Կումկուսը մեռավ, կեցցե Կոմկուսը

Կումկուսը մեռավ, կեցցե Կոմկուսը
ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցող չորս քաղաքական ուժերից միայն Արցախի կոմունիստական կուսակցությանը դարձյալ բախտ չվիճակվեց հաղթահարել 6 տոկոսի շեմը եւ գոնե 1 տեղ ստանալ ԱԺ-ում (ընդամենը 3054 ձայն էր ստացել կամ՝ 4,8 տոկոս)։ Կոմկուսի ղեկավարը, որ մինչ այդ զբաղեցնում էր ԼՂՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը, խորհրդարանական ընտրություններից առաջ, իր դիմումի համաձայն, ազատվել էր պաշտոնից՝ ամբողջովին ընտրարշավին "նվիրվելու" համար։ Արցախի լենինյանները մեծ սպասելիքներ ունեին այդ ընտրություններից, սակայն եղավ այն, ինչ եղավ. կոմկուսն աթոռ չստացավ խորհրդարանում, իսկ կուսակցության ղեկավարը մնաց անպաշտոն։ Կոմկուսը դարձյալ մնաց Արցախի քաղաքական կյանքի լուսանցքում, սակայն, բարեբախտաբար, չմոռացան ժամանակին "աշխարհի հիմքերը սասանող" երբեմնի հզոր այդ կուսակցության առաջնորդին (տվյալ դեպքում խոսքը տեղական ղեկավարի մասին է)։ Եւ ահա, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի ստորագրած ամենավերջին թարմ որոշմամբ Արցախի կոմկուսի ղեկավար Հրանտ Մելքումյանը նշանակվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ: Նրան անձամբ ճանաչողները վկայում են, որ Մելքումյանը, ի տարբերություն այլ կուսակցական ղեկավարների, հաճախակի է քննադատում ներքաղաքական կյանքում իշխանությունների վարած քաղաքականությունը։ Ինչպես ասում են՝ կոմկուսը մեռավ, կեցցե՛ կոմկուսը։



Վարդգես ՕՎՅԱՆ