր հարցին, թե կարելի՞ է ասել, որ կուսակցությունն այլեւս պիտի իրականացնի Քոչարյանին ռեաբիլիտացնելու ծրագիրը եւ առաջիկա ընտրություններին ընդառաջ զուգահեռաբար հանդես գա որպես պահուստային ընդդիմություն՝ ՕԵԿ-ի փոխարեն, Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. "Եթե կան նման կասկածներ ու գնահատականներ, կան նաեւ իրական հիմքեր: Այլապես ի՞նչ գործ ունեին այդ մարդիկ "Ժառանգությունում", եթե կուսակցությունը շատ ավելի հին ու արժանի անդամներ ուներ, որոնք կուսակցության գաղափարների իրական նվիրյալներ են, արատավորված չեն, կուսակցությունից կուսակցություն չեն տեղափոխվել ու այս կամ այն գործչի ծառան չեն եղել: Բայց բացի մեկ-երկուսից, մնացած նոր անդամները անհայտ են ինչպես հանրությանը, այնպես էլ շարքային կուսակցականներին, ու թե ինչ զարգացումներ կլինեն, ցույց կտա ժամանակը: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին փոխարինելու մտայնությանը, ապա սա էլ չի բացառվում, որովհետեւ հակառակն ապացուցելու փաստարկներ չեն ներկայացվում": Զոյա Թադեւոսյանը վստահ է, որ կուսակցականները անհայտ անձանցով հագեցնելու նոր պրակտիկան հղի է վտանգներով այն իմաստով, որ կարող է ներքին խնդիրներ հարուցել: "Այդպիսի մարդիկ կարող են նաեւ չկայանալ որպես քաղաքական գործիչներ, որովհետեւ դժվար է դիմակայել գայթակղություններին: Պետք է կարողանալ չմեծամտանալ, ավելորդ ոգեւորություն չդրսեւորել, չհարստացնել ամբիցիաները: Այսինքն անցնել լուրջ ճանապարհ",-նկատում է տիկին Թադեւոսյանը: Մեր հաջորդ հարցին,  թե, այնուամենայնիվ, ինչպե՞ս կարող է զարգանալ կուսակցության հետագա գործունեությունը Ռոբերտ Քոչարյանի մարդկանցով համալրվելու պարագայում, Րաֆֆի Հովհաննիսյանին կհաջողվի՞ իրականացնել նախագահ դառնալու իր հավակնությունը` թե՞ Քոչարյանին նախագահ դարձնելու ուղղությամբ կաշխատեն, տիկին Թադեւոսյանը պատասխանեց. "Ավելի լավ կլինի, այդ Ռոբերտ Քոչարյանի անձը շատ չշոշափենք ու արհեստականորեն մենք էլ չվերակենդանացնենք նրան, որովհետեւ այդ մարդը քաղաքական դիակ է, մարդ, որը, ես անձամբ համոզված եմ, որ մեր նորագույն պատմության շրջանում մեր ժողովրդին գլխին ավելի մեծ փորձություն է բերել, այլ անձ չի արել նման բան: Թեպետ ինչ-որ տեղ մենք էլ էինք մեղավոր, որ ծնվեցին նման հրեշներ, ու այդ հրեշների ֆիզիկական գոյությունը անընդհատ հիշատակելու առիթ ենք տալիս հիմա էլ: Հաագայի դատարանը չէ, ժողովուրդն ինքն է վրեժխնդիր լինելու Քոչարյանից, այնպես որ, եկեք թողնենք, թող քաղաքական ու հասարակական  դաշտում շարունակի մնալ որպես դիակ: Իսկ եթե ակնհայտ դառնա, որ "Ժառանգությունն" իրականում փորձում է վերակենդանացնել նրան, ապա շատ ծանր կվճարի այդ քայլի համար, լուրջ կորուստներ կունենա, այդ թվում՝ անդամների",-կանխատեսում է ԺԻ նախաձեռնության առաջնորդ Զոյա Թադեւոսյանը: