ՀՀՇ համագումարին ընդառաջ

ՀՀՇ համագումարին ընդառաջ
ՀՀՇ համագումարին, որով կընտրվի կուսակցության նոր վարչության նախագահ ու կազմ, հաշված օրեր են մնացել: Իսկ մինչ այս "Հրապարակին" հայտնի դարձան Արարատ Զուրաբյանի ու Խաչատուր Քոքոբելյանի հրաժարականների վերաբերյալ նոր մանրամասներ: Ըստ այդմ, ՀՀՇ անունից Զուրաբյանն ու Քոքոբելյանը սեպարատ բանակցություններ են վարել վարչակազմի հետ` արտահերթ ընտրություններում ՀՀՇ-ին տեղեր տալու եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու ուղղությամբ: Ընդ որում հանդիպումներին, ըստ լուրերի, ինչ-որ կերպ աջակցել է նաեւ ամերիկյան դեսպանատունը, քանի որ դեռեւս մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում հայտարարել է, որ պատրաստ է գնալ զիջումների, եթե իրեն չխանգարի Հայ ազգային կոնգրեսը: Այս գործընթացը, մեր աղբյուրների հաղորդմամբ, նոր չէ, մեկ տարի առաջ է սկսվել, սակայն կողմերը պայմանավորվել են, որ դա մնալու է ներսում: Սակայն որոշ ժամանակ անց Քոքոբելյանը նման խոսակցություններ սկսել է վարել նաեւ Կոնգրեսի անդամ մյուս կուսակցությունների հետ, ինչը զայրացրել է Տեր-Պետրոսյանին: ՀԱԿ-ում համարում են, որ Քոքոբելյանին միացել են նաեւ վարչության անդամներ Մասիս Այվազյանը, Հովհաննես Ղազարյանը, Արարատ Զուրաբյանի նախկին տեղակալ Դավիթ Առաքելյանը: Ինչ վերաբերում է Արարատ Զուրաբյանին, ապա վերջինս, ըստ մեր աղբյուրների, չի մասնակցել բանակցություններին եւ քարոզչությանը, սակայն չի ցանկացել, որ կուսակցությունը պառակտվի: